«Գաղափարական ընկերներ ենք ու պատահական չենք հավաքվել, մեր համոզմունքների համար պայքարի դուրս եկած մարդիկ ենք»,- այսօր Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում իր ընկերների մասին ասաց «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը: Նա արդեն մոտ երկու ժամ է ելույթ է ունենում, եւ դատավորն էլ նրան չի կարողանում ընդհատել:
«Երբ ես եկա այն մտքին, որ Հայաստանում հեղափոխություն է պետք, դա իմ գիտակցության հասունացման հետ է ձեւավորվել, որովհետեւ ազգայնական գաղափարներով ձեւավորված մարդ եմ ու չեմ ընդունել հեղափոխությունը: Գիտակցում եմ, որ ոչ սոցիալական, ոչ քաղաքական հեղափոխություն չի կարող լինել, այլ կա միայն աշխարհընկալման հեղափոխություն: Ինչն էլ ուզում էի անել»,- շարունակեց Շանթ Հարությունյանը:
Հետո ասաց, որ նոյեմբերի 5-ի դեպքերով իրեն մեղավոր չի ճանաչում ու չի ճանաչելու. «Նայեցի մեր պատմությունը, Հռոմի պատմությունը ու հասկացա, որ պետք է հեղափոխություն անել: Մեզ ասում են, որ մենք կարող ենք գնալ ու պայքարել երկրի խունտաների դեմ: Ինչպե՞ս պայքարենք, գնանք գոռանք՝ դուք խունտա՞ եք: Ասում են՝ հա լավ ա, մենք խունտա ենք: Հեղափոխություն ասելով՝ նկատի ունեմ նաև ո՛չ դեմագոգությանը, ո՛չ ստին ու կեղծիքին: Թող իշխանությունը կանգնի ու ասի, որ ես չեմ տալիս իշխանությունը ու դուք էլ իրավունք չունեք ո՛չ ավտոմատով, ո՛չ էլ փետերով դուրս գաք պայքարեք: Ես ասում եմ՝ փետը խանութում ծախում են ու իմ իրավունքն ա, երբ դու իշխանությանը բռնանաս, ես փետը տամ գլխիդ»:
Կարդացեք նաև
Հետո ասաց, որ մինչ իր պապը, հայրը, հորեղբայրը հայրենիքի անկախության համար էին պայքարում. «Սերժը կոմսոմոլի կարիերա էր անում Ադրբեջանում: Եկել են, տեսել Հայաստանը անկախացել է, ղեկավար են դարձել: Եթե հեղափոխությունը հաղթի, իրենք են գալու, մենք դատենք, որոշենք՝ ում համաներում շնորհենք, ում՝ չէ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ