Այսօր Հրազդանի «Միկա Ցեմենտ» գործարանի բակում սպասողական վիճակ էր տիրում: Այն հարցին, թե արդյոք երկուշաբթի օրը չպիտի՞ լուծվեր ամիսներ ձգձգվող աշխատավարձերի խնդիրը, աշխատակիցներից մեկը պատասխանեց. «Քանի՜ երկուշաբթի ա անցել, արդեն հոգնել ենք»:
«Առավոտին» նաև հայտնեցին, որ տնօրինությունը խոստացել է հինգշաբթի վերջնական պատասխան տալ: Զրույցից պարզ դարձավ, որ կան մարդիկ, ովքեր 7-8 ամիս աշխատավարձ չեն ստացել, այնինչ գործարանի փոխտնօրեն Նաիրա Մարտիրոսյանը օգոստոսի 5-ին «Արմինֆոյին» տված հարցազրույցում նշել է, որ իրենք միայն վերջին 3-4 ամիսների պարտքը չեն մարել:
Աշխատակիցներն այս հարցին հումորով են մոտենում. «Բանվոր կա` ամեն օր խորոված ա ուտում, իսկ մեր ընկերը ձրի աշխատող ա. հաց չի ուտում, էրեխա չի պահում, կնոջը չի հագցնում»:
Կարդացեք նաև
Խնդրի լուծման հստակ ժամկետների մասին փորձեցինք խոսել գլխավոր տնօրեն Արթուր Մուրադովի հետ, որը փոխանցեց, թե հյուրեր չի սպասում և ասելիք չունի:
Տեղեկատվության ակնկալիքով կապ հաստատեցինք փոխտնօրեն Նաիրա Մարտիրոսյանի հետ: Վերջինս գործարանում չէր և իր խոսքով` տեղյակ չէ որևէ որոշումից:
ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ