Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. «Հետախույզները գալիս-գնում են, ոչ ոք չի իմանում, այս մեկը հատուկ էր արված»

Օգոստոս 13,2014 14:06

«Այն, ինչ կատարվում է, այնքան իրավական չէ, որքան քաղաքական: Կարեն Պետրոսյանի մասին խոսել են նաև ադրբեջանական լրատվամիջոցները, որ նա հոգնած է եղել, ուժասպառ և իր մոտ զենք չի եղել, ինչ նրանք արել են և նկարել են դա միջազգային կոնվենցիայի կոպիտ խախտում է»,-այսօր «Փաստարկ» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ-ի նախագահ Լարիսա Ալավերդյանը:

Նրա համար համոզիչ չէ այն, որ ադրբեջանցիներն ասում են, թե նա սրտի հետ կապված խնդիր է ունեցել ու շարունակեց. «90-ականներից սկսած՝ բոլոր խոշտանգումների արդյունքներին տալիս են այդ պատճառաբանությունը: Նա առողջ է եղել, սրտի հետ խնդիր չի ունեցել»:

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն պատճառաբանությանը, թե Կարեն Պետրոսյանը հնարավոր է վախից է մահացել, տիկին Ալավերդյանն ասաց. «Այդ ի՞նչ է տեղի ունեցել, որ մարդ վախից մահացել է»:

Հարցի քաղաքական կողմի մասին խոսելով՝ Լարիսա Ալավերդյանն ասաց. «Ամենավատ դերակատարությունը իրականացնում է կոնկրետ Ջեյմս Ուորլիքը, իսկ նրա մեջքին կանգնած է ԱՄՆ: Նրանց հետաքրքիր չէ ինչ կլինի Հայաստանի, Ադրբեջանի հետ»:

Տիկին Ալավերդյանի կարծիքով՝ այս հարցերին ՀՀ պաշտոնական մարմինները պետք է իրավական ընթացք տան և այդ մասին բարձրաձայնեն բոլոր միջազգային հարթակներում, որտեղ գրանցված են և′ Հայաստանը, և′ Ադրբեջանը:

Aravot.am-ի հարցին՝ արդյոք այս ուղղությամբ ՀՀ ԱԳ նախարարության աշխատանքը բավարա՞ր է, Լարիսա Ալավերդյանը պատասխանեց. «Ես ավելի քան պահանջատեր եմ հանդես գալիս այս տարիների ընթացքում մեր ԱԳՆ-ի հանդեպ, քան որևէ այլ անձ: Այնպես չէ, որ ԱԳՆ-ն որևէ բան չի անում, ուղղակի այստեղ խոսքը կոնցեպցիայի բացակայության մասին է, կոնցեպցիա, որը մեր նախարարությունը կդարձնի ակտիվ գործող մարմին: Պետք է լինի գոնե ինչ-որ ճանապարհային քարտեզ, որ ԱԳՆ-ի աշխատանքն ավելի ակտիվ դարձնի: Մեր խոսելու լեզուն պետք է փոխվի»:

Շարունակելով նույն թեման՝ տիկին Ալավերդյանն ասաց. «Հայկական պաշտոնական մարմինները պետք է հանդես գան ոչ միայն հայտարարություններով, այլ ուղղակի քայլեր ձեռնարկեն: Տասնհինգ տարի առաջ դժվար էր պատկերացնել, որ Ադրբեջանը այդպես լկտիաբար իրեն պահեր միջազգային ատյաններում: Մենք վերջին տասնհինգ և ավելի տարիների ընթացքում տանուլ ենք տվել՝ ոչինչ չանելով, գտնելով, որ ամեն ինչ լուծում են նավթային շահերը: Մենք չպետք է ուրախանանք պուտինյան հանդիպման՝ հայկական կողմից բավականին արժանապատիվ հանդես գալով, ավելին, որ դա աշխատում է միայն հօգուտ Ռուսաստանի: Պուտինն ուներ խնդիր ապացուցելու ԱՄՆ-ին, որ առնվազն այս տարածքում ինքն ունի այն ուժը, որ հրավիրի նախագահներին հանդիպման»:

Կրկին անդրադառնալով գերեվարված ու սպանված Կարեն Պետրոսյանի հարցին՝ տիկին Ալավերդյանը կարծիք հայտնեց, թե այս հարցում միջազգային «Կարմիր խաչի» կոմիտեից որևէ կոշտ ակնկալիքներ չպետք է ունենանք: Որպես հարթակ ՀՀ-ի կողմից կոնկրետ փաթեթով հանդես գալու համար կարող են լինել օրինակ՝ ԵԽԽՎ-ն, ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն:

Հարցին՝ արդյոք Ադրբեջանին կհաջողվի՞ ներկայացնել ՀՀ ներթափանցած ադրբեջանցի դիվերսանտներին որպես ռազմագերիներ, Լարիսա Ալավերդյանը պատասխանեց. «Ադրբեջանն այլ խնդիր է դնում, նա դնում է քաղաքական խնդիր: Նա հնչեցրել է այն թեզը, թե ո՞վ է ճանաչել Արցախը, որ ով պետք է ճանաչի նրա դատարանների, պետական իշխանության լիազորությունները: Այստեղ է թաղված շան գլուխը: Կարծում եմ՝ այս դիվերսիան քաղաքական դիվերսիա էր, թե չէ հետախույզները գալիս-գնում են, ոչ ոք չի իմանում այդ մասին, իսկ այս դեպքը հատուկ արված քաղաքական դիվերսիա էր, որ ևս մեկ անգամ հնչեցվեր, որ որևէ մեկի կողմից չճանաչված քաղաքական իշխանության այս կամ այն թևը ինչպե՞ս պետք է դատի ճանաչված երկրի քաղաքացուն»:

Տիկին Ալավերդյանը նաև տեղեկացրեց, որ գերեվարված Մամիկոն Խոջոյանի
հարցով Եվրոպական դատարան դիմելու գործընթացը վերջին փուլում է, նյութերը վերանայվում ու շտկվում են:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031