Լրահոս
Օրվա լրահոսը

«Հուշարձանի տարածքում փակ միջոցառման դեպքում պետք է նախօրոք զգուշացնել զբոսաշրջիկներին, որ չգան»

Օգոստոս 13,2014 14:02

ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ պետք է այնպիսի միջոցներ ձեռնարկվեն երկրում, որպեսզի զբոսաշրջիկների համար պատմամշակութային հուշարձանները լինեն գրավիչ, դրանցից ստացած տպավորությունները տարածվեն աշխարհով մեկ։ Նա նաեւ առաջարկում է ստեղծել ազգային բրենդ։

Aravot.am-ը պրն Ապրեսյանի այս խոսքերից հետո հարցրեց՝ իսկ եթե նպատակ կա պատմամշակութային հուշարձանները դարձնել գրավիչ զբոսաշրջիկների համար, ապա մի քանի ամիս առաջ Զվարթնոց եւ Գառնի հուշարձանների տարածքում կազմակերպած խնջույքները չե՞ն վանի զբոսաշրջիկներին, պրն Ապրեսյանը պատասխանեց, որ հուշարձան պահպանելու ամենալավ միջոցը՝ այն արդյունավետ օգտագործելն է. «Խնդիրը այստեղ ոչ թե անել-չանելու մեջ է, այլ դրա ձեւի մեջ է»։

Պրն Ապրեսյանը կարծում է, որ հուշարձանների տարածքում կարելի է կազմակերպել միջոցառումներ, սակայն դրանք պետք է նպաստեն զբոսաշրջության զարգացմանը. դրանք կարող են լինել կոնֆերանսներ, մշակութային միջոցառումները. «Պատմամշակութային հուշարձանների տարածքում կարելի է միջոցառումներ կազմակերպել, սակայն դա պետք է լինի սահմանված կարգով։ Եթե հարցը դրվում է, կարելի է, թե ոչ, ապա կարելի է»։

Մեր այն դիտարկմանը, թե կարելի՞ է կազմակերպել փակ միջոցառումներ պատմամշակութային հուշարձանների տարածքում, պրն Ապրեսյանը պատասխանեց. «Այո, ինչո՞ւ ոչ, բայց դրանք պետք է լինեն սահմանված կարգով։ Փակ միջոցառման համար պետք է ժամը ճիշտ ընտրել, նաեւ նախապես հանրությանը տեղեկացնել, որպեսզի նրանք նախօրոք չպլանավորեն այնտեղ գնալ։ Փակ միջոցառումն էլ կարող է արդյունավետ լինել»։

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031