Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը ՌԴ-ի շուկայի համար գոյություն չունի

Օգոստոս 13,2014 12:44

Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը կարծում է, որ սեպտեմբերին արդեն Հայաստանի վրա կտեսնենք Ռուսաստանում այս օրերին տեղի ունեցող իրադարձությունների բացասական հետեւանքները՝ տրանսֆերտների կրճատման տեսքով: Այսօր «Անալիտիկ» ակումբում տնտեսագետն ասաց, որ այս տարվա առաջին եռամսյակում Ռուսաստանից արդեն 70 միլիարդ դոլարի կապիտալի արտահոսք է եղել՝ Եվրամիության եւ ԱՄՆ-ի՝ ՌԴ-ի նկատմամբ կիրառած սանկցիաների արդյունքում:

«ԱՄՆ եւ Եվրամիության երկրները փորձեցին ֆինանսական գործիքների կիրառմամբ Ռուսաստանին վնաս հասցնել: Ամերիկացիներն ու եվրոպացիներն
իրենց ռեզիդենտ կազմակերպությունների միջոցով փորձեցին դեպի Ռուսաստան հոսքերը սահմանափակել: Սա չէր կարող ազդեցություն չունենալ ՌԴ-ի վրա, որովհետեւ դոլարից կախվածությունը Ռուսաստանի տնտեսության մեջ մեծ է»:

Ըստ պարոն Խաչատրյանի, Ռուսաստանն էլ ի պատասխան որոշեց այլ ճանապարհով պատժամիջոցներ կիրառել՝ սահմանափակելով գյուղմթերքների ներկրումը. «Առանձին երկրների համար սա ահագին մեծ վնաս է, որովհետեւ օրինակ՝ Ֆինլանդիան իր կաթնամթերքի ու գյուղմթերքի մեծ մասը իրացնում էր ռուսական շուկայում: Եվրամիության, համեմատաբար, քիչ զարգացած երկրներում իրավիճակը սրվել է եւ այս երկրները ԵՄ-ից փոխհատուցում են խնդրում: Փոխադարձաբար կիրառված տնտեսական պատժամիջոցների երկու կողմին էլ բավականին մեծ վնասներ տվեցին»:

Տնտեսագետի խոսքերով, Եվրամիություն ու Ռուսաստանը մեր գլխավոր տնտեսական գործընկերներն են եւ այստեղ եղած խնդիրները չեն կարող ազդեցություն չունենալ մեր տնտեսության վրա: Տնտեսագետը հիշեցնում է, որ Հայաստան եկող տրանսֆերտների ճնշող մեծամասնությունը Ռուսաստանից, ԱՄՆ-ից ու եվրոպական շատ երկրներից է, որը շղթայական ազդեցություն կունենա:
Կառլեն Խաչատրյանը կարծում է, որ այս իրավիճակը կարող է մեր գյուղարտադրանքի համար ճանապարհ բացել դեպի ռուսական շուկա:

Aravot.am-ի հարցին, թե այս օրերին բուռն քննարկվում է Ռուսաստանի պարենային անվտանգության խնդիրը լուծելու հարցը, սակայն Հայաստանի անունը ոչ մի արտադրանքի մասով չի շոշափվում, մինչդեռ ռուսական իշխանությունները լատինաամերիկյան երկրների հետ մեկտեղ դիտարկում են Ադրբեջանից արտադրանք ստանալու հարցը եւս, պարոն Խաչատրյանն ասաց.
«Մեր երկիրը փոքր է եւ չի կարող նույնիսկ կեսի կեսով բավարարել դեպի Ռուսաստան արտահանվող գյուղմթերքների ծավալը: Այդ պատճառով էլ Ռուսաստանն այդ հարցով իր ուշադրությունը կենտրոնացնում է առավել խոշոր երկրների վրա: Ռուսաստանը արտասահմանից 6-7 միլիարդ դոլարի մսամթերք է ներմուծում: Ես խոսում եմ երկարաժամկետ պլանավորված գործողությունների մասին, որպեսզի կարողանանք մեծ քանակի արտադրանք թողարկել»:

Մեր այն հարցին էլ, թե արդյոք մեր գյուղացին պատրա՞ստ է այդ ծավալի ապրանք արտադրել, հատկապես, որ նրա բերքը, կենդանիների ֆերմաներն ապահովագրված չեն բնական աղետներից ու հիվանդություններից, պարոն Խաչատրյանն ասաց, որ այդ հարցում անհրաժեշտ է «պետության, կառավարության գործուն միջամտությունը»:

Տնտեսագետը նաեւ ասաց, որ Ռուսաստանն այդ պատժամիջոցները կիրառելով վնասում է սեփական տնտեսությունը, որովհետեւ այդ երկրում արդեն գյուղմթերքի գների աճ է նկատվում. «Այսօր բարդ է ասել` Ռուսաստանի տնտեսությունն ավելի շատ կտուժի, թե ԵՄ երկրները, մի բան միայն պարզ է, որ այս պատժամիջոցների արդյունքում Եվրամիության շատ երկրներում մարդիկ զգում են իրենց վրա, նրանք աշխատանք են կորցնում, նման դժգոհություններ Ռուսաստանում չկան, բայց 7 միլիարդ դոլարի կորուստը շոշափելի չի կարող չլինել: Սա կշարունակվի այնքան, մինչեւ մի կողմի մոտ ռեզերվի պակաս նկատվի ու նա կթուլացնի պատժամիջոցների կիրառումը»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031