Նա ջանք և միջոցներ չխնայեց քստմնելի մարդասպան՝ Ռամիլ Սաֆարովին (այս նողկալի վախկոտ ադրբեջանցին Բուդապեշտում 2004թ փետրվարի 19-ին քնած վիճակում 16 անգամ կացնահարելով սպանեց հայ լեյտենանտ՝ Գուրգեն Մարգարյանին) Հունգարիայից Ադրբեջան տեղափոխելու համար, իսկ այնուհետև արդարացրեց նրան, բարձրացրեց նրա կոչումը և հերոսի կոչում տվեց: Այսքանից հետո ինչպե՞ս անվանենք նրան, եթե ոչ մարդասպան:
Հաճախելով խորհրդային դպրոց, Մոսկվայի Միջազգային Հարաբերությունների Ինստիտուտ, այնուհետև ասպիրանտուրա, նա ոչինչ չսովորեց և բոլորովին չի փոխվել. մնացել է նույն արյունախում վայրենին: Իլհամ Ալիևի այդ արարքից հետո աշխարհի ոչ մի երկիր չպետք է նրա հետ հարաբերություններ ունենար, իսկ առաջին հերթին Հայաստանն ու Արցախը: Ես կասկածում եմ, որ նույնիսկ նրա հայրը՝ Հեյդար Ալիևը հավանություն չէր տար նրա այս ոչ պակաս քստմնելի արարքին:
Նրա վայրագ, սադիստական բնույթը հաշվի չառնելով շատ առաջավոր երկրներ նրան պարգևատրել են տարբեր տեսակի պատվո շքանշաններով, օրինակ՝ Ռումինիան, Վրաստանը, Լեհաստանը, Ֆրանսիան, Ուկրաինան, Հունաստանը, Լատվիան, Ռուսաստանը, Բելառուսը, Բուլղարիան, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Հարավային Կորեան, չհաշված մուսուլմանական երկրները: Մի՞թե կարելի է պարգևատրել այդպիսի բարբարոսին, ով օրն ի բուն թշնամություն է սերմանում հարևան քրիստոնյա երկրի նկատմամբ:
Զարմանալի է չէ՞, որ շատ առաջավոր երկրներ նրան շնորհել են իրենց առաջավոր համալսարանների պատվավոր դասախոսի կոչումներ: Այդ համալսարանները չե՞ն մտածում իրենց վարկանիշի մասին: Այդ համալսարանների թվում են նաև, ինչքան էլ զարմանալի չլինի, Ֆրանսիան, Ռուսաստանը, Ամերիկայի Միացյալ Նահանգները, այսինքն` այն երկրները, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ Մինսկի խումբը: Ի՞նչ կարող է նա սովորեցնել կամ քարոզել բացի ատելությունից, կամ անմեղ մարդկանց կտտանքների ենթարկելու բարբարոսական մեթոդներից: Միթե՞ այդ է նրանց ուզածը:
Կարդացեք նաև
Նա անկասկած նաև լուրջ հոգեկան խնդիրներ ունի: Միթե՞ վախկոտին հերոսի կոչում են տալիս: Ըստ երևույթին Ալիևին հատկապես դուր է եկել Սաֆարովի հազվագյուտ դաժանությունը: Փաստորեն նա ինքն էլ էությամբ այդպիսին է և չի ամաչում դա փաստելով: Նա կամովին դարձել է չափազանց մի դաժան մարդասպանության մեղսակիցը: Նա այդ քայլով միաժամանակ արժեքազրկեց հերոսի կոչումն Ադրբեջանում:
Ես համոզված եմ, որ վերջերս գերեվարված 31-ամյա խաղաղ բնակչին նրա հրամանով են տանջամահ արել: Խեղճը մեկ օրից ավելի չդիմացավ ադրբեջանական գերության մեջ: Լինելով պարտված երկիր՝ իրեն այնպես է պահում կարծես իր հրամանատարության և քաջության շնորհիվ հաղթել է արցախյան պատերազմում, իսկ փաստ մնում է փաստ, որ նա նույն վախկոտն ու արյունախում գազանն է, ինչպիսին Սաֆարովն է, քանի որ նա ընդունում է կռվելու միայն սաֆարովյան ոճը:
Հայաստանի նախագահը, ինչպես նաև Արցախի նախագահը պետք է պաշտոնապես հայտարարեին նրա մարդասպան լինելու մասին: Բողոք ներկայացնեին ԵԱՀԿ Մինսկի խմբին, մեծ տերությունների դեսպանատներին այդ մասին և հրաժարվեին Ադրբեջանի կողմից Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններն անցկացնել նրա հետ և նույնը պահանջեին մեծ տերություններից և ԵԱՀԿ Մինսկի խմբից: Մի՞թե պարզ չէ, որ եթե Արցախը բանակցությունների արդյունքում աստված մի արասցե հայտնվի Ադրբեջանի կազմում, ապա Գուրգեն Մարգարյանի բախտին կարժանանա:
Ինչո՞ւ է ԱՄՆ, Ռուսաստանը և Եվրոպան բանակցում այս հարցով նրա հետ: Նրանց համար էլ սա պետք է վիրավորական և անընդունելի լինի: Նրա փոխարեն բանակցություններին պետք է մասնակցի մեկ ուրիշն Ադրբեջանից, ով բոլորովին էլ հիացած չի եղել Ալիև-Սաֆարով մարդասպան զույգից, իսկ այդպիսիները կան Ադրբեջանում, ես համոզված եմ:
Վերջերս Պուտինը, հրավիրելով Ալիևին Սոչի ինքն իրեն անհարմար վիճակի մեջ դրեց: Մի՞թե նա չգիտի այս բոլորը, և արդյոք նա դրանով ստվեր չի՞ գցում իր հեղինակության վրա: Արդեն զենք վաճառելով հակամարտող կողմերից մեկին, անկասկած ընկել է, թե Ռուսաստանի, և թե նրա նախագահի հեղինակությունը: Ինչպե՞ս է Պուտինը հանդիպման ժամանակ սեղմել նրա արյունոտ ձեռքը:
Չի կարելի մի կողմից զինել հակամարտող կողմին մյուս կողմից խաղաղ բանակցության առաջարկ անել: Ալիևը ոչ միայն հոգով մարդասպան է այլ նաև Ադրբեջանի ժողովրդի թիվ մեկ թշնամին, քանի որ անօրինական կերպով զավթել է հորից մնացած իշխանությունը և անխնա շահագործելով իր ժողովրդին դարձել է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը:
Զազրելի մարդասպան՝ Ռամիլ Սաֆարովը լինելով Ադրբեջանի ազգային հերոս, կարող է դառնալ Ադրբեջանի Պաշտպանության նախարար կամ նույնիսկ իր թեկնածությունը դնել նախագահական ընտրությունների ժամանակ: Մի՞թե դեպքերի նման զարգացումների դեպքում էլ Հայաստանը և ԵԱՀԿ Մինսկի խումբը կամ մեծ տերությունները կհամաձայնվեն նրա հետ էլ բանակցություններ վարել Արցախի խաղաղ կարգավորման հարցում կամ ընդհանրապես գործ ունենալ նրա հետ: Կամ արդյոք Ադրբեջանի ժողովուրդը կհանդուրժի՞ դա:
Մարտին ՇԻՐԻՆՅԱՆ