Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Աբրահամյանն արեց այն, ինչը պետք է աներ երկրից բացակայող գլխավոր գերագույն հրամանատարը. «Ժողովուրդ»

Օգոստոս 13,2014 11:20

Իշխանական ճամբարում բացահայտ պայքար է սկսվել, թե ով է դառնալու Սերժ Սարգսյանի իրավահաջորդը: Ներկուլիսային այդ խմորումներն ակներեւ դարձան հատկապես սահմանին տեղի ունեցած միջադեպերի համատեքստում:

Ակնհայտ է, որ կաղ բադիկի սինդրոմը Սերժ Սարգսյանի մոտ ժամանակից շուտ է սկսվել, եւ այն գնալով ավելի է խորանում։ Նախագահական ընտրություններից մեկ ու կես տարի է անցել, բայց իշխանության ներսում Ս. Սարգսյանը կամաց-կամաց կորցնում է ազդեցությունն ու վերահսկողությունը։ Իսկ սահմանային միջադեպերի ժամանակ Ս. Սարգսյանի պահվածքը ցույց տվեց, որ նա իրողություններին համարժեք չի արձագանքում, հակառակ այդ օրերին սահմանին աճող լարվածությանը, նա գերադասեց մեկնել Բելգիա՝ մասնակցելու Առաջին աշխարհամարտի 100-ամյակի միջոցառումներին։

Մինչդեռ, Սահմանադրությամբ երկրի գլխավոր-գերագույն հրամանատարը պարտավոր էր լինել երկրի ներսում, հարկ եղած դեպքում՝ անձամբ այցելել սահմանամերձ գյուղեր ու զորամասեր։ Իսկ օտարերկրյա պետությունների ղեկավարներին սահմանային միջադեպերը նա կարող էր ներկայացնել ոչ թե Բելգիայում, այլ՝ հեռախոսով կամ էլ ԱԳ ղեկավարությանն ու դեսպաններին համապատասխան հանձնառությամբ գործուղելով։

Եվ այդ օրերին, ինչպես հիշում եք, Հայաստանում միայն երկու պաշտոնյա էր ակտիվ գործունեություն ծավալում՝ վարչա֊պետ Հովիկ Աբրահամյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Ընդ որում, նրանցից յուրաքանչյուրն իրեն անուղղակի կերպով նաեւ նախագահական որոշակի գործառույթներ էր վերապահել, պահվածք, որն ամենեւին էլ պատահական չէր, եւ անուղղակի կերպով ի ցույց դրեց նրանց թաքուն նկրտումները։ Մանավանդ որ այդ ընթացքում նրանք փորձեցին անուղղակի կերպով խանգարել իրար։

Հրադադարի խախտումներից ու դիվերսիաներից հետո Հովիկ Աբրահամյանը պարբերաբար մեկնում էր Տավուշի մարզ՝ գնդակոծության ենթարկված սահմանամերձ գյուղեր, առաջին գծում տեղակայված զորամասեր։ Նա մասնակցեց նաեւ սահմանին զոհված հայ զինծառայողի թաղմանը։ Աբրահամյանը նույնիսկ մի քանի հայտարարություն արեց ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ Ադրբեջանին նախազգուշացնելով. «Մենք չենք վախենում պատերազմից եւ պատրաստ ենք մեր հողն ու ջուրը պաշտպանել։ Ուղղակի 21-րդ դարում պատերազմով խնդիր լուծելը խելամիտ որոշում չէ, սակայն մենք նաեւ պարտավոր ենք մեզ պարտադրված պատերազմն ընդունել եւ հաղթել»։

Հետո նա փորձեց մտնել քաղաքական դաշտը միավորողի կերպարի մեջ. պատգամավորների հետ նա մեկնեց Ղարաբաղ՝ առաջին գիծ, նույնիսկ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ գիշերեց խրամատներում։ Ասել է թե՝ Աբրահամյանն արեց այն, ինչը պետք է աներ երկրից բացակայող գլխավոր գերագույն հրամանատարը։ Ընդ որում, այս բոլոր գործողություններն արվում էին նախագահական քարոզարշավ հիշեցնող PR-ի համակցությամբ։

Նույնկերպ իրեն պահեց նաեւ Սեյրան Օհանյանը. ընդ որում, նա ստանձնել էր միանգամից մի քանի գործառույթ, նա հանդես եկավ ոչ միայն որպես պաշտպանության նախարար, այլեւ՝ որպես ԱԳ ու առողջապահության նախարար, համենայն դեպս, Օհանյանն այդ օրերին զբաղված էր ոչ միայն բանակի խնդիրներով, այլեւ՝ ակտիվ դիվանագիտական շփումների մեջ էր օտարերկրյա դեսպանների հետ՝ հանդես գալով համատեղ հայտարարություններով:

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ceyran says:

    Ձեր կարծիքով վարչապետը այն պաշտոնն? չէ,որ ինքնուրույն որոշում կայացնի ուր այցելել և ինչ հայտարարել,թե? պառակտում Եք մտցնում իշխանական բուրգերի միջև:
    Մյուս կողմից,եթե նախագահը չմասնակցեր վերը նշված միջոցառմանը կհետևեր մեղադրանքներ,թե տեսեք նախագահը չի մասնակցել այն միջոցառմանը,կամ նրան չեն հրավիրել,այն դեպքում,երբ առաջին աշխարհամարտում հայերը նույնպես մասնակցություն են ունեցել և ցեղասպանության են ենթարկվել և այլն,և այլն…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031