ՀՀ պաշտպանության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում հերքեց Վայոց ձորի մարզում դիվերսանտների ներխուժման մասին տեղեկությունները:
Նա գրել է. «Դիվերսիոն խմբի ներթափանցման մասին տեղեկությունները կեղծ են եւ չեն համապատասխանում իրականությանը: Բանն այն է, որ ՀՀ ԶՈւ-երի որոշ ստորաբաժանումներ իրականացրել են զորավարժություններ: Սակայն նկատենք, որ հերթական անգամ ականատես եղանք, թե ինչպես է լրատվամիջոցը, իր նեղ շահերից ելնելով, ապատեղեկատվություն տարածում, որի ընթացքում կարող է նաև հրապարակել պետական գաղտնիք, դրանով օգնելով հակառակորդին մարտական իրավիճակում կամ տեղեկատվական դաշտում հասնել առավելության մեր նկատմամբ: Բազմիցս կոչ ենք արել զերծ մնալ նման ապատեղեկատվություն տարածելուց, ճշտել տեղեկությունները և միտումնավոր կամ անզգուշաբար չօգնել թշնամուն: Ռազմական գործողությունների կամ զորավարժությունների մասին տեղեկությունները որոշակի գաղտնիք են պարունակում, որոնց հրապարակումը կարող է լրջորեն վնասել գործողության հաջողությանը՝ վտանգի ենթարկելով անգամ մարդկանց կյանքը»: