Լրահոս
Օրվա լրահոսը

Շահեր, խաղաքարտեր եւ զենքեր

Օգոստոս 13,2014 12:50

Տարածաշրջանի վերջին իրադարձությունները շաղկապված են միմյանց հետ

21-րդ դարի քաղաքականության մեջ գաղտնի դավադրություններ չկան: Չկան մեզ անհայտ «ուժի կենտրոններ»: Չկան նաեւ «արդար» եւ «անարդար» պետություններ: Կան խաղաքարտեր, եւ կան շահեր, որոնք այդ քարտերի միջոցով պետությունները փորձում են առաջ տանել: Այդ տարրական կանխադրույթից ելնելով՝ պարզ է, որ բոլոր իրադարձությունները շաղկապված են իրար հետ: Այդ թվում՝ վերջին օրերին մեր տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունները:

Եվ այսպես. շաբաթ-կիրակի օրերին Վլադիմիր Պուտինը հանդիպեց նախագահներ Սարգսյանի եւ Ալիեւի հետ ու «կիսաբարիշացրեց» նրանց: Ռուսաստանի ղեկավարի համար կարեւոր էր եւս մեկ անգամ շեշտել, որ այս տարածաշրջանում իր երկիրը շարունակում է առանցքային դեր խաղալ, անկախ նրանից՝ դուր է գալիս որեւէ մեկին, թե ոչ: Հայաստանը չի կարող հրաժարվել Ռուսաստանի հովանուց՝ բազմաթիվ իրական եւ «բարդութային», բնական եւ «արհեստածին» (20 տարվա արտաքին քաղաքականության սխալների) պատճառով:

Ադրբեջանը չի կարող հրաժարվել Ռուսաստանի միջնորդությունից՝ նախեւառաջ Ղարաբաղի պատճառով: Դրա ածանցյալ խնդիրն այն է, որ քիչ թե շատ լուրջ ռազմական դիմակայության դեպքում ոչ ոք չի կարողանա ապահովել Ադրբեջանով անցնող նավթատարների անվտանգությունը: Մանավանդ՝ հաշվի առնելով, որ նավթի եւ գազի հարցերում Ադրբեջանը կարող է դառնալ Ռուսաստանի մրցակիցը:

Նավթն ու գազը մի կողմից՝ ուժի (հարստության), մյուս կողմից՝ թուլության աղբյուր են: Եվ ոչ միայն անկայուն վիճակում խոցվելու պատճառով: Արեւմտյան Եվրոպան կարող է քաղաքական պատճառներով հրաժարվել կամ զրկվել ռուսաստանյան գազից, իսկ Ուկրաինան կարող է գազը չտեղափոխել Եվրոպա:

Դա վատ է բոլորի համար. որոշ եվրոպական երկրներ, եթե ռուսաստանյան գազին այլընտրանք չգտնեն, «կմրսեն»: Իսկ Ռուսաստանը, եթե ուրիշ «մուշտարիներ» եւ տեղափոխման այլ ուղիներ չգտնի, կզրկվի իր եկամուտների զգալի մասից, քանի որ այդ պետությունը վաճառելու այլ ապրանքներ (որոնք կապված են մտքի, տեխնոլոգիաների, արտադրական մշակույթի հետ) չունի:

Ռուսաստանի բնական դաշնակիցն այս հարցերում կարող է լինել Իրանը: «Արեւմուտքից տուժածները» օրերս պայմանագիր են ստորագրել, ըստ որի՝ Իրանը Ռուսաստանին կվաճառի հում նավթը, իսկ ստացած եկամուտից նույն երկրից ձեռք կբերի տեխնոլոգիաներ, որոնք կօգնեն նոր նավթահորեր փորել: Դրանով, իհարկե, խախտվում է Իրանի դեմ պատժամիջոցների միջազգային համակարգը, բայց Ռուսաստանին այդ խնդիրն այլեւս, հավանաբար, չի հուզում, քանի որ ինքն էլ է ընկել պատժամիջոցների տակ: Ծովի մեջ մտածն անձրեւից չի վախենում:

Բայց Իրանը որքան Ռուսաստանի դաշնակիցն է, այնքան էլ մրցակիցը, որովհետեւ ինքն էլ է ուզում գազ վաճառել եվրոպացիներին, որոնք գուցեեւ զրկված կլինեն ռուսական գազից: Եվ ահա վերջերս Իրանը հայտարարել է, որ պատրաստ է իր գազը մատակարարել Եվրոպա, եւ ամենահարմար ճանապարհն այդ առումով «Նաբուկոն» է՝ գազատարի նախագիծ, որը պետք է տեղափոխեր թուրքմենական եւ ադրբեջանական գազը Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա, բայց որի շինարարությունը հետաձգվել է մինչեւ 2018 թվականը:

Իրանցի պաշտոնյաների խոսքերով՝ եվրոպական երկրներն արդեն իսկ իրենց հետաքրքրությունն են արտահայտել այս նախագծով: Իհարկե, գազը կարող է տեղափոխվել նաեւ Իրաքով եւ Սիրիայով, բայց դե, ինքներդ գիտեք, թե ինչ է այդ երկրներում կատարվում: Իրանցիները, որքան հասկանում եմ, չեն բացառում նաեւ Հայաստան-Վրաստան-Սեւ ծով ճանապարհը, բայց արդեն ասացի, որ դա «Գազպրոմի» եւ, հետեւաբար, Ռուսաստանի շահերին դեմ գնացող նախագիծ է:

… Իր թուրքամետ հայացքներով հայտնի ամերիկացի քաղաքագետ Փոլ Գոբլը վերջերս գրել է, որ Ռուսաստանի համար Ադրբեջանը գին է, Վրաստանը՝ ճանապարհ, իսկ Հայաստանը՝ զենք: Եթե դրա մեջ կա ճշմարտության հատիկ, ապա դա լավ չի: Ավելի լավ է ճանապարհ լինել:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

12.08.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031