Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մարդիկ կան, որ Խոսրովի արգելոցում գերեզմաններ ունեն

Օգոստոս 13,2014 14:45

Փոքր հիդրոէլեկտրակայանների (ՓՀԷԿ) պատճառով Հայաստանում առաջացել է ջրային ռեսուրսների գերօգտագործում: Սա փաստում է նաեւ բնապահպանության նորանշանակ նախարար Արամայիս Գրիգորյանը: Նախարարը շրջելով հանրապետության այն բնակավայրերում, որտեղ փոքր ՀԷԿ-եր են կառուցված, համոզվել է, որ դրանք բնապահպանական եւ սոցիալական խնդիրներ են առաջացնում, քանի որ, ինչպես նախարարն է նշում, ՀԷԿ-երի սեփականատերերը չարաշահում են բնապահպանական թողքերը, այսինքն՝ նախատեսվածից ավելի ջուր են վերցնում, ինչն էլ հանգեցնում է շրջակա միջավայրում սակավաջրության:

Երեկ «Առավոտը» բնապահպանության նախարարից հետաքրքրվեց, թե արդյոք չպե՞տք է փոփոխվեն էկոլոգիական թողքի վերաբերյալ կառավարության որոշումները, որոնցով փոքր ՀԷԿ-երին թույլատրվում է գետից խողովակի մեջ վերցնել 90 տոկոսից ավելի ջուր: Նշենք, որ էկոլոգիական չափանիշներով գետից 20 տոկոսից ավելի ջրառը բերում է գետի ճգնաժամային վիճակի, իսկ 40 տոկոսից ավելին՝ աղետալի վիճակի: Ներկայումս մեր երկրում 3 գետ աղետալի վիճակում են:

Aramayis Grigoryan 1

Ի պատասխան՝ պարոն Գրիգորյանն ասաց. «Ժամանակին, եթե շատ ջուր է իրենից պարունակել, տրվել է թույլտվություն, եւ մարդն էլ վերցրել է այդքան ջուր եւ կարողացել է իրականացնել իր գործունեությունը: Բայց սակավաջրության ժամանակ մենք ունենում ենք լուրջ խնդիրներ, եւ դրանից ելնելով, բնականաբար, մենք նոր մոտեցում ենք որդեգրել՝ հրավիրելու ենք բոլոր ՀԷԿ-երի սեփականատերերին, որպեսզի վերանայենք ջրի հետ կապված խնդիրները, բայց ինչ վերաբերում է էկոլոգիական թողքերին, ապա դրանք, միանշանակ, պիտի պահպանվեն: Անկախ նրանից՝ ջրի քանակը նվազել է, թե չի նվազել, մենք պետք է կարողանանք, բնապահպանական այս խնդիրը լուծել»:

Համաձայն փորձագետ Վիկտորյա Բուռնազյանի ուսումնասիրության՝ նորմայի սահմանում գտնվող 28 գետից 4-ը՝ Արտավանը, Խաչարձանը, Ծավ գետը, Արգիճին,
մոտ են ճգնաժամային վիճակի:

Պարոն նախարարը մխիթարվում է նրանով, որ սակավաջրությունից բողոքում են նաեւ հարեւան պետությունները. «Սակավաջրությունը ոչ միայն Հայաստանում է, դրանից բողոքում են ե՛ւ Իրանի Իսլամական Հանրապետությունը, ե՛ւ Ադրբեջանը, ե՛ւ Վրաստանը, այնպես որ՝ լուրջ վերանայում պետք է անենք ՀԷԿ-երի հետ կապված»:
Օգոստոսի 14-ին բնապահպանության նախարարությունում քննարկվելու է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» օրենքը, որով նախատեսվում է շրջակա միջավայրին վերաբերող նախագծերի փորձաքննությունների վերաբերյալ եզրակացություններում առաջնահերթությունը տալ բնակիչների կարծիքին ու ցանկությանը:

Ըստ Արամայիս Գրիգորյանի. «Ոնց որ բնակիչը ցանկանա, այնպես էլ անելու ենք, իսկ եթե այնպիսի իրավիճակ առաջանա, որ դա մեր երկրի համար շատ կարեւոր է, ապա ինքներս կգնանք մի քանի անգամ եւ կփորձենք հասկանալ բոլոր խնդիրները: Միեւնույն ժամանակ պետք է այնպես լինի, որ հանքարդյունաբերողը լիարժեք օգտագործի իր հնարավորությունները եւ իր ներդրումն ունենա տվյալ տարածքի բնակչության, համայնքի զարգացման գործում: Նոր միայն այդ ժամանակ հասարակությունը կողմ կլինի նման նախագծերին, եւ մենք էլ կտանք մեր դրական եզրակացությունը»:

Արամայիս Գրիգորյանի խոսքերով՝ յուրաքանչյուր երկրում էլ հանքարդյունաբերությունը կա, եւ մենք չունենք այլընտրանքային հնարավորություն, որպեսզի դա չօգտագործենք. «Այլ բան է, երբ դա օգտագործվում է օրենքի սահմաններում, եւ հաշվի են առնվում բոլոր այն խնդիրները, որոնք օրենքով սահմանված են: Իհարկե, մենք այսօր ունենք որոշակի պրոբլեմատիկ հանքարդյունաբերողներ, որոնց անունները չեմ ուզենա առանձնահատուկ ներկայացնել, քանի որ նրանց հանձնարարական ենք տվել, եւ կարճ ժամանակ հետո այդ հանձնարարականները պետք է կարողանան լիարժեք կատարել: Այ, երբ որ չկատարեն, մենք հստակ անվանական կներկայացնենք, պատժամիջոցներ կիրականացնենք եւ կդիմենք համապատասխան գերատեսչությանը, որպեսզի նրանցից լիցենզիաները հետ վերցնեն»:

Նախարարի հավաստմամբ՝ խախտումներով հանքարդյունահանություն իրականացնող ընկերություններին 2-3 ամիս են ժամանակ տվել. «Ես ինքս մատների արանքով չեմ նայելու այս խնդրին, սա մեր բնակչությանը հուզող հարց է, առավելապես դա հուզում է լրատվամիջոցներին, եւ մենք միասին ենք այս հարցին լուծում տալու»:

Թե քանի ապօրինի կառույց կա «Խոսրովի անտառ» պետական արգելոցում եւ ում են դրանք պատկանում՝ բնապահպանության նախարարն ասաց, որ դրանց հարցը մի օրվա լուծելու խնդիր չէ. «Որոշակի կան, շատ չեն, կան նաեւ տարածքներ Խոսրովի հետ կապված, որտեղ մարդիկ ներկայացնում են, թե իրենք գերեզմաններ ունեն, բայց ճանապարհ չունեն այդ գերեզմաններին մոտենալու, իրենք ապրում են այդ տարածքում, այլ հնարավորություն չունեն, որպեսզի կարողանան այլ վայրերում ապրելու: Բնականաբար, դրանք խնդիրներ են, որոնք ոչ միայն նախարարի որոշելով է, այլ համակարգային մոտեցում պետք է ցուցաբերվի, որպեսզի հարցին հստակ լուծում տանք»:

Արգելոցում խրախճանքներ կազմակերպելու եւ «Կարմիր գրքի» կենդանիներին որսալու միջադեպեր վերջերս չեն արձանագրվել: Ըստ Արամայիս Գրիգորյանի. «Լինում են Խոսրովի անտառի հարակից տարածքում, բայց դա ներկայացվում է որպես Խոսրովի անտառում: Ես հեռու եմ այն մտքից՝ ասելու համար, թե մեզ մոտ իրավիճակն ամբողջությամբ վերահսկելի է, որովհետեւ մենք ունենք մեծ տարածքներ եւ քիչ պահպանող մարդկային ուժեր, բայց հնարավորինս անում ենք ամեն ինչ, որպեսզի կարողանանք մեր աշխատողներով արդյունավետ աշխատանք իրականացնել: Եվ եթե լինեն մարդիկ, որոնք որ որսագողությամբ կզբաղվեն, բնականաբար, ամենախիստ ձեւով պատժի կարժանանան»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

12.04.2014 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031