Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հոգեբանը՝ հայկական բանակի վերաբերյալ ֆեյսբուքյան գրառումների մասին

Օգոստոս 13,2014 14:15

«Պարտադրված պատերազմում ոչ միայն պետք է կռվել, այլև պետք է հաղթել պատերազմը», «Փառք մեր հերոսներին», «Մենք կրկին ապացուցեցինք, որ մեր բանակն անպարտելի է»: Վերջին օրերին հայկական Ֆեյսբուքը լի է հայրենասիրական գրառումներով: Հոգեբան Լամարա Գրիգորյանի խոսքով` նման ոգևորող տողերը ուժ և աջակցություն են փոխանցում ՀՀ զինված ուժերին, նպաստում հաղթողի հոգեբանության ձևավորմանը: «Մենք պետք է համախմբված լինենք ու հոգեպես պատրաստ պատերազմին: Մենք չպետք է լցվենք չարությամբ, թերահավատ լինենք մյուսների հայրենասիրության նկատմամբ, պետք է նախևառաջ հոգեպես խաղաղվենք, հավատանք և մեր հայրենասիրական ոգին բարձր պահենք» ,-ասում է նա` պատասխանելով մեր այն դիտարկմանը, որ օգտատերերի շրջանում կարծես թե մրցակցություն է ընթանում, թե ով է ավելի հայրենասեր և ով՝ ոչ:

«Էն մարդիկ, ովքեր ժամանակին բանակ չեն գնացել, խուսափել ու «թռել են» ծառայությունից, թող հիմա հայրենասեր չխաղան Ցուկենբերգի տիրույթում, ու ոչ էլ թող մարտական կոչեր հնչեցնեն»,-մեջբերում եմ ֆեյսբուքյան հարթակից: Որոշ օգտատերեր կասկածի տակ են դնում ՀՀ զինված ուժերում չծառայած, բայց վիրտուալ աշխարհում մեր զինվորներին քաջալերող տղամարդկանց հայրենասիրությունը: «Ես ուզում եմ հավատալ, որ եթե նրանք չեն ծառայել, ուրեմն շատ լուրջ պատճառներ են ունեցել: Բայց հարցը դա չէ, գուցե ամենաչսպասված մարդը, ով երբևէ աչքի չի ընկել հայրենասիրությամբ, անհրաժեշտ պահին այնպիսի հերոսություն անի, որ բոլորը զարմանան: Չծառայելու հանգամանքը հիմք չէ մարդուն գնահատական տալու համար»,-ասում Լամարա Գրիգորյանը:

Շատ օգտատերեր դատապարտում են նաև համընդհանուր ոգևորությունից կտրված, միայն իրենց հաճույքի մասին մտածող օգտատերերին, ովքեր ժամանակ չեն կորցնում Ֆեյսբուքում իրենց կիսամերկ և հրճվալից լուսանկարները տեղադրելու համար. «Մարդիկ տարբեր են, սակայն յուրաքանչյուրն ունի ինքնադրսևորման, ինքնարտահայտման իրավունք, նրանց քննադատել և մեղադրել հարկավոր չէ, հավատացե՛ք, արդյունք չի տա, իզուր ժամանակի վատնում է»: Լամարա Գրիգորյանը չի բացառում, որ նրանց շրջանում կարող են լինել մարդիկ, ովքեր իրական կյանքում ավելի հայրենասեր են, քան վիրտուալ աշխարհում, ըստ նրա, վերջիվերջո, հայրենասիրության դրսևորումները միայն Ֆեյսբուքով չեն սահմանափակվում:

Մեր հարցին՝ արդյո՞ք պետք է սոցցանցերում մինչև վերջ անկեղծանալ, պատասխանում է. «Դա շատ անհատական բնույթ է կրում: Եթե դրանից անձն իրեն ավելի լավ կզգա, թող անկեղծանա, եթե, իհարկե, պատրաստ է քննադատությունների և չարախոսությունների: Ավելի ցանկալի է, որ մեր անկեղծությունը դրսևորվի դեմ առ դեմ շփման միջոցով, ընդ որում, այն մարդկանց հետ, ում ճանաչում ենք, ոչ թե սոցցանցերի, որտեղ մեր գրառումներին կարող են ականատես լինել ոչ մեր նախընտրած մարդիկ»: Այնուամենայնիվ, հոգեբանը ողջունում է մեր հայրենիքի ու բանակի վերաբերյալ դրական լույսի ներքո հրապարակված գրառումները, նա նշում է, որ հատկապես հայ-ադրբեջանական սահմանային լարվածության ընթացքում պետք է հնարավորինս զգույշ լինել յուրաքանչյուր մեկնաբանություն անելուց առաջ:

Եթե գրառումը լուրջ ինֆորմացիա է պարունակում, ապա նախևառաջ պետք է համոզվել դրա փաստացիության մեջ, որպեսզի հանրության շրջանում խուճապ չառաջացնենք: «Կան մարդիկ, ովքեր հաճույք են զգում դիմացինին բացասական լիցքեր փոխանցելուց, բայց հիմա մեզ պետք են կառուցողական մտքեր: Մեր բանակն ու հայրենիքը սրբություններ են, պետք չէ պղծել դրանք` անընդհատ փնովելով, միայն թերությունների մասին խոսելով: Մարդիկ պիտի հասկանան, որ ամեն փոփոխություն սկսվում է իրենցից»,-ասում է հոգեբանը և հայ ժողովրդին մաղթում է խաղաղություն:

Նազենի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

12.08.2014 թ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031