Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմը հավասարեցնում է բոլորին, ցավոք՝ ավարտից հետո…

Օգոստոս 13,2014 14:00

Այսօր՝ չորս կողմից հնչող տարաբնույթ կարծիքների կողքին, ես, այնուամենայնիվ, մտածում եմ, որ ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմն արդեն սկսված է: Այս իրավիճակում հայ ժողովուրդը պետք է առաջնորդվի պատերազմական օրենքներով և գլխից մեկընդմիշտ հանի շրջանառվող այն մոտեցումը, որ օգոստոսի 10-ին Սոչիում կայացած հանդիպումից հետո Պուտինը կշարժի կախարդական փայտիկը և սկսված գործողությունները կվերածվեն խաղաղության:

Պուտինն ինքն է այսօր հայտնվել չափազանց աննախանձելի վիճակում և ինքն օգնության կարիք ունի, էլ ուր մնաց, թե նման իրավիճակում նա իրական ջանքեր ներդնի կասեցնելու իր իսկ կողմից՝ վերջին ամիսներին Ադրբեջանին վաճառած՝ մոտ 2 միլիարդ դոլար արժողությամբ զենքի գործածումը: Դա նրա կողմից ձեռնարկվող հերթական ֆարս-ներկայացումն է, որով նա փորձում է աշխարհին նվազագույնը երկու բան հասկացնել. մեկ, որ ինքը խաղաղության ջատագով է՝ խաղաղության աղավնի և երկրորդ, որ ողջ Հարավային Կովկասն իր վերահսկողության տակ է և ինքն է որոշում՝ ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ:

Ես ապշած եմ այն մարդկանց վրա, ովքեր ասում են, որ այդ զենքի վաճառքը զուտ բիզնես է: Ես հարց եմ ուղղում հենց նույն մարդկանց. եթե, թեկուզ զրոյական հավանականություն լիներ, որ այդ զենքը երբևէ կկրակի Ռուսաստանի վրա, ապա այդ «բիզնես ծրագիրը»՝ թեկուզ շատ ավելի բարձր գներով, ռուսները կիրականացնեի՞ն…: Մի՞թե մեր սահման պահող և չպահող տղաների մահվան գինը բավական չէ, որպեսզի հասկանանք ստեղծված վիճակի պատասխանատվությունը, իրերը կոչենք իրենց անուններով և քայլերը կատարենք իրադրությանը համարժեք:

Պատերազմը չարիք է, սակայն իր հազարավոր բացասական հետևանքների կողքին ունի միակ դրականը. պատերազմը հավասարեցնում է բոլորին…: Առաջին մարդու ծնունդից սկսած, մարդու մեջ նստած է հավասարության և արդարության ինստինգտը և դրանց խախտումը միշտ էլ վրդովեցնում է մարդուն, որն էլ բերում է ազգերի և ժողովուրդների թուլացմանը՝ որպես մեկ միասնական գործող օրգանիզմ:

Այսօր հենց այս վիճակն է և բոլորը՝ հանրապետության նախագահից սկսած, պետք է հասկանան, որ պատերազմ է և բոլորը հավասար են: Հավասար են իրենց իրավունքների, պարտականությունների և պատասխանատվության մասով: Հավասար են, քանի որ բոլորը պատասխանատու են նույն հայրենիքի, նույն երկրի, նույն պետության, նույն ժողովրդի առջև:

Հավասար են, քանի որ հայրենիքը, երկիրը, պետությունը, ժողովուրդը մեկն են ու միակը և տարանջատման, բաժանման, մասնատման ոչ մի հնարավորություն չկա: Ասվածից ակնհայտորեն հետևում է, որ անհավասարության հնարավորություն ևս չկա: Այո, կա նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար, նախարարներ, հրամանատարներ, զինվորներ, թիկունք…, սակայն այս կռվում բոլորը հավասար են:

Ափսոս, որ նախորդ ժամանակաշրջանների պատմությունը ցույց է տվել, որ պատերազմների ավարտից հետո, այդ հավասարությունը ժամանակի ընթացքում աստիճանաբար մարում է և միշտ գտնվում են այնպիսիք, ովքեր չափազանց արագ մոռանում են պատերազմները և պատերազմական կյանքը ու ոչնչի առջև կանգ չառնելով, երկրի ներքին իրավիճակը տանում են դեպի նախապատերազմական՝ անարդար և իրենց համար շահեկան վիճակ, որպեսզի շարունակեն նախապատերազմյան ժամանակահատվածի՝ պղտոր ջրում ձուկ որսալու իրենց «սուրբ» և կիսատ թողած գործը:

Սկիզբ առած Ղարաբաղյան պատերազմը պատվով հաղթելուց հետո, այս անգամ գործելու է բացառությունը. խաղաղությունն էլ է հավասարեցնելու բոլորին…

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

12.08.2014 թ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031