Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Էդ. Թոփչյան) մենակատար, շեփորահարների կոնցերտմայստեր Շահեն Գեւորգյանը «շեփորում» է ոչ երաժշտական, այլ այն իրական դեպքերի մասին, որն իր գլխով անցել են Ադրբեջանում։
Ծնունդով Արցախից երաժիշտը ավարտել է Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանը, ապա 1983 թ. ուղեգրով մեկնել Բաքու, ընդունվել տեղի Ուզ. Հաջիբեկովի անվան պետական կոնսերվատորիան։ Եվ հենց ընդունելության քննությունները հանձնելիս, ինչպես «Առավոտին» հայտնեց երաժիշտը, առաջին անգամ առնչվում է ադրբեջանցիների հայատյաց վերաբերմունքին։ «Պատմություն առարկայի քննությունը հանձնելիս՝ երկրորդ հարցը, որ վերաբերում էր Ադրբեջանի պատմությանը, հանձնաժողովին ասացի, որ ավարտել եմ հայկական դպրոց՝ խնդրելով, որ ինձ քննեն հայոց պատմությունից։ Մինչ հանձնաժողովի անդամները խորհրդակցում էին, ես սկսեցի ներկայացնել Վարդան Մամիկոնյան եւ այն շրջանը, որ կապված է Մեծ զորավարի ու նրա ձեռքբերումների հետ։ Ճիշտն ասած, ուշադիր լսում էին, եւ վերջում ինձ ընդամենն ասացին՝ դուք ազատ եք»,- պատմեց մեր զրուցակիցը։
Հավելեց նաեւ, որ տեղյակ լինելով, թե կոնսերվատորիայի կուսկոմի քարտուղարի՝ Շովքյաթ խանումի, ով իշխանություն ուներ բուհում, ամուսինը հայ է, դիմում է նրան՝ ասելով, որ խորհրդային բանակում ծառայելու տարիներին երկու անգամ զինվորական նվագախմբի կազմում մասնակցել է Կարմիր հրապարակում անցկացվող շքերթներին։
Արդյունքում՝ խանումի ուղեկցությամբ հայ դիմորդը կրկին ներկայանում է հանձնաժողովին եւ ընդունվում կոնսերվատորիա։ Բաքվի կոնսերվատորիայի ռեկտորատը հրաժարվում է լուծել հայ ուսանողի հանրակացարանի հարցը։ Այստեղ էլ օգնության ձեռք է մեկնում Բաքվի «Կոմունիստ» թերթի արվեստի եւ գրականության բաժնի վարիչ, ծնունդով Շուշիից՝ Էմմա Պետրոսյանը։ Եվ հենց այդ ժամանակ էր, որ իբր Հեյդար Ալիեւի հեղինակած Ադրբեջանի պատմության դասագիրքը հայերենով սկսեցին պարտադրել հայկական դպրոցներին։
Կարդացեք նաև
Այդ շրջանում Բաքվում սկսվել էր հայերից ազատվելու ծրագիրը՝ դերձակից, վարսավիրից սկսած, մինչեւ ինժեներ ու նավթարդյունաբերության ոլորտում մեծ լումա ունեցող մասնագետներ։
Ուսանող Շահեն Գեւորգյանին նաեւ աշխատանք էր անհրաժեշտ։ Այս հարցում նրան օգնում է Գարրի Կասպարովի մորաքույրը։ Շեփորահարը կոնսերվատորիայում աշխատում է… որպես պահակ։ «Ինձ մականունով էին դիմում՝ «գիշերային ռեկտոր»։ Երեկոյան ժամը 6-7-ից հետո արգելվում էր որեւէ ուսանողի մուտքը կոնսերվատորիա, իհարկե, բացառություն էին համերկրացիները…»,- նշեց մեր զրուցակիցը։
Դեռեւս Արցախում ուսանելու տարիներին երաժիշտը ծանոթացել եւ մտերմացել էր անվանի երաժշտագետ Ռոբերտ Աթայանի հետ։ Շահեն Գեւորգյանը պատմում է, որ երբ ամռան ամիսներին վերադառնում էր Արցախ, իրենց տանը հյուրընկալում էր երաժշտագետին։
Եվ նրա հետ գյուղից գյուղ շրջելով՝ տարեց արցախցիներից գրառում էին ժողովրդական երգ ու երաժշտություն, ինչը հետագայում պետք է հրատարակվեր Ռոբերտ Աթայանի մշակումներով։ «Աթայանը, իր աշխատանքի մեջ մխրճված, երբեք խոսք ու զրույց չէր անում ադրբեջանցիների մասին, եւ երբ նրան հրավիրեցի Բաքու, պրոֆեսորը լացակումած ասաց, որ հենց այդ քաղաքում են իր աչքի առաջ գնդակահարել հորը… Հիմա չեմ հիշում ինչպես, բայց ընդամենը մեկ անգամ իմ հրավերով երաժշտագետը եկավ Բաքու։ Կոմիտասյան երկերի խմբագրած 6 հատորներն էլ նվիրեց ինձ։ Ես էլ դրանք հանձնեցի կոնսերվատորիայի ռեկտոր Էլմիրա Աբասովային, նպատակով, որ տեսնեն, թե հանձին Կոմիտասի՝ ի՜նչ գանձ ունի հայ ժողովուրդը…»,- պատմեց շեփորահարը։
Վերջինս հիշեց նաեւ, թե ինչպես է Ադրբեջանի Ախունդովի անվան ազգային գրադարանից գողացել հայերին վերաբերող կռվան-հրատարակություններ, որոնք հետագայում օգտագործվել են մեր մտավորականների կողմից Գորբաչովին ուղղված բաց նամակներում. «Առավոտները մարզվելիս մտերմացել էի գրադարանի տնօրեն Մուզաֆար Հասանովի հետ, եւ քանի որ արդեն գագաթնակետին էր հասել նրանց, մեղմ ասած, ատելությունը հայերիս հանդեպ, ձեռք բերեցի այդ գաղտնի փաստաթղթերը ու տեղափոխվելով Երեւան, հանձնեցի ակադեմիկոս Սուրեն Այվազյանին»։
Շահեն Գեւորգյանը ներկայացրեց, թե Բաքվում 2 տարի ուսանելուց հետո ինչ
«պատմություններից» հետո է հայտնվել Երեւանի կոնսերվատորիայում։ 1985 թ. անդրկովկասյան մրցույթում դափնեկիր դառնալուց հետո, ժյուրիի նախագահ, Երեւանի կոնսերվատորիայի պրոռեկտոր Միքայել Խաչատրյանը եւ անվանի երաժիշտ Հայկազ Մեսիայանը նրան առաջարկում են տեղափոխվել Երեւան։
Շեփորահարի ազգանունը դափնեկիրների ցուցակում Գեւորգյանի փոխարեն գրված է լինում Գեւորգլի։ «Բաքվի կոնսերվատորիայի ռեկտորը գործերս չէր տալիս, նույնիսկ Երեւանի կոնսերվատորիայի ռեկտոր Ղազարոս Սարյանի գրությունից հետո։ Չերկարացնեմ՝ 1988թ. տեղափոխվեցի Երեւան, որտեղ անցկացվում էին լսումներ՝ Մինսկում կայանալիք համամիութենական մրցույթին մասնակցելու համար… Երեւանում տարածվել էր, որ Բաքվից շեփորահար է եկել, եւ Օրբելյանի ջազ-նվագախմբի երաժիշտներն ինձ հայտնեցին, որ մաեստրոն ինձ հրավիրում է աշխատանքի, նույնիսկ «Անի» հյուրանոցում ապահովելով կացարանով։
Բայց ես չէի կարող դավաճանել դասական արվեստին… Արցախյան շարժումն էր սկսվել։ Արդեն ուսանող էի Երեւանի կոնսերվատորիայում։ Ամեն օր ուսանողական հանրակացարանից, որտեղ ինձ սենյակ էին հատկացրել, հասակակիցներիս հետ իջնում էինք Ազատության հրապարակ՝ մասնակցելու ցույցերին… Սովորեցի, ավարտեցի Երեւանի կոնսերվատորիան եւ ասպիրանտուրան։ Մեսիայանն էլ ինձ վերցրեց իր ղեկավարած պետական փողային նվագախումբ։
Սկսեցի հանդես գալ նաեւ մենահամերգներով եւ մենահամերգներիցս մեկի ժամանակ, որին ներկա էր Լորիս Ճգնավորյանը, ինձ հրավիրեց ֆիլհարմոնիկ նվագախումբ։ Եվ 1990թ. աշխատանքի անցա ֆիլհարմոնիկում, որտեղ եւ աշխատում եմ մինչ օրս»,- հայտնեց Շահեն Գեւորգյանը։
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարում. Շահեն Գեւորգյանը՝ կոմպոզիտոր Ռոդիոն Շչեդրինի հետ
«Առավոտ» օրաթերթ
12.08.2014 թ.
Շահեն Գևորգյանը փայլուն երաժիշտ և հրաշալի անձ է… Հարգանքով՝ Աշոտ Բաբայան