Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՕԿ-ի մարզական պատվիրակությունը մեկնեց Նանջինգ

Օգոստոս 13,2014 13:15

Երեկ կեսօրին ՀԱՕԿ-ի մարզական պատվիրակությունը Երեւան-Մոսկվա-Շանհայ չվերթով մեկնեց Չինաստան՝ մասնակցելու օգոստոսի 16-ից 28-ը Նանջինգում կայանալիք երկրորդ պատանեկան ամառային օլիմպիական խաղերին:

«Առավոտը» հենց «Զվարթնոց» օդանավակայանում զրուցեց Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի հետ, որը նույնպես մեկնում էր մրցավայր:

– Պարոն Ռոստոմյան: Պատանեկան օլիմպիական խաղերին մեր հանրապետությունը, ինչպես Սինգապուրում կայացած առաջին Խաղերում, ներկայացված է լինելու 14 մասնակցով, որոնք պայքարի մեջ են մտնելու ինը մարզաձեւերում` ծանրամարտ, բռնցքամարտ, սպորտային մարմնամարզություն, ձյուդո, հունահռոմեական ըմբշամարտ, հրաձգություն, ազատ ըմբշամարտ, լող, ջրացատկ: Ինչպե՞ս է ընթացել նախապատրաստությունը:

– Ընդհանուր նախապատրաստական աշխատանքները, որ նախանշել են բոլոր մարզաձեւերի ֆեդերացիաները, թե ՀԱՕԿ-ը, թե իրենք՝ ֆեդերացիաները, կատարել են: Որեւէ ուշացում կամ թերացում չի եղել թե ժամանակացույցում, թե ընդհանուր առմամբ: Բոլոր խնդիրները, իսկ դրանք զուտ աշխատանքային են եղել, կարգավորված են: Մնում է մի փոքր էլ հաջողություն եւ ամեն բան լավ է լինելու:

– Պատանի մարզիկների հետ հույսեր կա՞ն կապված:

– Գիտեք, որ Նանջինգում ունենք 14 մասնակից ու բոլորն էլ վարկանիշ նվաճած մարզիկներ են: Այսինքն, նրանք պետք է լինեին իրենց տարիքային խմբի աշխարհի, Եվրոպայի առաջնությունների չեմպիոն կամ մեդալակիր: Մենք այս թիմում ունենք աշխարհի գործող երկու չեմպիոն ու մրցանակակիրներ, Եվրոպայի չեմպիոններ ու մեդալակիր մարզիկներ: Այսինքն, պատահական մարդ չկա:

Եթե հիշում եք, Սինգապուրի առաջին պատանեկան օլիմպիական խաղերից հետո Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն իր առջեւ գերակա խնդիր էր դրել՝ ընդլայնել մարզաձեւերի աշխարհագրությունը եւ բարձրացնել մասնակիցների մարզական որակները: Դա, ինչպես տեսնում եք, մեզ հաջողվել է: Նանջինգում ունենք լողորդ, ջրացատկորդ, սպորտային մարմնամարզիկ ու նրանք սպիտակ քարտով չէ, որ մեկնում են մրցավայր, այլ ձեռք բերված ուղեգրով: Ես գտնում եմ, որ ընդհանուր օլիմպիական հավաքականում բավականին լավ կազմ է հավաքվել:

– Հարցս այլ կերպ եւ ավելի կոնկրետ ձեւակերպեմ. Նանջինգում մեդալներ կլինե՞ն եւ Սինգապուրի արդյունքները կգերազանցվե՞ն:

– Սպորտում կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է: Բայց եթե հավաքականի կազմին ու մարզիկների տիտղոսներին եւ ընդհանուր արդյունքներին նայելու լինենք, մենք երբեք այսքան ուժեղ կազմով որեւէ մրցաշար չենք մեկնել՝ լինի մեծահասակների օլիմպիական խաղեր, թե պատանիների: Կատակ բան չի՝ մեր հավաքականում կան աշխարհի գործող երկու չեմպիոններ, մրցանակակիրներ:Եվրոպայի մասին դեռ չեմ խոսում: Մնում է, որ իրենք՝ մասնակիցները, Խաղերում կազմակերպված հանդես գան, հոգեբանորեն իրենց ընկճված կամ ճնշված չզգան, հավատան ու վստահ լինեն իրենց կարողություններին: Եվ եթե այնպես լինի, ինչպես հիմա ասացի, չեմ կարծում, թե որեւէ մեկը մեր ձեռքին կդիմանա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

12.08.2014 թ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031