Լրահոս
Օրվա լրահոսը

Մարի Մելիքյանի անբացատրելի ու աներևույթ կողմը

Օգոստոս 13,2014 13:00

Զրույց միստիկ ստեղծագործությունների հեղինակ Մարի Վոլտերայի հետ

Մարի Մելիքյանը, որն ընթերցողներին ավելի հայտնի է որպես Մարի Վոլտերա, «վոլտերական մինոր» (сопор этернус) անվանումը կրող բլոգը ստեղծել է 2012 թվականին: Մարին եզակիներից է, որ ստեղծագործում է միստիկայի ժանրում. «վախկոտների» մուտքն այս բլոգ ուղղակի արգելված է: Ինչպես նշեց հեղինակը, կեղծանունը ծնվել է «Վոլտերե անվան, աղջկական» տարբերակից: Միստիկ բլոգի տերը երազում է էքզորցիստ դառնալ, ոչ նորմալ երևույթներ ուսումնասիրել: «Առավոտը» զրուցեց Մարի Վոլտերայի հետ:

-Մարի, ինչպե՞ս այս ժանրը գտավ քեզ:

– Ասեմ, որ ես չեմ գրում միստիկայի ժանրում, ես այս ժանրում զառանցում եմ (ծիծաղում է-Ս.Ս.): Իսկ եթե ավելի լուրջ, իմ ու միստիկայի կապը շատ վաղուց էր սկսվել, պարզապես ես դրա մասին տեղյակ չէի: Մանկուց էլ հետաքրքրվում էի առեղծվածներով, ուրվականներով, գերբնական ուժերով, մութ երևույթներով, պատի անկյունում ապրող ու չերևացող արարածներով: Հենց փոքր տարիքից էլ միշտ զգացել եմ թիկունքումս անտեսանելի, բայց շնչող ուժ: Հետո, երբ մի քանի տարի առաջ ծանոթացա իմ երկրորդ թթվածնի հետ, ամեն ինչ իր տեղն ընկավ. հասկացա, որ այն իմն է:

Դժվար թե երբևէ մոռանամ այդ վեցտառանոց բառը՝ գոթիկա: Այս ոճն ինձ ծանոթացրեց Վոլտերի՝ իմ իսկական կերպարի հետ: Միստիկան ապրում է գլխիս մեջ, ինձնից միստիկայի հոտ է գալիս, ես շնչում եմ այն ու արտաշնչում: Գրածս թաթախում եմ միստիկայի կորիզներով պատրաստված մուրաբայի մեջ ու նոր գրում: Ինձ համար միստիկան այն ամենն է, ինչը չի երևում, բայց ես զգում եմ նրա հոտն ու համը, լսում եմ իրեն: Դա մարդկային կյանքին շատ կիպ կանգնած զուգահեռ շերտ է, որն անընդհատ դիպչում է քեզ, բայց անքան նուրբ է, որ քչերն են զգում:

– Ի՞նչն է ոգեշնչում միստիկ գրվածքների համար: Քո ստեղծած կերպարներում կա՞ն առավել սիրելիները:

– Տարօրինակ է, բայց ինձ ոգեշնչում են մարդկանց մարմինները, աչքերը, ուրվագծերը, պարանոցը, ձեռքերը, կոնքերը: Ես մարդուն շատ եմ սիրում առանձնացնել ինքն իրենից, երբեք ամբողջական, լիարժեք բանից չեմ ոգեշնչվում: Բայց հիմնական ոգեշնչման աղբյուրները, այդ «գրունտային ջրերը» ներսումս են: Վերջերս շատ եմ ոգեշնչվում իմ մասնագիտական առարկայից` աշխարհագրությունից. շատ գեղարվեստական գիտություն է, որովհետև այստեղ դետալները չափից դուրս շատ են, ամեն մի դետալ մի պատմվածքի թեմա է: Ես չունեմ ստեղծած կերպարներ, ես ունեմ միայն մեկ կերպար: Եթե իրեն կերպարանավորեմ, ապա գզգզված մազերով, անդրոգեն կերպար է, որ երբեք էլ չես հասկանա՝ տղա՞ է, թե՞ աղջիկ: Լացելու, նվնվալու հետ սեր ունի ու կատվի ճանկեր:

– Միստիկան միանշանակ հանրային տարածում գտնող ժանրերից չէ: Քո բլոգն ինչքանո՞վ է կարդացվում, ունե՞ս հավատարիմ ընթերցողներ:

– Եկանք ինձ համար խոցելի մի կետի…Ես չգիտեմ՝ կարդում են ինձ, թե՝ ոչ, բլոգիս հաճախումների թիվն այդքան էլ շատ չէ: Կարծում եմ՝ միստիկան այն ժանրերից է, որ ինչքան էլ սահմանափակում է ընթերցողների քանակը, այնքան էլ լավացնում է այլընտրանքային գրականությունը՝ որակական առումով: Իհարկե, կուզեի ունենալ ընթերցողների բավական մեծ թիվ, որ ոչ մի գրառումս բաց չէր թողնի, կարձագանքեր, հետս ընկերություն կաներ, բայց դա ինձ համար երկրորդ պլանում է:

-Իսկ ըստ քեզ՝ ի՞նչ է պետք լավ միստիկա գրելու համար:

– Լավ միստիկա գրելու համար պետք է զարգացնել երևակայությունը. աշխատել զգայական համակարգի վրա, աշխարհին նայել ոչ աշխարհիկ շերտերից, տեսնել չերևացողը: Ոչ միայն տեսնել, նաև զգալ գոյություն չունեցող երևույթներ: Պետք է շատ կարդալ ու ֆիլմեր դիտել, բնության հետ շփումը մեծացնել: Ձեռագիրս լավացնում եմ ոգեշնչման աղբյուրներիս շնորհիվ, որոնք կարող են լինել ոչ միայն մարդիկ, այլև գրքեր, առարկաներ, համեր, հոտեր ու անգամ կենդանիներ: Բայց նաև պետք չէ մոռանալ մարդկային ,սովորականե պայմանների մասին` աշխատասիրություն, կամքի ուժ, վստահություն, համբերություն: Բլոգին կարող եք ծանոթանալ uoltera.blogspot.com հասցեում:

Զրուցեց ՍՅՈՒՆԵ ՍԵՎԱԴԱՆ

«Առավոտ» օրաթերթ

12.08.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Անահիտ says:

    Հա իբր ինչ?

  2. Շուշան says:

    Կեցցե աղջիկը: Նորանոր հաջողություններ ու նոր բացահայտումներ ցանկանանք

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031