Լրահոս
Օրվա լրահոսը

Թումոյից ասացին, որ «Դեմ եմ»-ն է, չի լինի, քաղաքական աստառ կա

Օգոստոս 12,2014 21:55

«Դեմ եմ» նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը հերքում է լուրերը, թե երեկ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի այգում նախաձեռնության անդամների ու «Սքրիներ» հ/կ-ի ներկայացուցիչների միջեւ տարաձայնությունների պատճառով է այգում նախատեսված Մահաթմա Գանդիի կյանքի մասին պատմող ֆիլմի ցուցադրում արգելվել:

Հիշեցնենք, որ կենտրոնի ներկայացուցիչները, չնայած նախնական պայմանավորվածության, երեկ անակնկալ ձեւով արգելել են ֆիլմի դիտում իրենց տարածքում: Կենտրոնի հանրային կապերի պատասխանատու Գայանե Այվազյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, որ իրենք չեն արգելել ցուցադրությունը.«այդ իրենք՝ երկու կողմերը, չեն կարողացել համաձայնության գալ որոշ հարցերի շուրջ: Մենք էլ որոշեցինք պայմանավորվածությունը դադարեցնել, որպեսզի հասարակական վայրում լարված իրավիճակ չստեղծվի»:

«Իրականությանը չի համապատասխանում կենտրոնի ներկայացուցչի ասածները, թե մենք տարաձայնություններ ենք ունեցել: Որեւէ անհամաձայնություն կամ կոնֆլիկտի նախանշաններ չեն եղել մեր եւ հասարակական կազմակերպության ներկայացուցիչների միջեւ: Ընդհակառակը, խոչընդոտները եղել են Թումոյի ներկայացուցիչների կողմից»,- Aravot.am-ին ասաց Դավիթ Մանուկյանը:

Նրա խոսքով, ֆիլմի ցուցադրման արգելքը վերեւի հրահանգով է պայմանավորված. «Իրենց կամքով չէր, այլ ելք չեն ունեցել: Իշխանությունները վախեցան ոչ թե երթերից, այլ որ մարդկանց մտածողության մեջ ազատություն կմտնի»:

Դավիթի պատմելով, կենտրոնի ներկայացուցիչները սկզբում պահանջել են բավարարվել ֆիլմի դիտումով, չանցկացնել հանրային քննարկումը. «Բայց մենք ադյալներով, պոպկոռնով եկել էինք՝ ֆիլմը դիտելու: Ֆիլմը վտանգավոր չէր, բողոքի ակցիա հո չէ՞ր: Մենք ասացինք՝ լավ մենակ ֆիլմը կդիտենք, բայց իրենք որոշեցին, որ ֆիլմն էլ չպետք է դիտենք՝ պատճառաբանելով, որ քաղաքական աստառ կա: Ասացին՝ «Դեմ եմ»-ն է, ուրեմն քաղաքական աստառ կա: Եթե «Դեմ»-ը չլիներ, կլիներ, ,«Դեմ եմ»-ին չի կարելի: Ինձ կենտրոնի ներկայացուցիչները ասում էին, որ հարյուր անգամ հեռուստացույցով տեսել են ինձ ու կապում են քաղաքականության հետ»:

Հետո էլ ասաց, որ Թումոյի տարածքում այնքան ոստիկաններ էին հավաքվել, կարծես բողոքի ակցիա էր նախատեսվում կամ ծանր հանցագործություն էր տեղի ունենալու: Նա նաեւ ասաց, որ կենտրոնի ներկայացուցիչներին հաջողվեց արգելել ֆիլմի դիտումը, բայց հանրային քննարկումը տեղի ունեցավ՝ թեեւ անլույս պայմաններում. «Այգու լույսերն անջատեցին, բայց դա մեզ չխանգարեց, առանց լույսերի էլ շատ հաճելի քննարկում եղավ, որը մեկ ժամ տեւեց, հետո եկան աթոռները տարան, մենք շարունակեցինք խոտերի վրա նստած»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031