Այսօր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Գորիսի նստավայրում դատավոր Մուրադ Հովակիմյանը հրապարակեց Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանն ընդդեմ ԵԿՄ Գորիսի տարածքային բաժանմունքի նախագահ, ազատամարտիկ, փոխգնդապետ Սուրիկ Բաղդասարյանի գործով դատավճիռը: Դատարանը մերժեց Սամվել Հարությունյանի հայցապահանջը:
Իսկ Սամվել Հարությունյանը դատարան էր դիմել lurer.com լրատվական կայքում «Ո՞վ ես, ի՞նչ մարդ ես, որ կուսակցությունից ես»` հոդվածի հրապարակումից հետո, իր պատիվն ու արժանապատվությունը զրպարտությամբ արատավորելու համար լրատվության միջոցով հրապարակայնորեն զրպարտություն համարվող փաստացի տվյալները հերքելու եւ ներողություն խնդրելու պահանջով: Նախկին քաղաքապետը պահանջում էր իր պատիվն ու արժանապատվությունը արատավորելու համար պատասխանողից` հոդվածագրից, հօգուտ իրեն բռնագանձել սահմանված նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկի չափով փոխհատուցման գումար, իսկ վիրավորանքի միջոցով իր պատիվն ու արժանապատվությունը արատավորելու համար` նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով փոխհատուցման գումար: Նշենք, պատասխանող կողմը հարցադրմամբ շարադրված վերնագիր ունեցող հոդվածը զրպարտություն չէր համարում` այլ գնահատողական դատողություն, իսկ հոդվածում նշվածը` իրականություն:
Հոդվածի հեղինակը մասնավորապես նշել էր. «Մի անգամ էլ, հիշում եմ, պառլամենտական ընտրությունների ընտրապայքարում հայտնվեց բոլորովին այլ, անսպասելի կերպարով և կարգավիճակով: Այս անգամ էլ, թե ինչպես էր կարողացել (ինքը կիմանա)՝ չգիտեմ, ձեռք էր բերել Արցախի բանակի հրամանատար Սամվել Բաբայանի վստահությունը: Տասնյակ տոննաներով դիզվառելիք էին տեղափոխում Գորիս, սպառնալիքներով, ծեծով ստիպում համայնքների ղեկավարներին, որպեսզի այդ վառելիքը տեղափոխեն և օգտագործեն որպես ընտրակաշառք: Շատերին գիշերները հանում էին տներից, սպառնում, ծեծում, որ չաջակցեն մյուս թեկնածուներին: Եվ հետաքրքիրն այն էր, որ ցերեկները նա նախընտրական ճառերում դատապարտում էր ընտրակաշառքն ու իշխանությունների կամայականությունները, սակայն ինքը նույն բանը կատարում էր գիշերները: Արդյունքում՝ ստացավ ամոթալի, չնչին քանակի ձայներ: …Սամվել Հարությունյանը ձախողված «քաղաքական գործիչ» է: Եթե այդպես չէ, ապա ինչո՞ւ ոչ մի ոլորտում չկայացավ: Կներեք կայացավ, բայց բամբասանքի, հայհոյանքի, վիրավորանքի և զրպարտության իշխանությունում…»:
Դատարանը մերժեց հայցվորի պահանջները և որոշեց նրանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 60 հազար դրամ՝ որպես չվճարված պետական տուրքի գումար:
Կարդացեք նաև
Ի դեպ, դատավճռի հրապարակման ժամանակ կողմերից եւ ոչ մեկը ներկա չէր:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ