Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ոստիկանը մոռացել էր իրեն սկզբո՞ւմ են կծել, թե՞ վերջում

Օգոստոս 12,2014 19:00

Քանաքեռ եւ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Armenia Today» կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի գործով դատական նիստի ժամանակ հետազոտվեցին գործին վերաբերող փաստաթղթերը:

Որոշ փաստաթղթերին փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Երանոսյանը հատուկ անդրադարձան:

Պարոն Երանոսյանը նկատեց, որ գործով  վկաները հարցաքննության մասին օրինական կերպով չեն ծանուցվել:

Տիկին Սահակյանն էլ հավելեց, որ քննիչ Մելքոնյանը նախաքննությունն իրականացրել է ակնհայտ կողմնակալ, ամբաստանյալ Արգիշտի Կիվիրյանին չի լսել, նրա կողմից  բերված ոչ մի փաստարկ չի արձանագրվել.«Տուժողը մշտապես քննիչի կողքին է եղել, իսկ Արգիշտին հնարավորություն չուներ իր փաստարկները ներկայացնել»:

Հետո ասաց, երբ Արգիշտի Կիվիրյանը, տեսնելով, որ հարցաքննվելու հնարավորություն չունի, իր ցուցմունքը գրավոր ուղարկել է քննիչին, այն նույնիսկ քննիչը չի կցել քրեական գործին:

Մեղադրող Երիցյանը առարկեց՝ պնդելով, որ  հարցաքննությունը կատարվում է հատուկ տեղում. «Ցանկացած փաստաթուղթ ուղարկել,  ասել ցուցմունք է, ճիշտ չէ: Եթե նա խնդիր ուներ հարցաքննություն հետ, կարող էր դիմել քննիչի վերադասին, ոչ թե կամայական թուղթ գրեր, անունը դներ ցուցմունք հետո էլ ասեր, թե քննիչը չի կարել գործին»:

Արգիշտի Կիվիրյանն էլ նկատեց, որ վերջերս արձանագրել է, որ իր գիտակից տարիքում անընդհատ դատվելու գործընթացում է՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով ու ընդգծեց, որ  քաղաքական հոդված է համարում իր դեմ առաջադրված մեղադրանքները:

Լուսինե Սահակյանն էլ անդրադարձավ Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ այս գործով առաջադրված մեկ այլ մեղադրանքին՝ քրեական օրենսգրքի 333 հոդվածով՝ սուտ մատնության մեղադրանքին. «Որ լռեցնեն Կիվիրյանին այս հոդվածն առաջադրեցին, թե իբր նա ստում է, որ մեքենայի մեջ ոստիկաններն իր նկատմամբ բռնություն են կատարել, մենք հետո առանձին կանդրադառնանք, թե ինչու այդ մեղադրանքը վերացրին: Ոստիկաններ Վրթանեսյանն ու Սարգսյանը բռնություններ են կիրառել Կիվիրյանի նկատմամբ, փոխանակ նրանց դեմ քրեական գործ հարուցվի, տուժող են ճանաչվել այդ անձինք: Ընդհանրապես բռնության փաստի առթիվ քննիչը քննություն չի կատարել, միայն լսել է ոստիկաններին, այլ ապացույցներ չի էլ փորձել ձեռք բերել, սուտ մատնության մեղադրանք էլ առաջ է քաշել»:

Պաշտպանները պահանջեցին տուժող Սարգսյանին կրկին հարցաքննել՝ բացատրելով, թե ինչպես է ՀՔԾ պետի տեղակալ Նադիրյանը հրահանգել նորից կանչել հարցաքննության, ըստ մեղադրանքի,  Կիվիրյանի կողմից «կծոտված» ոստիկանին:

«Իրականում Սարգիս Սարգսյանի ցուցմունքը խիստ տարբեր ու հակասական է եղել, փորձել են շողուլի բերել երրորդ փորձից, որովհետեւ Սարգսյանը չի կողմնորոշվել, Կիվիրյանը, ըստ իրենց, սկզբում կծել, հետո՞ է գլխով խփել, թե՞ խփել է, հետո՝ կծել»:

Տուժող Սարգսյանին կրկին հարցաքննելու փաստաբանների միջնորդությունը դատարանը հետաձգեց՝ հետաձգելով նաեւ դատական նիստը:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031