Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանի սպանության գործով վկաները բերման կենթարկվեն

Օգոստոս 12,2014 17:55

Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, շարունակվում է «Մուշ» ռեստորանում փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության մեջ մեղադրվող Սամվել Դիլոյանի, Արտակ եւ Արեն Վերանյանների դատաքննությունը:

Նախորդ դատական նիստի ժամանակ դատարանը հրապարակել էր տուժողի նախկին իրավահաջորդ Սաթենիկ Սարգսյանի դիմումը, որում այնպիսի տեղեկություններ են հայտնվում, որոնք մինչ այս պահը դատարանը քննության չի առել: Դիմումի հրապարակումից հետո, պաշտպանական կողմը հայտնել էր, որ փաստաթուղթը անարժանահավատ է, կասկած կա, որ այն գրվել է Սաթենիկ Սարգսյանի բացակայությամբ:

Դատարանը որոշում էր կայացրել այսօր նշանակված դատական նիստին դատարան հրավիրել տուժողի նախկին իրավահաջորդին` իր դիմումում նշված հանգամանքների վերաբերյալ պարզաբանումներ տալու:

Տուժողի ներկայիս իրավահաջորդ Հասմիկ Մանուչարյանի միջնորդության հիման վրա դատարանը նաեւ որոշել էր այսօր լրացուցիչ հարցաքննության հրավիրել վկա Էդիկ Խլղաթյանին:

Այսօրվա դատական նիստի ժամանակ, սակայն, ոչ Սաթենիկ Սարգսյանն էր ներկա, ոչ էլ Էդիկ Խլղաթյանը:

Սաթենիկ Սարգսյանը դիմում է ներկայացրել դատարան` հայտնելով, որ ամուսնու սպանության, ինչպես նաեւ հարուցված քրեական գործի նախաքննության եւ դատաքննության փուլերում մշտապես առկա հոգեբանական ճնշումների պատճառով տեղի ունեցած հոգեկան ծանր ապրումները իր մոտ առաջ են բերել առողջական վիճակի կտրուկ վատթարացում, ինչի հետեւանքով տարել է ծանր վիրահատություն, այժմ գտնվում է արձակուրդի մեջ եւ բուժման նպատակով մեկնելու է մայրաքաղաքից:

«Բացի այդ` տեսնելով հանցագործների համախոհների կողմից ահաբեկված կամ գուցե կաշառված վկաների՝ նախաքննական ցուցմունքներից հրաժարվելու փաստը, եւ մնալով միակ վկան, ով չի հրաժարվել իր նախաքննական ցուցմունքից, հայտնում եմ Ձեզ, որ իմ ընտանիքն ունի անվտանգության խնդիր: Նախաքննության ընթացքում Տաթեւիկի միջոցով ինձնից ընդգծված մանրամասնությամբ փորձել են պարզել, թե որտեղ են սովորում երեխաներս, որ ժամին եւ որտեղ են գնում պրակտիկայի, ինձ տրվել են նյութական աջակցության ակնարկներ, որոնցից ես հրաժարվել եմ…. Ուստի խնդրում եմ դատական նիստն անցկացնել առանց ինձ` հիմք ընդունելով իմ նախաքննական ցուցմունքը, ինչպես նաեւ Ձեզ հասցեագրված դիմումում նշված փաստերը»,-նշված է Սաթենիկ Սարգսյանի` դատարանին ուղղված դիմումի մեջ:

Կողմերի կարծիքը լսելուց հետո դատարանը բերման ենթարկելու որոշում կայացրեց Սաթենիկ Սարգսյանի եւ Էդիկ Խլղաթյանի վերաբերյալ:

«Քանի որ դատական նիստին դատակոչված վկաները դատական նիստի մասին պատշաճ ծանուցված են, սակայն դատական նիստին չեն ներկայացել, տիկին Սարգսյանն ընդամենը դիմում է ներկայացրել, որ գտնվում է արձակուրդի մեջ եւ որեւէ փաստաթուղթ չի ներկայացրել, որ այս պահին նա բացակայում է մայրաքաղաքից, որպեսզի նրա բացակայությունը դատարանը համարի հարգելի, իսկ ինչ վերաբերում է Էդիկ Խլղաթյանին, վերջինս կրկին պատշաճ ծանուցված է դատական նիստի վայրի, ժամանակի մասին, սակայն դատական նիստին չի ներկայացել, մինչեւ դատական նիստը բացելը քարտուղարին հայտնեց, որ Երեւան քաղաքում է գտնվում, մոռացել է դատական նիստի վայրի եւ ժամանակի մասին, այդ պատճառով էլ դատական նիստին չի ներկայացել, այսինքն` նրա բացակայությունն անհարգելի է: Դատարանը որոշում է վերը նշված երկու վկաների վերաբերյալ բերման ենթարկելու որոշում կայացնել, որոշման կատարումը հանձնարարել ոստիկանության համապատասխան բաժնի աշխատակիցներին»:

Ներկայացվեցին մի շարք միջնորդություններ, որոնց դատարանը որոշեց անդրադառնալ մի շարք հանգամանքներ պարզելու դեպքում` գործով որպես վկա Սաթենիկ Սարգսյանին լսելուց հետո:

Հաջորդ դատական նիստը կկայանա օգոստոսի 23-ին:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031