Թուրքիայի քաղաքացիները դիմում են Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը՝ ցանկություն հայտնելով կռվել հայերի դեմ: Այս մասին հաղորդում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ պնդելով, որ պաշտպանության նախարարությունից հաստատել են այս լուրերը:
Նախարարությունից նաև տեղեկացրել են, որ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը, Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նեջդեթ Օզելը, զորքերի հրամանատարներ զանգահարել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին և հետաքրքրվել ճակատային գծի իրավիճակով, ցավակցություն են հայտնել նախարարին ու Ադրբեջանի ժողովրդին զոհերի կապակցությամբ և իրենց աջակցությունը հայտնել Ադրբեջանին:
Հիշեցնենք՝ ավելի վաղ, շփման գծում բախումները բռնկվելուց անմիջապես հետո Թուրքիայի վարչապետն էր զանգահարել Ադրբեջանի նախագահին, իսկ արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Թվիթերի իր էջում գրել էր, որ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:
Հայ – ադրբեջանական շփման գծում վիրավորված ադրբեջանցի երեք զինծառայողներ բուժում են ստանում Թուրքիայում: Այս մասին կիրակի օրը գրել է Today’s Zaman-ը, մանրամասնելով, որ զինվորներին Ադրբեջանից օդանավով տեղափոխել են Անկարայի հիվանդանոցներից մեկը: Անկարայի «Էսենբողա» օդանավակայանում նրանց դիմավորել են թուրքական համագործակցության և զարգացման գործակալության ղեկավար Սերդար Չամը, առողջապահության նախարարության պաշտոնյաներ և փոխվարչապետ Էմրուլահ Իշլերը:
Կարդացեք նաև
Իշլերը լրագրողներին ասել է, որ զինվորները բուժվելուց հետո վերադառնալու են Ադրբեջան:
Նշելով, որ հուլիսի 31-ից սկսած Ադրբեջանի ու Հայաստանի միջև բախումներ են տեղի ունեցել, Թուրքիայի վարչապետն ասել է, թե Ղարաբաղի խնդիրը անհրաժեշտ է կարգավորել, որքան հնարավոր է շուտ:
Նա հայտարարել է, որ Թուրքիան հնարավորը անում է Ղարաբաղի խնդիրը լուծելու համար, և միջազգային հանրությանը կոչ է արել քայլեր ձեռնարկել երկու երկրների միջև վիճաբանությունը կարգավորելու համար:
Հրաչ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Հրապարակումն ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում