Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ափսոսում է բանաստեղծուհի Մետաքսեի կորուստը՝ իբրեւ բանաստեղծ եւ մարդ: Ասում է՝ չի կարելի պոեզիան բաժանել կանացի եւ տղամարդու պոեզիայի, բայց մյուս կողմից էլ՝ նրա ձեւակերպմամբ. «Մետաքսեն կանանց պոեզիայում իր որոշակի դերն ուներ: Նա շատ անկեղծ էր, որոշ թեմաների արծարծումով իր ինքնատիպ ձեռագիրն էր մատուցում պոեզիայում, խոսքը հատկապես սիրային բանաստեղծությունների մասին է: Նա գրել է նաեւ մանկական հրաշալի բանաստեղծություններ, բազմաթիվ գրքեր թարգմանել եւ ընդհանրապես գրական կապերի զարգացման գործում կարեւոր դեր է խաղացել, քանի որ տարիներ շարունակ Գրողների միության գրական կապերի վարիչն էր:
Մետաքսեն ակտիվ դիրքորոշում ուներ հասարակական խնդիրների հարցում: Օրինակ, 90-ականներին, երբ Հայաստանը պատերազմի մեջ էր, Մետաքսեն հրաշալի նախաձեռնություն իրականացրեց՝ առաջին գծում կռվող մեր զինվորների համար տաք հագուստ հավաքեց: Գրողների միությունը պատերազմի տարիներին եղավ կենտրոն՝ զինվորներին օժանդակելու, առաջին գծի մեր մարտիկներին աջակցելու համար, եւ այդ աշխատանքը կազմակերպում էր Մետաքսեն: Պատահական չէ, որ նա արժանացել է «Մովսես Խորենացի» մեդալի, ՊՆ «Զորավար Անդրանիկ», Մայր աթոռի «Սուրբ Սահակ-Մեսրոպ» մեդալի»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Ինչքան ձևական խոսքեր կան այս աշխարհում: