Լրահոս
Օրվա լրահոսը

Համահայկական կրթական 6-րդ խորհրդաժողովի ընդունել է բանաձև

Օգոստոս 12,2014 16:35

Համահայկական կրթական 6-րդ խորհրդաժողովի արդյունքների հիման վրա ընդունվել է բանաձև, որն ուղղորդիչ է դառնալու ՀՀ կրթության և գիտության նախարարության համար` մոտակա երկու տարիների համար: Համաձայն բանաձևի` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ կրթության ոլորտում միասնական գիտակցությամբ գործելու, Հայաստան-Սփյուռք կրթական հարաբերություններն ամրապնդելու նպատակով 17 լիագումար նիստերում և 4 մասնախմբերում կազմակերպված համատեղ քննարկումների ընթացքում հնչած առաջարկությունների հիման վրա որոշվեց.

1.Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված աշխատանքների ուղղությամբ` Սփյուռքի, Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության բոլոր օղակներում կարևորել Հայոց ցեղասպանության և Հայ դատի վերաբերյալ աճող սերնդի կողմից ճշմարիտ պատմական գիտելիքների ձեռքբերումը և մշտապես պահանջատեր լինելու դիրքորոշումը` գերխնդիր դարձնելով ճանաչման, դատապարտման և հատուցման ուղենիշը:

2.Հայոց ցեղասպանության հարցերին անդրադառնալ հայագիտական դասընթացներում` կարևորելով ցեղասպանության պատճառները, նախապատմությունը, ընթացքը, հետևանքները, ինչպես նաև բացասական ազդեցությունների վերացման, դատապարտման և հատուցման գիտակցման ձևավորումը. Հայոց ցեղասպանության պատմական իրողությունն ու դրա իրավական կողմերը դիտարկել աշխարհում տեղի ունեցած և ճանաչում ստացած ցեղասպանությունների համատեքստում:

3.Ստեղծել Հայոց ցեղասպանության վերաբերյալ ուսումնաօժանդակ տարատեսակ նյութեր` հաշվի առնելով թիրախային խմբերի հոգեբանական առանձնահատկությունները:

4.Քաջալերել Հայոց ցեղասպանության մասին և նրան առնչվող գեղարվեստական, վավերագրական, ճանաչողական հայերեն և օտարալեզու գրականության հրատարակումն ու տարածումը:

5.Ուսուցիչների, մանկավարժական որակավորում տվող համալսարանների ուսանողների համար նախատեսել ուսումնական նյութեր Հայոց ցեղասպանության մասին, ծանոթացնել համապատասխան միջազգային պայմանագրերին, կոնվենցիաներին և դրանց իրավական բովանդակությանը:

6.Նպաստել Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների կրած հոգեբանական վնասվածքների ուսումնասիրությանը և հետևանքների վերացմանն ուղղված աշխատանքներին:

7.2015թ. իրականացվելիք կրթամշակութային միջոցառումները նվիրել Հայոց ցեղասպանության 100-ամյակին:

8. Մշակել և ուսուցիչներին տրամադրել բազմաբնույթ նյութեր Հայոց հերոսամարտերի, մասնավորապես Արցախյան ազատամարտի դրվագների և հերոսների մասին:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031