Օգոստոսի 18-24-ը Ծաղկաձորում կանցկացվի «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի տնօրեն Հովհաննես Գաբրիելյանն ասաց, որ երիտասարդական հավաքին այս տարի կմասնակցեն նաև նոր ջոկատներ. մարզերի, Երևանի, Արցախի, սփյուռքի, Ջավախքի, բուհերի, ոստիկանության, ռազմական ինստիտուտի, Գևորգյան ճեմարանի, «Փյունիկ» հաշմանդամների միության ջոկատներին կավելանան հասարակական կազմակերպությունների, երիտասարդ երկրապահների և լրագրողների ջոկատները:
Հ. Գաբրիելյանի փոխանցմամբ՝ «Բազեն» այս տարի նույնպես հագեցած կլինի մշակութային, մարզական և ինտելեկտուալ մրցույթներով: Ավանդական մրցույթներին (սեղանի թենիս, լող, վոլեյբոլ, ֆուտբոլ, բազկամարտ, հրաձգություն, շախմատ, երգ, պար, նկարչություն, նորաձևություն և այլն) կավելանա նաև փեյնթբոլի միջճակատային խաղը:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպվող և իրականացվող «Բազե-2014»-ին ՀՀ պետական դրոշը խորհրդանշող երեք ճակատների կազմում ներգրավված է շուրջ 500 երիտասարդ: Իսկ, ընդհանուր առմամբ, 12-ամյա պատմություն ունեցող «Բազեին» ավելի քան 8.000 երիտասարդ է մասնակցել Հայաստանից, Արցախից և սփյուռքից:
Կարդացեք նաև
Նարնջագույն ճակատի գեղարվեստական ղեկավար Արման Խաչատրյանը ՀՀ մշակույթի նախարարությանն առաջարկում է ուշադրություն դարձնել «Բազեի» շրջանակներում «բացահայտված» երիտասարդներին. «Նրանց մեջ շնորհալի երիտասարդներ շատ կան,- ասում է նա,- և ցավալի է, որ հնարավորություններ չունենալու պատճառով նրանցից շատերը կորում են»:
Նշենք, որ մրցույթներին զուգահեռ կանցկացվեն նաև հանդիպումներ մշակութային, հասարակական, քաղաքական, պետական գործիչների հետ:
Ինչպես տեղեկացրեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ծրագրերի ղեկավար Արուսյակ Պողոսյանը, «Բազեն» այս տարի ինչ-որ չափով ռազմական, մարտական ուղղվածություն կունենա՝ նկատի ունենալով սահմանին կատարվող վերջին դեպքերը: Կկազմակերպվեն մարտական պատրաստության, առաջին բուժօգնության դասընթացներ ու գործնական պարապմունքներ: Կլինի նաև մի պատ, որի վրա կփակցվեն վերջին իրադարձությունների պատճառով զոհված հայ զինվորների նկարներն ու նրանց անունները. «Յոթ օր շարունակ «Բազեի» մասնակից երիտասարդները կտեսնեն, թե ում են պարտական խաղաղության համար»,- նշեց Ա. Պողոսյանը:
Նա նաև ասաց, որ «Բազեի» այս տարվա գլխարկների ու շապիկների վրա պատկերված է հատուկ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համար պատրաստված խորհրդանիշը, որն առաջին անգամ է այդպես մասշտաբային ներկայացվելու:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ