Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սերգեյ Շաքարյանց. «ԱՄՆ-ն Մինսկի խմբի կազմից պիտի դուրս հանվի»

Օգոստոս 12,2014 15:42

«Իրավիճակը բնութագրում եմ որպես միտումնավոր ստեղծվող լարվածություն, որի նպատակը չէր վախեցնել հայկական կողմին. ի սկզբանե էին հասկացել, որ դրանով չէին վախեցնի: Նպատակն էր ստեղծել նախադրյալ, որից հետո Ադրբեջանը շանս կստանա ևս պահանջել տարբեր երկրներից սպառազինություններ, ցուցադրել, թե հարցի լուծումը անխուսափելի է»,-այսօր «Փաստարկ» ակումբում գնահատելով վերջին օրերի սահմանային լարվածությունն ու քաղաքական իրավիճակն, այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:

Նա նկատեց, որ Ադրբեջանի սադրանքներին առաջինն Ամերիկան է արձագանքել. «Միանգամից Ուորլիքն ասաց, որ այսուհետ սա սառեցված պատերազմ չէ»: Պարոն Շաքարյանցը հավելեց. «Միայն ամերիկացիներն են շտապում հայտարարել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմը սկսել է: Մի ասացվածք կա, եթե ուզում ես հասկանալ՝ ինչ է կատարվել, իմացիր՝ ում է դա ձեռնտու: Իսկ դա ձեռնտու է միայն ԱՄՆ-ին »: Այս պատճառով պարոն Շաքարյանցը կարծում է, որ ԱՄՆ-ն Մինսկի խմբի կազմից պիտի դուրս հանվի, քանի որ ԱՄՆ-ն Արցախը զուտ պահեստային դաշտ է դիտում:

Պարոն Շաքարյանցի կարծիքով՝ Ռուսաստանն ուղերձներ է ուղարկում Ադրբեջանին, որ համբերության բաժակը լցվելու է, ու ըստ նրա՝ զարմանալի չի լինի, որ վաղը մյուս օրը պահանջի սահմանին կատարված գործողությունների վերաբերյալ հետաքննություններ սկսել: Ըստ քաղաքագետի՝ «դա կլինի մահացու հարված Ադրբեջանին և այդ ժամանակ պարզ կլինի, թե զուտ Ադրբեջա՞նն է նախաձեռնում ռազմական գործողությունները, թե՞ այնտեղ գործող տարբեր միջազգային հրահրիչներ»:

Սոչիի արձագանքների մասին խոսելով՝ պարոն Շաքարյանցը նկատեց. «Սերժ Սարգսյանն իր գնահատականները այդ հանդիպմանը տվել է, բայց Ալիևը դեռ լռում է, նորմալ գնահատական Բաքվից դեռ չի լսվում»: Սերգեյ Շաքարյանցը հիշեցրեց, որ Ալիևը խուսափում էր գնալ Բաքու, ուստի նա պարտադրված է եղել մեկնել եռակողմ հանդիպման: Սերգեյ Շաքարյանցը տեղին համարեց այն, որ ՀՀ նախագահը, երբ Իլհամ Ալիևը խոսել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերից, ասել է, թե դու այդ կետերից որն ես կատարել»:

Հարցին՝ արդյոք ՀՀ-ում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի տեղակայման անհրաժեշտություն կա՞, պարոն Շաքարյանցը պատասխանեց. «Մինսկի խմբի ձևաչափը բացառում է, որ Ամերիկան կամ այլ երկիր միայնակ ձևավորի որևէ խաղաղարար խումբ. դա հավաքական զորախումբ պիտի լինի»:

Պարոն Շաքարյանցը մտահոգություն ունի, որ սահմանային միջադեպերը կկրկնվեն. «Ինձ չի թվում, որ թայմ աութ է լինելու: Սահմանում լարվածության մեծացում կլինի աշնանը, բայց թե երբ, հիմա դժվար է կանխագուշակել: Այս մտահոգությունն ունեմ, քանի որ ադրբեջանցիները շատ ավելի կառավարելի են դրսից, քան մենք: Ստատուս քվոն կպահպանվի, բայց անընդհատ խոցելի կետեր կփորձեն՝ Նախիջևանի սահմանին, հյուսիսային սահմանին»:

Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միություն և Մաքսային միություն մուտք գործելու հավանականության մասին, պարոն Շաքարյանցը եզրափակելով ասաց հետևյալը. «Ռուսաստանը չի շտապում Հայաստանի՝ Մաքսային միության անդամակցության հարցում: Ինչպես ասում են՝ մենք փորձում ենք ավելի շուտ հասնել, քան մեր ձին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031