Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ պատգամավոր. «Ալիեւը Պուտինի մոտ խոստանում է ու էդ գիշեր գնդակոծում, բա ո՞նց Լավրովը դա չի ասում»

Օգոստոս 12,2014 15:38

ՌԴ-ի եւ Ադրբեջանի նախագահների հետ եռակողմ հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը «Արմնյուզին» տված հարցազրույցում ասաց, որ «միջադեպերի կանխարգելումը բանակցային գործընթացի բաղկացուցիչ մաս է, բայց առանձին պայմանավորվածություն, որպես այդպիսին, ձեռք չբերվեց՝ ելնելով այն հանգամանքից, որ դա ինքնըստինքյան ենթադրվում է»:

Այդ հանդիպման առնչությամբ, Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն ասաց. «Արդեն հրադադարի պայմանագիրը կար, դրա համար մեկ անգամ եւս համաձայնագիր կնքելն անիմաստ էր: Բայց նաեւ բոլորին էլ պարզ էր, որ հանդիպման նման ձեւաչափը եւ արագացված նման հանդիպում կազմակերպելը պատճառ էր նրան, որ սահմանում լարվածությունը մեծացել է: Եթե Ալիեւը նորմալ մարդ է, ուրեմն պիտի հասկանար ու հանդիպումից հետո շատ արագ միջոցներ ձեռնարկեր՝ հրադադարի ռեժիմը պահպանելու: Հստակ խնդիր կա հրադադարի ռեժիմը պահպանելու եւ հետ քաշելու դիպուկահարներին: Եթե ինքը այդ 2 խնդիրը նորից չէր լուծելու, ուրեմն ստացվեց, որ անիմաստ է նման մարդու հետ հանդիպելու կամ բանակցություններ սկսելու:

Առաջին խնդիրը դա էր՝ հետ քաշել դիպուկահարներին, որը չեղավ: Հանդիպումից հետո, ցավոք, կրակոցները շարունակվեցին: Ճիշտ է, ոչ նույն ինտենսիվությամբ, բայց տեսնում ենք, որ էլի կրակում են: Ցանկացած կրակոց կարող է էլի մարդկային կյանք խլի: Դրա համար, կարծում եմ, միջազգային կառույցները, որ հենց մի քանի ադրբեջանցի զոհվեցին, արագ սկսեցին հայտարարություններ տարածել, նրանք պետք է այդ հայտարարություններից կոնկրետ անցնեն գործի: Ցանկացած նմանատիպ խախտում, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կգնան, թե որտեղից՝ պետք է գնան հետազոտեն եւ կոնկրետ մեղավորների անունները հայտարարեն: Ոչ թե օդի միջից ասեն անընդհատ՝ մենք մտահոգված ենք: Էդ մտահոգությունն ո՞ւմ է պետք, բոլորս էլ մտահոգված ենք»:

Մեր հարցին՝ հիմա կարո՞ղ ենք ասել, որ Սոչիում այդ հանդիպումը ոչինչ չտվեց մեզ՝ ՀՀԿ պատգամավորը պատասխանեց. «Ես անկեղծ ասեմ, եթե հրադադարի ռեժիմը չպահպանվի, կարծում եմ, որ այդ հանդիպումը ոչ մի բան չարժի»:

Թեեւ Սերժ Սարգսյանն ասել էր, որ այդ հանդիպմանը որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել, բայց Սերգեյ Լավրովը Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքները ներկայացնելիս ասել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել միջադեպերի հետաքննություն անցկացնելու համաձայնագիր ստորագրել: Սա չի՞ հակասում Սերժ Սարգսյանի խոսքերին՝ ՀՀԿ պատգամավորը պատասխանեց. «Լավրովը ոչ թե ասեց պայմանավորվածություն կա, որովհետեւ նման փաստաթուղթ չի ստորագրվել: Այսինքն, Լավրովն ասեց՝ ճիշտ է, որ նման դեպքերը բացահայտվեն:

Բայց էլի եմ ասում՝ խոսքերից այն կողմ չեն անցնում: Այո, ՌԴ-ն, որպես Մինսկի խմբի համանախագահ, ցանկացած նման միջադեպ թող ինքը վերցնի իր ձեռքը եւ հայտարարություններից անցնեն կոնկրետ գործի: Կոնկրետ ոչ մի թուղթ չի ստորագրվել դրա մասին: Այսինքն, նախկին ստորագրված համաձայնագրերն են: Լավրովի հայտարարությունը ես լսել եմ: Բայց պայմանավորվածությունը ո՞րն է, երբ բանավոր խոսում են նախագահները, հետո նորից հաջորդ օրը կամ էդ գիշեր գնդակոծում են: Դա էլ էր պայմանավորվածություն, բա ո՞նց Լավրովը դրա մասին չի ասում»:

Մեր հարցին՝ շատերն ասում են, որ այդ հանդիպման միջոցով Պուտինը կփորձի ցույց տալ իր ազդեցությունը տարածաշրջանում, հիմա, երբ Ալիեւը նրա մոտ մի բան է ասում եւ այլ բան անում, փաստորեն որեւէ ազդեցություն նա չունի՞ Ադրբեջանի վրա՝ Սուքիաս Ավետիսյանը պատասխանեց. «Այսպես թե այնպես բոլորին հասկանալի է, որ Եվրոպայի, ԱՄՆ-ի հետ հարաբերությունները հասել են արդեն պատերազմից էլ այն կողմ, եւ բնական է, որ Պուտինին անհրաժեշտ է ամրապնդել տարածաշրջանում իր դիրքերը: Հանդիպման ժամանակ Պուտինի մոտ Ալիեւն ասեց՝ կողմ եմ, բայց կողմ լինելով՝ պիտի նաեւ միջոցներ ձեռնարկեր, թե չէ իրենց ասած խոսքն ի՞նչ է: Եթե հանդիպման ժամանակ պիտի նստի Ալիեւն ասի՝ կողմ ենք, հետո նորից ռազմական գործողությունները շարունակի, դա պրեզիդենտի խոսքի գինն է: Միջազգային հանրությունը թող տեսնի դա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031