Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատերազմի ընթացքում հնդիկ ներմուծողը չի ապահովելու բանակին դեղով, այլ տեղական արտադրողը» (Տեսանյութ)

Օգոստոս 12,2014 15:19

Հայաստանի դեղարտադրողների եւ արտահանողների միության նախագահ Սամվել Զաքարյանն այսօր «Նոյյան տապան» մամուլի ակումբում ասել էր, որ անցյալ տարի տեղական արտադրողների արտադրանքի եւ արտահանման ծավալները ավելացել են: Պրն Զաքարյանը նաեւ ասել էր, որ անցյալ տարվա համեմատ՝ այս տարի կլինեն արտահանմանը խոչընդոտող մի քանի մարտահրավերներ եւ չհաշվարկված կորուստներ եւ նշել, որ շուկայում հայտնվել են այլ երկրներից՝ մասնավորապես Հնդկաստանից եւ Վրաստանից ներմուծված դեղեր, որոնք ավելի մատչելի են, եւ որոնք պետական գնումների մրցույթների ժամանակ հաղթում են տեղական արտադրողներին:

Այս առնչությամբ Aravot.am-ը պրն Զաքարյանից հետաքրքրվեց, ինչո՞ւ են մաքսանենգ ճանապարհով Վրաստանից ներմուծվում դեղեր, ի՞նչ որակական հատկանիշներ ունեն դրանք եւ ի՞նչն է պատճառը, որ խոչընդոտում են տեղական արտադրողների ապրանքի վաճառքին:

Պրն Զաքարյանն ասաց, որ, ի տարբերություն Հայաստանի, Վրաստանում եւ Ադրբեջանում դեղահումքերի եւ դեղամիջոցների վրա չկա 20 տոկոս ԱԱՀ, իսկ Հայաստանում կա, որն էլ պատճառ է հանդիսանում, որ Վրաստանում դեղերը 20 տոկոսով ավելի էժան են, քան Հայաստանում. «Այս 20 տոկոս տարբերության պատճառով է, որ մեր շուկայում ստվերային տնտեսության պարագայում Վրաստանից պայուսակներով, մեքենաներով, մաքսանենգ ճանապարհներով բերվող դեղամիջոցները շատանում են: Դրանք հիմնականում հայտնվում են մարզային դեղատներում, որտեղ շատ դժվար է հետեւել գրանցված կամ պաշտոնապես ներմուծված դեղերը»:

Մանրամասն՝ տեսանյութում

Պրն Զաքարյանը նշեց նաեւ, որ պայքարելու համար, խոսակցություններ կան, որ հիմնադրամ պետք է ստեղծվի, որը պետք է այդ 20 տոկոս հարկը սուբսիդավորի, սակայն մինչեւ հիմա այդ հիմնադրամը դեռեւս չի ստեղծվել:

Սամվել Զաքարյանը տեղեկացրեց, որ Երեւանի դեղատներում եւ հատկապես հայտնի դեղատներում չեն հանդիպում նման կերպով ներմուծված դեղեր. «Պետք է շահագրգռված լինել, որպեսզի տեղական արտադրողները զարգացնեն իրենց բիզնեսը, մինչդեռ մաքսանենգ ճանապարհով մենք չգիտենք, թե ինչպիսի դեղեր են՝ թույն է, ժամկետանց է: Ի վերջո, պատերազմող երկրում շատ կարեւոր է, որպեսզի բիոտեռորիզմի հարցում լուրջ վերահսկում լինի: Պատերազմի ընթացքում առաջին հերթին տեղական արտադրողներն են դեղերով ապահովելու բանակին, հնդիկ կամ վրացի ներմուծողը չի գա եւ մեր բանակին տա որակյալ դեղեր»:

Սամվել Զաքարյանը նաեւ անդրադարձավ Հնդկաստանից Հայաստան ներմուծվող դեղերին. «Մեր շուկայում հայտնված հնդկական դեղերը կենսահամարժեքային մասով շատ թույլ են: Եթե որակյալ բաղադրիչներով դեղը մեկ հաբ խմում եք եւ ազդեցությունը տեսնում եք մեկ ժամ հետո, ապա մի քիչ ավելի էժան հնդկական դեղերը 2-3 հաբ խմելուց հետո, հնարավոր է միայն ստանալ մեկ հատի ազդեցությունը: Հենց նման հնդկական դեղերն են, որ 4 դրամով կամ 3 դրամով ավելի էժան են ներկայանում պետական գնումներին եւ հաղթում են տեղական արտադրողներին»:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031