«Մենք միշտ հանդիպում ենք Հայաստանի իշխանությունների թույլ քայլերին»,- այսօր` օգոստոսի 12-ին, «Երկու երես» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:
Նա համարում է, որ օգոստոսի 10-ին Ռուսաստանի Սոչի քաղաքում տեղի ունեցած Սարգսյան-Պուտին-Ալիեւ հանդիպումը ոչինչ չտվեց: Սակայն, ըստ պարոն Հարությունյանի, այդ հանդիպման միջոցով Ռուսաստանը ցանկանում էր իր դերակատարությունը մեծացնել տարածաշրջանում, նամանավանդ, որ Արեւմուտքի հետ խնդիրներ ունի, որն էլ իրենց հայտարարություններով Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւն ապացուցեցին.
«Երկու նախագահները Պուտինի մոտ իրենց պահվածքով դա էին ապացուցում` նշելով նաեւ Ռուսաստանի դերակատարության կարեւորությունը: Ղարաբաղի հարցը նման է այն հավին, որ ոսկե ձու է ածում, եւ գերտերությունները հնարավորություն են ունենում իրենց ազդեցությունն ունենալ տարածաշրջանում: Ստատուս քվոն, համոզված եմ, որ չի փոխվելու, որովհետեւ գերտերություններն, որքան էլ առանձին հայտարարություններ անեն, իրենք համոզված են, որ խախտումն անկանխատեսելի է, եւ պարզ չէ, թե արդյոք այն գերտերությունը, որ փորձի խախտել, ավելի լավ դիրք կստանա՞, քան մինչեւ հիմա ուներ»:
Արամ Հարությունյանի կարծիքով` ղարաբաղյան հարցը լուծելի չէ, որովհետեւ չկա այն տարբերակը, որը ձեռնտու կլինի ե’ւ երկու ժողովուրդներին, ե’ւ գերտերություններին: Նա նշեց, որ եռակողմ հանդիպման ընթացքում պարզ դարձավ, որ երկու կողմերն էլ ցանկանում են, որ հարցը խաղաղ ճանապարհով լուծվի, իսկ Պուտինն էլ շատ ուրախ է: Իսկ այդ հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանի` Ալիեւին ուղղած հարցն, ըստ նրա, ոչ թե սուր հարց է, այլ հակառակը.
Կարդացեք նաև
«Մեր բախտը բերում է, որ Ալիեւն այդպես չի փայլում խելքով, ինքը կարող է պատասխաներ` եկե’ք սկսենք միանգամից, մոռանանք Մինսկի խումբ, Ռուսաստանը թո’ղ դառնա մեր քավորը, իրագործենք ՄԱԿ-ի ընդունած բանաձեւը: Դուրս եկավ՝ Ալիեւն է ուզում խաղաղ ճանապարհով լուծել, մենք համաձայն ենք, Պուտինն էլ ուրախ է»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ