Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ի՞նչ տվեց Սոչիի հանդիպումը (տեսանյութ)

Օգոստոս 12,2014 14:46

Առցանց «Առավոտի» եթերում թեման քննարկում են ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը եւ «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը

Արամ Աբրահամյան.- Սոչիում նախագահների հանդիպումից հետո տարածաշրջանը դարձա՞վ ավելի անվտանգ:

Ալեքսանդր Արզումանյան.- Չեմ կարծում. ամենալավ բնութագիրը, այս հանդիպման, տվել էր ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը, ով մի քանի օր առաջ ասաց, որ Ռուսաստանը հանդիսանում է այս տարածաշրջանի «նայող»:

Ա. Ա.- Մենք ասոցացնում ենք դա «զոն նայողի» հետ:

Ալ. Ա.- Նա հենց դա ասաց: Դա լիովին արտացոլում է այսօրվա ռուսական քաղաքական էլիտայի մոտեցումը, սա մեծ «զոնա» է՝ ամբողջ նախկին ռուսական կամ խորհրդային կայսրությունը, որտեղ «նայողը» ցարն է կամ գլխավոր քարտուղարը, կամ պրեզիդենտը: Եվ այդ տրամաբանության մեջ լիովին հասկանալի է, որ դա մեսիջ էր արտաքին աշխարհին՝ «սա իմ տարածաշրջանն է, եւ ես կկանչեմ, կկարգավորեմ»:

Ամեն երկիր՝ երեք նախագահներից, յուրաքանչյուրը փորձում էր թե ներքին լսարանին, եւ թե արտաքին աշխարհին իր պատգամները ուղղել, եւ կարծես յուրաքանչյուրը կարողացավ իր ասելիքը ասել:

Ա. Ա.- Այսինքն` այսպիսով լարվածությունը չթուլացա՞վ:

Ալ. Ա.- Ոչ, բայց հանդիպումը կարեւոր էր այն առումով, որ կողմերը նորից վերահաստատեցին, որ խաղաղ բանակցությունների միջոցով պետք է հարցը կարգավորվի, լարվածությունը էականորեն կնվազի այս պահի դրությամբ:

Չեմ ասում, որ Ադրբեջանը կհրաժարվի իր ոտնձգություններից, բայց այս պահին Ադրբեջանին էլ էր ձեռնտու, եւ փաստորեն դեմքը փրկելու հնարավորություն ստացավ. ռազմական անհաջող փորձերից հետո նա կարող է իր ներքին լսարանին արդեն ասել, թե՝ քանի որ պայմանավորվեցինք, որ պետք է խաղաղ լուծենք, այս պահին զենքով չեմ նվաճում, ինչը կարող եմ անել:

Ա. Ա.- Պատճառահետեւանքային կապերը` իրավիճակը սրվեց Սոչիի հանդիպմանն ընդառա՞ջ, թե՞ իրավիճակը սրվեց հենց նրա համար, որ հանդիպումը կայանա Սոչիում եւ ոչ թե, ասենք, Փարիզում:

Արա Պապյան.- Իմ տեսանկյունից հիմնական շահողը այս հանդիպումից Ռուսաստանն էր, որովհետեւ Ռուսաստանը կարողացավ ցույց տալ աշխարհին իր հատուկ դերակատարությունը Հարավային Կովկասում: Ելնելով այդ մտքից` ակնհայտ է դառնում Ռուսաստանի որոշակի շահագրգռվածությունը վիճակը սրելու, եւ երբ որ մենք նայում ենք իրենց լրատվական անդրադարձներին, թե ինչպես էին մեկնաբանվում նախորդ օրերի բախումները, ակնհայտորեն այդ հրահրման գիծը կար:

Կան օբյեկտիվորեն սրման համար հիմքեր. չմոռանանք` ինչքան Ադրբեջանը շատ է զենք գնում հենց նույն Ռուսաստանից, այնքան իրավիճակը սրվում է եւ կշարունակվի սրվել: Ես համաձայն եմ, որ լարվածությունը մի փոքր այս օրերին գուցե եւ անկում ապրի, բայց այսպես ասենք` ալիքաձեւ վերընթաց ձեւով կշարունակի սրվել: Այն, ինչ մեզ համար անսովոր էր, այսինքն` լարվածության որոշակի աստիճանը, ցավոք սրտի, շուտով կդառնա սովորական:

Ա. Ա.- Մինչեւ ո՞ր պահը պետք է սրվի:

Ա. Պ.- Կսրվի այնքան, քանի դեռ պատահականորեն ավելի լայնածավալ բախումներ տեղի չեն ունեցել: Այսօր չեմ կարծում` դա տեղի ունենա, որովհետեւ ոչ Ադրբեջանն է պատրաստ դրան եւ ոչ էլ մեր ուժերն են շահագրգռված: Համաձայն եմ` Ադրբեջանին պատրվակ էր պետք` պահպանելով երեսը, պատիվը, այսպես ասած, չգնալ պատերազմի:

Մենք նկատում ենք` այն աստիճան է այսօր Ադրբեջանի քաղաքականությունը ներսում սրված պատերազմի կոչերով, որ հասարակությունը դա պահանջում է, եւ իրենց թվում է, որ դա հեշտ պետք է լինի: Ցավոք սրտի, սթափ ձայները գնալով կրճատվում են, եւ մենք տեսնում ենք նաեւ այս վերջին ռեպրեսիաները` սթափ բաներ ասողներին բռնում են:

Պատրաստեց Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

12.08.2014 թ.

OSI NEW ARM copy

«Դեմ առ դեմ» հաղորդաշարը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կողմից: Սույն հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները և վերլուծությունները արտահայտում են մասնակիցների կարծիքը և հաստատված չեն Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կամ նրա խորհրդի կողմից։ Սույն հաղորդման պատրաստումը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ ԶԼՄ-ների աջակցման ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N18624։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031