Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանը, հայ լինելը վիրավորանք համարելով, փորձել է շահել ընտրողների սիրտը

Օգոստոս 12,2014 14:24

Թուրքագետ Գեւորգ Պետրոսյանի գնահատմամբ, Թուրքիայում առաջիկա տարիներին Հայոց ցեղասպանության ճանաչման, հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հարցը օրակարգում չի լինի:

Ըստ նրա, նորընտիր նախագահ Էրդողանի օրակարգում քրդական հարցն ու սահմանադրական փոփոխություններն են լինելու:

«Թուրքիան իր արտաքին քաղաքականությունը չի փոխելու, որովհետեւ դերակատարների փոփոխություն չի եղել, շարունակելու է նույն քաղաքականությունը Սիրիայի հարցում, Հայաստանի հետ էլ՝ նույն խաղերի քաղաքականությունն է լինելու: Էրդողանը կանի իր լավագույնը սահմանադրական փոփոխություններով Թուրքիայի՝ նախագահական պետության անցումն ապահովելու համար, որ որպես նախագահ ինքը լիազորություններ ունենա հանգիստ իշխել»,- այսօր «Արմատ» ակումբում ասաց թուրքագետը:

Հարցին՝ կընդունի՞ ՀՀ նախագահի հրավերը Հայաստան գալու ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, թուրքագետն ասաց՝ կընդունի, եթե այդ հրավերը իրենց շահերից ելնի, դրական անդրադառնա Թուրքիայի վրա:

Թուրքագետը պատմեց, որ նախագահական ընտրություններից առաջ ինքը Թուրքիայում էր ու նախընտրական շրջանին հետեւելիս արձանագրել է, որ Էրդողանը բացարձակապես հաղթող էր նաեւ նախընտրական քարոզարշավի ժամանակ. «Կարսում ամենուրեք Էրդողանին նվիրված երգն էր հնչում, ամենուրեք նրա ցուցանակներն ու պաստառներն էին: Ինչու հաղթեց Էրդողանը, որովհետեւ կայուն ընտրազանգված ունի: Նրա մրցակիցները թույլ էին»:

Հետո ասաց, որ Էրդողանին բնորոշ է հակահայկական դիրքորոշումը ու դրանով պայմանավորեց Էրդողանի՝ հայ լինելը վիրավորանք համարելու մասին հայտնի հայտարարությունը. «Նախընտրական քարոզարշավի ժամանակ հայամետ հայտարարություններ սպասել պետք չէր»:

Անդրադառնալով լուրերին, որ Էրդողանը ձգտում է ոչ թե ԵՄ, այլ Մերձավոր Արեւելք, պարոն Պետրոսյանն ասաց, որ. «Էրդողանի քաղաքականությունը տնտեսական հիմքի վրա է: Նրա համար առաջնային է շուկա գտնել, շուկա ստեղծել, հասկանում է, որ Մերձավոր Արեւելքը պոտենցիալ շուկա է: Իսկ ակնհայտ է, որ Մերձավոր Արեւելքի շուկան հեռանկարային է, այնտեղ թուրքական ապրանքը լավ է սպառվում: ԵՄ-ը ներկայումս որոշակի ճգնաժամ է ապրում եւ այս ամենի համատեքստում թուրք հասարակության մեջ կան կասկածներ, թե որքանով է Թուրքիային պետք ԵՄ-ը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031