«Էրդողանը պուտինիզացիայի է գնում: Նա կոշտ քաղաքականություն է վարելու տարածաշրջանում, բոլորին ասելով, որ իր հետ պետք է հաշվի նստել: Ուզում է դառնալ երկրորդ ձիավոր, դրա համար էլ իրեն Արեւմուտքում փոքրիկ սուլթան են անվանում»,- «Նոյյան տապան» մամուլի սրահում այսօր կարծիք հայտնեց հրապարակախոս-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը` խոսելով «Նախագահական ընտրությունների արդյունքները Թուրքիայում. զարգացումները Միջին Արևելքում» թեմայի շուրջ:
Ի դեպ, բանախոսը տեղեկացրեց, որ Թուրքիայում ընտրությունների նախաշեմին «Ակոս» շաբաթաթերթում մի հոդված է հրապարակվել, որից պարզ է դառնում, որ Թուրքիայի 11 նախագահներից միայն Աբդուլա Գյուլն է, որ հայատյաց չի եղել: Ավելին, ցավոտ, կնճռոտ հարցերի շուրջ խոսելու պատրաստակամություն է ունեցել: Ի դեպ, ասում են, որ Գյուլի նման կեցվածքը պայմանավորված է նրանով, որ հայկական արյուն ունի իր մեջ:
Էրդողանի նման հաղթանակից հետո, Հացպանյանի կարծիքով՝ հայկական հարցով էլ կոշտ դիրքորոշում կորդեգրի: Բայց քանի որ Ցեղասպանության հարյուրամյա տարելիցն առջեւում է, Հացպանյանն ասում է, որ Էրդողանն իր համար երկու դոսյե է նախապատրաստել` իր երկրի զինվորական եւ ուժային կառույցներին եւ հայ ժողովրդին ուղղված, որոնցում կա չափազանց հայամետ, հայանպաստ դիրքորոշումներ. «Մուշեղ իշխանի ծննդավայրում ինքն ուզում է գալ տարվա սկզբին բացել հայկական երրորդ եկեղեցին ու հանձնել հայկական պատրիարքությանը: Մի քանի վայրերում ինչ-որ անվանակոչությունների հայտեր են նախապատրաստում, սեպտեմբեր-հոկտեմբերին երեւի կհայտարարվի թուրքահպատակների զավակներին Թուրքիայի քաղաքացիություն շնորհելու մասին` նաեւ ընտրել-ընտրվելու իրավունքով եւ այլն:
Հայաստանի հետ սահմանի բացման համար շենք-շինություններ գործողություն են սկսել`Հայաստանը Թուրքիայից տարանջատող Մարգարայի ավտոմայրուղին ուզում են Հրանտ Դինքի անվամբ կոչել` իբրեւ խաղաղության խորհրդանիշ: Հասարակական կազմակերպությունների մակարդակով Ցեղասպանության հարցը կբարձրացնեն, դրա քննարկումները չեն խոչընդոտվի: Սրանք խորհրդանշական քայլեր են` ցույց տալու համար, որ Թուրքիան հումանիստ պետություն է: Բայց այս ամբողջի գագաթնակետն է ու Թուրքիայի դիվանագետները պատրաստվում են դրան, ապրիլի 23-ի գիշերը Էրդողանն իր ամբողջ կազմով ժամանելու է Հայաստան` հրապարակ եւ բարձրանալու է Ծիծեռնակաբերդ»:
Կարդացեք նաև
Այդ քայլի արդյունքում, ըստ Հացպանյանի, Էրդողանը ոչ միայն կմտնի պատմության մեջ` իբրեւ Նոբելյան մրցանակի արժանի մարդ, այլ ամբողջ աշխարհը կխոսի ոչ թե Հայաստանից ու Ցեղասպանությունից, այլ Թուրքիայից`իբրեւ այդ երկրի զարգացած, հանդուրժող, հումանիստ պետություն լինելու մասին: «Էրդողանը կգրպանի Ցեղասպանությունը`ոչինչ չտալով: Հայկական պետությունը պատրաստ չէ դրան:
Եթե Էրդողանն այդ քայլն արեց`բոլորը գետնին են հայտնվում: Թուրքիայի դիվանագիտական կորպուսը շատ լուրջ է աշխատում դրա վրա: Հայությունը շատ կարճ ժամանակ ունի Թուրքիայի այդ քայլին հակադարձելու: Ավելին, մինչեւ այժմ հայությունը, ՀՀ-ն որեւէ հոդաբաշխ նախադասությամբ չի ձեւակերպել իր ցանկությունը` ի՞նչ է ուզում» ,- ասաց բանախոսը` հավելելով, որ գոնե հարյուրամյա տարելիցին մեր հստակ դիրքորոշումը պիտի ունենանք`պետական հայեցակարգի տեսքով, էլ չխոսելով արժանի հակաքայլի մասին կամ «առաջադեմ հայության հատվածի», որը կխոսի հաշտեցման անհրաժեշտության մասին:
Իսկ Էրդողանի՝ Հայաստան ժամանման Սերժ Սարգսյանի հրավերը մի բանի համար է արվում`ցույց տալու համար, որ դա մեր նախաձեռնությունն էր. «Բայց Սերժը չգիտի`ի՞նչ անել»: Այժմ Հայաստանում գտնվող տիգրանակերտցի դավանափոխ հայերն, ըստ Հացպանյանի եւ սահմանից անդին գտնվող համանման մարդիկ մեզ համար մեծ խաղաքարտ են, որը չի օգտագործվում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ «Նոյան-Տապան»-ի