Լրահոս
Օրվա լրահոսը

Սարգիս Հացպանյան. «Էրդողանը Թուրքիայի ժողովրդի ընտրությունն է»

Օգոստոս 12,2014 14:08

«Կարելի է ասել, շատ թեթեւ, գրեթե աներեւույթ իրադարձություններ Թուրքիայում տարբեր վայրերում եղան, բայց, համենայնդեպս, արդար եւ թափանցի՞կ էին այդ ընտրությունները, թե` ոչ, որեւէ տեղում, որեւէ թեկնածուի կողմից չի վիճարկվել: Մի քանի տեղեր`Անկարայում, Իզմիրում եւ այլն, եղան վերահաշվարկներ, բայց դուրս եկավ այն, ինչը որ եղել էր»,- «Նոյյան տապան» մամուլի սրահում այսօր խոսելով Թուրքիայում կայացած նախագահական ընտրությունների մասին եւ պատասխանելով հարցին՝ ազատ-արդա՞ր էին Թուրքիայում երկու օր առաջ կայացած նախագահական ընտրությունները, թե՞ իշխանությունն ամեն գնով փորձեց վերարտադրվել, ասաց հրապարակախոս, փորձագետ Սարգիս Հացպանյանը:

«Այնտեղի տեխնոլոգիաները բոլորովին ուրիշ են: Քարոզարշավի ժամանակ է լինում կաշառք կոչված հատվածը: Խոստումներ-բաներ, ժողովրդին շահագրգռել դեպի Իրան, բայց մարդկանց ուղղակի կաշառել, բռնել-տանել կարուսելներ անել եւ այլն, չեն լինում: Բացառվում է, երբեք չի եղել»,- ասաց բանախոսը` հավելելով, որ սա Թուրքիայի ժողովրդի ընտրությունն էր:

Բայց նա հետաքրքիր է համարում, որ 52 տոկոս ընտրող եւ 48 տոկոս չընտրող ունի Էրդողանը: Հացպանյանը ուշագրավ է համարում ընտրությունների մասնակիցների թիվը` 74 տոկոս: Ըստ նրա, Թուրքիայում առաջին անգամն է ընտրություններին մասնակցության նման ցածր ցուցանիշ գրանցվում: Պատճառը նա համարում է ընտրությունների բոյկոտի ակտիվ քաղաքականությունը, որը, փաստորեն, լավ աշխատեց:

Թուրքիայի գործող նախագահ Աբդուլա Գյուլի լիազորություններն ավարտվում են օգոստոսի 28-ին: Էրդողանի ղեկավարած կուսակցությունն ամսի 27-ին արտակարգ-արտահերթ համագումար է հրավիրելու, ինչը Հացպանյանն անակնկալ է համարում: Ապագա վարչապետը նշանակվելու է հենց համագումարի օրը եւ ով այդ օրը դարձավ կուսակցության նախագահ` նա էլ կլինի Թուրքիայի հաջորդ` երկարամյա` հնգամյա վարչապետը: Հացպանյանը չի կարծում, որ այդ անձը կլինի Գյուլը, ինչպես շատերն են կարծում, քանզի, Էրդողանի մերձավորներն այլ` իրոնիկ հայտարարություններ են արել Գյուլի մասին: Գյուլն ինքը հայտարարել էր, որ վերադառնալու է հարազատ կուսակցություն եւ անելու է այն, ինչն իրեն վստահվի:

Հացպանյանը գտնում է, որ Թուրքիան ավտորիտար պետություն դառնալու հայտ է ներկայացնում`դատելով Էրդողանի առաջին հայտարարություններից ու կարծում է, որ քրդական հարցում փոփոխություններ չեն լինի: Հիշեցնենք, որ Էրդողանը տասը տարի նախագահելու հայտ է ներկայացրել`ասելով, որ Թուրքիայի հարյուրամյակի նախագահն ինքն է լինելու:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ «Նոյան-Տապան»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031