Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրանիկ Քոչարյան. «Սերժ Սարգսյանը առաջին հերթին իշխանության պահվածքին վերաբերվող հորդորով պետք է հանդես գար»

Օգոստոս 12,2014 13:25

«Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց. «Երբ Ադրբեջանի ղեկավարությունը, Ադրբեջանի նախագահը մշտապես ասում է, որ Հայաստանում գրեթե մարդ չի մնացել, Հայաստանը կործանման եզրին է և այլն, շատ պարագաներում նա կրկնում է մեր, այսպես ասած, որոշ ընդդիմադիրների կարծիքները: Ուզում եմ ասել, որ այդպիսի վերաբերմունքը ոգևորում է ադրբեջանցիներին:

Ուղղակի իմ խնդրանքն է մեր ընդդիմադիրներին՝ որոշ դեպքերում և որոշ հարցերի շուրջ լինել զուսպ: Ես նրանց կոչ չեմ անում մեր դեմ չպայքարել: Ընդդիմությունը նրա համար է, որ որպեսզի պայքարի իշխանությունների դեմ, բայց երբ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակ է, երբ սահմաններին կոնֆլիկտների թիվը ավելանում է հակառակորդին ոգևորելը լավ բան չէ»:

Ժողովրդավարության, անվտանգության եւ զարգացման հայկական կենտրոնի ղեկավար Անդրանիկ Քոչարյանից «Առավոտը» հետաքրքրվեց՝ կարծո՞ւմ է արդյոք որ ընդդիմությունը պետք է ականջալուր լինի այդ խնդրանքին:

«Ես կարծում եմ, որ ընդդիմության հիմնական խնդիրը պետք է լինի հասարակությանը տալ ճշմարտացի տեղեկատվություն, այսինքն՝ խոսել ճշմարտության մասին: Լավ կլիներ՝ Սերժ Սարգսյանը կոչով դիմեր նաեւ իշխանությանը, որ իրենց այնպես պահեին, որպեսզի հայ մարդը մնար իր երկրում եւ ոչ թե անընդհատ աչքը դեպի դուրս լիներ: Այսինքն իշխանավորներին հորդորեր, որպեսզի նրանք պահպանեին պետական շահը, հեռու մնային կոռուպցիայից, գործեին օրենքի շրջանակներում, սպասարկեին քաղաքացու շահը,- պատասխանեց Անդրանիկ Քոչարյանը: – Իրոք արժեր, որ այս պայմաններում Սերժ Սարգսյանը ոչ թե կոչ հնչեցներ ընդդիմության պահվածքի վերաբերյալ, այլ առաջին հերթին հանդես գար իշխանության պահվածքին վերաբերվող հորդորով, որովհետեւ ամեն ինչ չի, որ պայմանավորված է ընդդիմության քննադատություններով: Շատ բան այսօրվա մեր երկրում պայմանավորված է նաեւ իշխանությունների պահվածքով: Այսինքն՝ իշխանությունների պահվածքի մեջ կան խնդիրներ, որի լուծմամբ է, որ մեր երկիրը պետք է դուրս գա այս ճգնաժամային վիճակից»:

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Անդրանիկ Քոչարյանի մեկնաբանությունները՝ Սոչիի հանդիպման արդյունքների եւ սահմանային վերջին լարվածության վերաբերյալ կարդացեք «Առավոտի» վաղվա տպագիր համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031