Լրահոս
Օրվա լրահոսը

Սոչիի հանդիպումից հետո. «Սա ժամանակավոր անդորր է կատաղի մարտից առաջ»

Օգոստոս 12,2014 12:20

«Վախենամ՝ սա ժամանակավոր անդորր է կատաղի մարտից առաջ. երևի Պուտինը երկու նախագահներին էլ ասել է՝ դադար տվեք»,-այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը: Նա կարծում է, որ Սոչիից հետո Ալիևը մնաց իր կարծիքին, Սերժ Սարգսյանն՝ իր:

Մանվել Եղիազարյանը բանակցությունների ամենամեծ ձեռքբերումը համարեց ՌԴ նախագահ Պուտինի այն ասածը, թե արցախյան խնդիրը Խորհրդային միությունից ենք ժառանգություն ստացել ու շարունակեց. «Մենք Ադրբեջանն էլ ենք Խորհրդային միությունից ժառանգություն ստացել, այդպիսի պետություն չի եղել»:

Մանվել Եղիազարյանի կարծիքով՝ նաև մենք ենք մեղավոր, որ Ադրբեջանն այսքան լկտիացել է: Նա նշեց. «Այս հանդիպումը սառեցրեց արցախյան հիմնահարցի լուծումը, սակայն ձեռք բերված պայմանավորվածությունը շատ փխրուն է»:
Անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե մենք պետք է հաշվի առնենք, որ գործ ունենք գազազած թշնամու հետ, Մանվել Եղիազարյանը նկատեց. «Այդ կոչը ուշացումով է արվում, իհարկե, պետք է զգոնության կոչ անել»:

Aarvot.am-ի հարցին՝ արդյոք ԱԳՆ-ի աշխատանքն այս օրերին գոհացուցի՞չ էր, պարոն Եղիազարյանը պատասխանեց. «ԱԳՆ-ի պահվածքն ամենաշատն է ինձ զարմացնում. բան կա, որ պետք է իրենք ասեն, բայց ասում է նախագահը: Չգիտեմ՝ վախենում են արտահայտվել, կամ էլ իրենց պարտադրում են: Մինչև հիմա ԱԳՆ-ի աշխատանքը չենք տեսել»:

Մեր հարցին՝ այս օրերին ազատամարտիկների կամավոր մեկնելը սահման արդյոք չի՞ վտանգում ՀՀ զինված ուժերի վարկանիշը, արդյոք մեր բանակը դրա կարիքն ունե՞ր, պարոն Եղիազարյանը պատասխանեց. «Դրա իմաստը դեռ չկա, քանի որ այդ այցը խուճապային տրամադրություն կարող է ստեղծել:

Մյուս կողմից էլ մի մոռացեք՝ ազատամարտիկների մի մասն այսօրվա ռազմավարության մեջ կարող է չտեղավորվել: Կարգը, շարքը այն ժամանակ այլ էր: Երբ պատերազմի ծավալները մեծանում են, այն ժամանակ կամավորի կարիք է առաջանում: Հիմա դրա կարիքը չկա, այն ժամանակ է զգացվում կամավորի կարիք, երբ պետք է վերջակետ դնել պատերազմին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031