Լրահոս
Օրվա լրահոսը

Խախտումը կա, պատասխան տվողը չկա

Օգոստոս 12,2014 12:13

2014թ. հուլիսի 24-ին Համահայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ) դիմել էր ՀՀ բնապահպանության նախարարին՝ ներկայացնելով կոնկրետ լուսանկարներ, որոնցում հստակ երևում էին, թե ինչպես է որոշ «բարեխիղճ» տնտեսվարողների գործունեության հետևանքով Եղեգիս գետի վրա կառուցված բազմաթիվ ջրընդունիչ կայաններից մեկում բնապահպանական թողքն ընդհանրապես բացակայում, իսկ ձկնուղին ամբողջովին չոր է: Դիմումի մեջ մենք խնդրել էինք նաև կոնկրետ միջոցներ ձեռնարկել այդ խախտումն իրականացրած ընկերությանը պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ (մեր կարծիքով դա փոքր ՀԷԿ էր)։

Արդեն ստացել ենք ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Է. Փիրումյանի ստորագրությամբ պատասխանը, որում բառացի ասված է հետևյալը․

«Ձեր ներկայացրած լուսանկարներում պատկերված է ոչ թե ՓՀԷԿ-ի գլխամասային կառույց, այլ Եղեգնաձոր ՋՕԸ-ի թիվ 2 ջրատարի գլխամասային կառույցը, որտեղ վիճակը շտկվել է 2014թ. հուլիսի 15-ին` Արփա-Սևան ջրատարից Եղեգիսի կիրճով լրացուցիչ (շուրջ 1.5 խմ/վ) ջուր բաց թողնելու հաշվին: Միաժամանակ հայտնում եմ, որ ընդհանուր իրավիճակն ուսումնասիրելու նպատակով ՀՀ բնապահպանության նախարարի հանձնարարագրերով իրականացվում են ստուգումներ Եղեգիս գետի և նրա վտակների վրա կառուցված հինգ ՓՀԷԿ-ում»:

Ստիպված ենք կրկին դիմել նախարարին, քանի որ այս որակի պատասխանները հակասում են իր իսկ որդեգրած գործելաոճին, որի մասին նա տարբեր հանդիպումներում բարձրաձայնում է, և, բնականաբար, չեն կարող բավարարել նաև մեզ: Ամենայն հավանականությամբ՝ անհրաժեշտ տեղեկատվությունն ամբողջովին չի հասնում նախարարին կամ էլ նախարարության որոշ ստորաբաժանումներ այդպես էլ ցանկություն չունեն փոխելու իրենց աշխատելաոճը:

Վերոնշյալ խախտման փաստի առթիվ համապատասխան պատժամիջոցներ կիրառելու փոխարեն մեզ ընդամենը տեղեկացնում են, որ դա ոչ թե ՓՀԷԿ-ի, այլ Եղեգնաձոր ՋՕԸ-ի գլխամասային կառույց է: Հարց է առաջանում․ իսկ ի՞նչ տարբերություն, թե դա ինչ է: Այսինքն, պարոն Փիրումյանը գտնում է, որ Եղեգնաձոր ՋՕԸ-ին իրավունք է վերապահված ամբողջովին ջրազրկել գետը և չորացնել ձկնուղին՝ չկրելով ոչ մի պատասխանատվություն։

Պատասխանում նաև նշված է, որ հուլիսի 15-ին վիճակը շտկվել է: Այստեղ նույնպես հարց է առաջանում, թե ինչպես է վիճակը շտկվել հուլիսի 15-ին, եթե մենք տեղանքում ենք եղել հուլիսի 20-ին և լուսանկարներն ու տեսանկարահանումները կատարել ենք նույնպես հուլիսի 20-ին:

Եվ ամենազարմանալին… Պարզվում է, որ վիճակը «շտկվել է» Արփա-Սևան ջրատարից Եղեգիսի կիրճով լրացուցիչ (շուրջ 1.5 խմ/վ) ջուր բաց թողնելու հաշվին: Այս դեպքում հարցերը բազմաթիվ են, քանի որ նորից համոզվում ենք, որ ինչ-ինչ հարցեր լուծվում են Սևանա լճի հաշվին։

Շատ հետաքրքիր կլիներ իմանալ, թե ո՞վ և ի՞նչ որոշման հիման վրա է թույլ տվել այդ նպատակով օգտագործել Արփա-Սևան ջրատարի ջուրը, որը նախատեսված է միայն Սևանա լիճ հասնելու համար, ինչպես նաև բաց թողնված ջրի քանակները ամսական և տարեկան կտրվածքներով՝ դրանց իրականացման բոլոր տարիների համար: Ավելորդ չենք համարում հիշեցնել, որ ջրատարի նախագծով նախատեսված չէ ջրի այդպիսի բացթողում, այլ, ընդհակառակը, Եղեգիս գետից պետք է ջուրը լցվի Արփա-Սևան ջրատար և հոսի Սևանա լիճ:

Եթե նախարարության հետագա պատասխաններն ու գործնական քայլերը չհամապատասխանեն նախարարի բարձրաձայնած գործելաոճին, իսկ բնապահպանական խախտումներ թույլ տվողների ու այդ խախտումները կոծկողների նկատմամբ չկիրառվեն համապատասխան պատժամիջոցներ, ապա ստիպված ենք փաստելու, որ էական փոփոխություններ ակնկալելն անիմաստ է։

Շուտով կներկայացնենք այս ոլորտին վերաբերող մեր մյուս վերլուծությունները, որոնք հաստատում են մեր այս մտավախությունների իրականությունը:

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարո Մելիքյան says:

    Այդ նախարարության գործունեթյունը,վաղուց է որ չի համապատասխանում իր անվանմանը եւ իր հսկայածավալ հաստիքներով,ոչ թե պահպանում է բնությունը,այլ՝մսխում,կոծկում ու վերացնում է այն։ Օրինակներն այնքան շատ է,որ….

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031