Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն ու Ադրբեջանը բանակցված լուծման կհասնե՞ն

Օգոստոս 12,2014 11:30
vardan oskanyan

«Ալ Ջազիրա»-ն հրապարակել է Հայաստանի նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանի հոդվածը՝ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև:

Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում կատարվող իրադարձությունների ֆոնին որևէ մեկը կարծես թե որևէ այլ վայրում լարվածության, զոհերի և արյունահեղության համբերություն չունի։

Վերջին երկու շաբաթներին Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումները էապես դուրս եկան սովորական և թույլ հրաձգության սահմաններից՝ պատճառելով երկու տասնյակ զոհեր երկու կողմում։

Երբ Կովկասում Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկար ժամանակ պասիվ, բայց բոցկլտացող Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պայթյունի նշաններ ցույց տվեց, ՄԱԿ-ը, ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Եվրամիությունը, Իրանը և շատ այլ երկրներ շտապեցին զսպվածության, զինադադարի համաձայնագիրը հարգելու և ընդհատված բանակցություններն անմիջապես վերսկսելու կոչ անել։

Իսկապես, օգոստոսի 9-ին և 10-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ միասին հանդիպեցին Ռուսաստանի զբոսաշրջային Սոչի քաղաքում։ Անկասկած, հրադադարի ռեժիմի հարգումն ու խաղաղության գործընթացում առաջխաղացումը եղել են օրակարգի հիմնական կետերը։ Այս նպատակներին հակված լինելը մի բան է, դրանք իրականացնելը՝ մեկ այլ։ Գերակա հանգամանքները, սակայն, հազիվ թե նպաստում են դրանց իրականացմանը։

Աշխարհում իր տեսակով սկսած 1994-ից միակ ինքնապահպանվող հրադադարը հաջողել է երկու պատճառով՝ հակառակորդ կողմերի միջև ռազմական հավասարակշռության և շարունակվող բանակցությունների նկատմամբ հույսի։ Վերջին երեք տարիներին այս երկու զսպող գործոնները լուրջ խախտվել են։

Դատելով Ադրբեջանի պաշտպանության և հայկական կողմի (Հայաստան և Ղարաբաղ) ներկա բյուջեների միջև հսկայական տարբերությունից ու Ադրբեջանի՝ ռազմական տեխնիկայի անհամաչափ գնումներից՝ Ադրբեջանում կարծում են, որ առավելություն ունեն ուժերի ռազմական հարաբերակցության տեսանկյունից։

Բացի այդ՝ վերջին տարիների խաղաղ բանակցությունների անարդյունավետությունը, երբ կողմերի միջև տարբերություններն ու անհամաձայնությունն ավելի խորացան ու ընդարձակվեցին, և դրան զուգահեռ ընդհատվեցին բարձր մակարդակի բանակցությունները, հուսահատության զգացում են ծնել խաղաղ կարգավորման հեռանկարների նկատմամբ։

Այդ իսկ պատճառով մեծ հավանականություն կա, որ իրադրության վերջին սրման նպատակն էր ստուգել ռազմական հավասարակշռությունը և վերստին գրավել հիմնական խաղորդների գերլարված ուշադրությունը հակամարտության վրա և ստիպել վերսկսել բարձր մակարդակի բանակցությունները։

Ինքնորոշման իրավո՞ւնք

Երեք գործոն կա, որ միշտ ազդել են և շարունակում են ազդել խաղաղ բանակցությունների ու կարգավորման գործընթացի վրա։ Առաջինը խոշոր տերությունների գլոբալ և տարածաշրջանային շահերն են ու նրանց ներկա փոխհարաբերությունները: Երկրորդը միջազգային հարաբերություններում գերիշխող միտումներն են, որոնք դրսևորվում են միջազգային կազմակերպությունների (ինչպիսին են ՄԱԿ-ն ու Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը) օրակարգում և որոշումներում: Երրորդը հակամարտող կողմերի սեփական ներկա քաղաքական և տնտեսական իրադրությունն ու նրանց՝ խաղաղ գործընթաց ձևավորելու կարողությունը և ցանկությունն է։

Այս քսան տարիներին՝ դիվանագիտական գործունեության յուրաքանչյուր հաջորդ փուլի ընթացքում այս երեք գործոնները միշտ եղել են ազդեցիկ, թեև նախկինում ոչ այնքան զգալի, որքան այսօր։ Ավելին, դրանք բոլորը նախկինում երբեք չեն եղել այսպիսի հորդուն ու անկանխատեսելի ընթացքի վիճակում։

Ռուսաստանն ու ԱՄՆ-ը՝ Լեռնային Ղարաբաղի բանակցություններում երեք միջնորդներից երկուսը, տարաձայնություններ ունեն և չեն կարողանում համաձայնության գալ գլոբալ հիմնական խնդիրների շուրջ, ներառյալ՝ Ուկրաինայի և Սիրիայի հարցում։ Նրանց շահերը ներդաշնակ չեն նաև Կովկասում։ Այս իրադրությունը հետաքրքրական է և կարող է երկսայրի սուր լինել։ Կարելի է ենթադրել, որ նրանց միջև շարունակական ուժերի չափումը կներթափանցի ղարաբաղյան բանակցություններ, սակայն հնարավոր է նաև, որ երկու կողմերն այն օգտագործեն որպես հնարավորություն՝ ձգտելու բարելավել հարաբերությունները։ Ամեն բան կախված է դեպքերի զարգացումից։ Սակայն ջրերը ավելի են պղտորվում՝ եթե հաշվի ենք առնում էթնիկ հակամարտությունների և ինքնորոշման շարժումների հարցում Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հակադիր դիրքորոշումները։

Ռուսաստանը, որը Կոսովոյում հանդես եկավ իր բնորոշմամբ՝ ինքնորոշման միակողմանի օրինականացման դեմ, նույնն արեց՝ ճանաչելով Հարավային Օսիան և Աբխազիան որպես անկախ պետություններ։ Բոլորովին վերջերս Ռուսաստանը հապճեպորեն ճանաչեց Ղրիմի հանրաքվեի արդյունքները՝ այդ շրջանը կցելով իրեն։

Այլ կերպ ասած՝ թեև և՛ Արևմուտքը, և՛ Ռուսաստանը աջակցում են ինքնորոշման ջանքերին, դա անում են ընտրողական և միակողմանի։ Հենց այստեղ է վտանգը։ Այս հակասական իրադրությունը, որ հակամարտությունների վերաբերյալ մոտեցումներում ստեղծել են խոշոր խաղորդները, կպահանջի կողմերի և միջնորդների դիվանագիտական նուրբ մանևրում։ Խորհրդային Միության փլուզման ժամանակ Լեռնային Ղարաբաղի անկլավի բնակչությունը՝ 80%-ը հայ, ընտրեց ինքնորոշումը հանրաքվեի անցկացման և անջատման միջոցով։

Միջազգային կազմակերպություններում հակասական միտումներ կան։ Չնայած փաստին, որ ինքնորոշման որոշ շարժումներ վերջին տասնամյակում ավարտվել են անկախության և պետականության ձեռքբերմամբ, ինչպես Արևելյան Թիմորի, Հարավային Սուդանի և Կոսովոյի դեպքում՝ առաջին երկուսը՝ ՄԱԿ-ի անդամակցությամբ, համաշխարհային կազմակերպությունը շարունակում է ընտրողական և երկակի լինել ինքնորոշման ֆենոմենի հարցում, և մինչ այժմ չկան չափորոշիչներ, սկզբունքներ ու իրավական շրջանակ ավելի զարգացած և գրագետ քաղաքականության համար։

Այնուամենայնիվ, մի բան պարզ է. ինքնորոշման պահանջների արմատական պատճառների շուրջ ամենավաղ ենթադրությունները (էթնիկ և կրոնական ատելություն, ազգայնականության ծայրահեղ դրսևորում, անհարկի պատմական հավակնություններ, արտաքին մանիպուլյացիա) և դրանց կարգավորման շրջանակը (ստանդարտ մոտեցում, վախ դոմինոյի էֆեկտից, արագ ժողովրդավարացում, էթնիկ խմբերի կողմից սեփական նպատակների զսպում՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և բարգավաճման խոստման դիմաց) բոլորը կասկածի տակ են առնվել, վիճարկվել և խոցելի դարձել։ Ապացույցը որոշ շարժումների՝ անկախության ձեռքբերումն է և շատ ուրիշների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի, համառությունը։

Երեք սցենար

Հիմնական հարցն այն է, թե ինչ է լինելու այս ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրադրության ելքը։ Ո՞րն է եզրափակիչ փուլը։ Կա՞ արդյոք քաղաքական կենսունակ լուծում։

Գոյություն ունի երեք հավանական և ոչ նոր սցենար։ Առաջինը կայուն ստատուս քվոյի պահպանումն է։ Երկրորդը պատերազմի պոռթկումն ու գործնականում նոր իրավիճակի ձևավորումն է։ Երրորդը բանակցված լուծումն է։

Թեև միջազգային հանրության մեծ մասը, այդ թվում՝ միջնորդները, ինքնըստինքյան կմերժեն առաջին սցենարը՝ որպես անընդունելի և ոչ նպատակահարմար, սակայն դա անպայմանորեն այդպես չէ։ Կան բազմաթիվ պատմական օրինակներ, երբ երեկվա անիրական այլընտրանքը դարձել է այսօրվա նախընտրելի ու իրական լուծումը։

Երկրորդ սցենարը՝ պատերազմը, դժվար է պատկերացնել։ Հայերը պատերազմ սկսելու պատճառ չունեն։ Եթե ադրբեջանցիները պատերազմ սկսեն, դա կլինի նրանց երրորդ փորձը, և նրանք հաջողության կհասնեն, միայն եթե նպատակամղված լինեն «վերջնական լուծման»։ Դա հսկայական ռիսկ կլինի Ադրբեջանի համար՝ շատ ավելի մեծ, քան հայկական կողմի համար՝ հաշվի առնելով նրանց լիակատար կախվածությունը էներգիայի արտահանումից ու տարանցումից։

Վերջապես կա երրորդ սցենարը՝ բանակցված լուծում։ Սա ակնհայտ ամենացանկալին է, բայց կպահանջի էական փոխզիջումներ։ Բանակցությունները շարունակվում են արդեն քսան երկար, լարված տարիներ, որոնց ընթացքում ներկայացվել է հինգ լուրջ առաջարկ։ Չորսը մերժվել է, մեկը շարունակում է բանակցությունների սեղանին մնալ։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծումը երկու զուգահեռ քայլ է պահանջում՝ ռազմական գործողությունների չվերսկսման երաշխիք և հստակ, փոխպարտավորեցնող ծրագիր՝ վերջնական կարգավորման հասնելու համար։

Սա մարտահրավեր է, որին առերեսված են հայերն ու ադրբեջանցիները։ Կայուն խաղաղություն կհաստատվի, երբ յուրաքանչյուր կողմն ընդունի մյուսի նվազագույն, ոչ թե ռազմատենչ ու առավելապաշտական պահանջները։ Մինչ դա տեղի կունենա, յուրաքանչյուր կողմ պետք է ներքին բավարար կոնսենսուսի հասնի բանակցություններում իր դիրքորոշման մեջ։ Սա դեռևս տեղի չի ունեցել։

Վարդան Օսկանյանի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031