Լրահոս
Օրվա լրահոսը

Հ. Նաղդալյան «Հայերը սահմանից արձակուրդ չեն գնում»

Օգոստոս 12,2014 11:11

Հարցազրույց Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ

-Ամեն ամառ սահմաններում ստեղծվում է լարված իրավիճակ, այս տարվա լարվածությունն ունի՞ առանձնահատկություններ:

-Ամեն ամառ ստեղծվող լարված իրավիճակը, կարծում եմ, բացատրվում է այն իրողությամբ, որ սահմանից այն կողմ մեր հակառակորդը ուզում է պարզել՝ հայերն արձակուրդ գնու՞մ են, թե՞ ոչ: Խնդիրը հայկական կողմի զգոնությունը շոշափելն է և պատասխան հարվածի պատրաստականությունը պարզելը՝ ամառը Ադրբեջանի համար զոնդաժի ժամանակ է: Տարիներ շարունակ նրանք ստացել են համարժեք պատասխան և պետք է, որ արդեն հասկացած լինեին իրենց քայլերի ապարդյունությունը: Հայերը սահմանից արձակուրդ չեն գնում:

Իսկ այն, որ Ալիևը պարբերաբար երդվում է Հայաստանի տարբեր հատվածներում ինչ-որ գործողություններ իրականացնել / թեյ խմել, Սևանում լողանալ, Երևանում խորոված ուտել/ վատ սովորություն է, որ վկայում է ազգային հիշողության խիստ ընտրովիությունը և տրամաբանության կորուստը: Հրադադարի խախտման դեպքերի այս տարվա առանձնահատկությունը մի քանի պատճառներ ունի: Նախ` Ադրբեջանը փորձում է թեժացնել իրավիճակը սահմանին ներքաղաքական պատճառներով:

Բաքուն փորձում է ստվերել ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության անմխիթար վիճակը, իրավապաշտպանների, լրագրողների վրա գործադրվող բռնությունների փաստերը, որ արդեն անցել են բացարձակ անօրինականության սահմանը: Այդ փաստերը տեսնում են ու բարձրաձայնում միջազգային ասպարեզում ու երկրում: Այդ համապատկերում շատ կարևոր է արտաքին թշնամու գործոնը խաղարկելով՝ ծխածածկույթ ստեղծել ու ուշադրությունը շեղել ներքաղաքական խնդիրներից: Բաքուն. Իհարկե, ունի տնտեսական հաջողություններ, բայց Ադրբեջանում հազարավոր մարդիկ ունեն սոցիալական անհետաձգելի լուծում պահանջող խնդիրներ, մինչդեռ միլիարդավոր դոլարներ են ծախսվում սպառազինության վրա:

Բնական է, որ հանրության համար այդ ծախսերը ոչ միայն պետք է հիմնավորել, այլև անգամ այդքան ավտորիտար կառավարման պարագայում ինչ-որ կերպ արդարացնել, ինչպես նաև արդյունքներ ցույց տալ: Ծախսերը կատարվում են, սպառազինությունները բազմապատկվում են, իսկ շփման գծում ոչինչ չի փոխվում՝ հրադադարը շարունակվում է, որ իրենց համար պարտվողական իրավիճակ է:

-Հրադադարը, կարծես թե, կամավոր է ստորագրվել, ինչու՞ է պարտվողական իրավիճակ և ինչու՞ այդ պարտվողական իրավիճակը, ինչպես սպառնում են, հաղթողական պատերազմով չեն շտկում:

-Որովհետև ի սկզբանե գիտեն, որ նոր պատերազմը նոր պարտություն է նշանակելու, իսկ այսպես նյարդեր սղոցելով հաջողությունների պատրանք են ուզում ստեղծել: Ի վերջո՝ հրադադարը նրանք ստորագրել են պարտադրված՝ հաղթական հայ զինվորի առաջխաղացումը կանխելու համար: Պարտվածի հոգեվիճակը ճնշում է և իշխանությանը, և հասարակությանը: Երկրորդ պատճառը պաշտպանության նոր նախարար ունենալն է, ռազմական էլիտան իր տասնամյակներով ձևավորված թերարժեքությունը փորձում է թոթափել մարտական հաջողություններով:

Հայկական բանակի հրամկազմի և ՀՀ պաշտպանության նախարարի համեմատությանը դժվար է դիմանալը: Սեյրան Օհանյանը փայլուն մարտական ուղի է անցել, ռազմական գործի գիտակ է ու գործով ապացուցել է իր ռազմական տաղանդը թե մարտական գործողություններում, թե բանակաշինության և կազմակերպական աշխատանքներում: Նույնը Լեռնային Ղարաբաղի ՊՆ նախարար Մովսես Հակոբյանի մասին կարելի է ասել, որ Արցախյան պատերազմի ու Աֆղանստանի բովով անցած ու կայացած հրամանատար է:

Վառոդի հոտ չառած և լուրջ ռազմական կենսագրություն չունեցած մեկը՝ նշանակվելով բարձր պաշտոնում խնդիր ունի արդարացնել իր նշանակումը և կայանալ իբրև նախարար: Փոքրիկ հաղթական պատերազմը այդ դեպքում շատ տեղին կլիներ՝ թե անձնական հավակնությունները հաստատելու, թե ներքաղաքական խնդիրները լուծելու համար:

Երրորդ դրդապատճառն արտաքին քաղաքական է՝ գերտերությունների սկսած գլոբալ հակամարտության համապատկերում՝ օգտվելով միջազգային հանրության ուշադրությունը ուկրաինական իրադարձությունների վրա գամված լինելու հանգամանքից՝ Ադրբեջանը կարող էր փորձարկել իրադրությունը ապակայունացնելու ճանապարհով Արցախյան հակամարտությանը ուժային լուծում տալու տարբերակը: Բաքուն բազմիցս արտահայտել է իր դժգոհությունը Մինսկի խմբի գործունեությունից ու ստատուս քվոյի պահպանումից:

Մինսկի խմբում նրանք չունեն ադրբեջանանպաստ լուծումների կայացման հող և համանախագահների հետ փոխըմբռնում, և դա շատ լավ հասկանալով՝ Կազանից սկսած, արդեն երկու տարի փորձում են կասեցնել գործընթացը և իրենց դժգոհությունը հայտնել Մինսկի խմբի աշխատանքից ու առաջարկվող սկզբունքներից: Ի վերջո՝ բարձրամակարդակ համարյա բոլոր հանդիպումներից առաջ կամ հետո Ադրբեջանը սադրանքներ է սկսել սահմաններին, երևի թե, ցույց տալու իր դժգոհությունը բանակցային գործընթացից կամ հանդիպումից:

Սոչիի հանդիպումից առաջ նավթադոլարների առատությունից ոգևորված, սթափ դատելու ու իրականության հետ կապը կորցրած լինելու վիճակում, որին ականատես եղանք նաև Ստրասբուրգում Իլհամ Ալիևի ելույթի ժամանակ, հիմա նրանք փորձում են հաղթաթղթեր կուտակել ու բանակցային գործընթացում գոնե մի քիչ նպաստավոր դիրքեր ստեղծել: Բայց ստացան հակառակը՝ շնորհիվ հայկական բանակի կազմակերպված ու հստակ գործողությունների, հայ զինվորի քաջության ու սխրանքի, որ իսկապես անօրինակ է:

Մենք կարողացել ենք այս ընթացքում մեր բանակում պահպանել ու հզորացնել ոչ միայն ռազմական պատրաստակամությունը, այլև հաղթական անկոտրում ոգին: Այն պատրանքը, որ սպառազինությունը հաջողության բավարար փաստարկ է, ևս մեկ անգամ փշրվեց: Ավագ սերնդի՝ մեր ազատամարտիկների, հաղթական օրինակով դաստիարակված զինվորները՝ իրենց հայրենիքը պաշտպանելու և Արցախի ժողովրդի ազատատենչ պայքարին սատարելու գիտակցությամբ, ապացուցում են, որ մարդկային գործոնը շատ ավելին է՝ տեխնիկայի ու սպառազինության թվաքանակից: Շարքային զինվորից մինչև գերագույն գլխավոր հրամանատար՝ մենք ապացուցեցինք մեր գերազանցությունը և ցույց տվեցինք, որ չենք հանդուրժի որևէ ոտնձգություն:

-Չե՞ք կարծում, որ հրադադարի խախտման մեջ շահագրգիռ նաև արտաքին կողմեր կան՝ նպատակ ունենալով խաղաղապահների տեղակայում սահմանին:

-Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը տարբերվում է համանման կոնֆլիկտներից, և տարբերություններից մեկն էլ այն է, որ հրադադարից մինչև այսօր խաղաղությունը պահպանվում է սեփական ուժերով: Մենք դա կարողանում ենք և կարող ենք հակառակորդին խաղաղություն պարտադրել՝ սա շատ կարևոր գործոն է: Տարածաշրջանը իր աշխարհագրական ու աշխարհաքաղաքական նշանակությամբ շատ կարևոր տարածք է, և ես չեմ բացառում, որ լինեն ուժեր, որոնք փորձեն իրենց ներկայությունը պարտադրել սահմանին:

Այսօրվա գլոբալ հակամարտությունների համապատկերում, որ միայն ռազմական չեն, այլև տնտեսական ու աշխարհաքաղաքական, տեղեկատվական պատերազմներով են արտահայտվում, դա բնական է: Կա ևս մեկ հանգամանք. մենք գիտենք, որ պատերազմը չի ավարտվել, բայց մեզ այնպես ենք պահում, կարծես ոչ միայն վաղուց ավարտվել է, այլև, երբեմն, գերադասում ենք իրավիճակի ու իրադարձության կողքից դիտորդի ու գնահատողի դերը:

Մենք թերագնահատում ենք տեղեկատվական պատերազմի թե վտանգները, թե հնարավորությունները, ջանադիր ու քինախնդիր քննարկում ենք այս ու այն տեղեկատվության հավաստիությունն ու անհավաստիությունը, երբեմն ավելի ջանադիր ու քինախնդիր, քան կաներ հակառակորդը: Ես այս դրսևորումների բացատրությունը չունեմ, բայց չարժի, չէ, հիշեցնել, որ մենք դիմակայում ենք հայտարարված ու չհայտարարված մարտահրավերների, և դա պարտադրում է հանրության միասնականություն բոլոր մակարդակներում:

-Արդեն ակնհայտ է, որ սահմանից այսօր կրակում է Ռուսաստանի Ադրբեջանին վաճառած զենքը, ու՞ր մնաց հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը: Արդյո՞ք «Բիզնես, միայն բիզնես և ուրիշ ոչինչ» բանաձևն իրեն չի սպառել:

-Խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում այդ հարցը մշտապես բարձրացվել է, բոլոր քննարկումներում այդ թեման հնչել է՝ թե իշխանության, թե ընդդիմության ներկայացուցիչների կողմից: Հայ-ռուսական համագործակցության հանձնաժողովում, ՌԴ Պետական Դումայում ու Դաշնության Խորհրդում մեր բոլոր հանդիպումներում այդ հարցը քննարկվել է և ռուսական կողմում էլ կան բարձրաստիճան պաշտոնյաներ, որ դա անթույլատրելի են համարել:

-Ինչպե՞ս եք գնահատում Սոչիի հանդիպումները:

-Բոլոր դեպքերում՝ բանակցությունների շարունակումը անհրաժեշտություն է: Երբ մենք անառիկ ենք պահում մեր սահմանը և մարտական գործողությունների մեջ ապացուցում ենք, որ խնդիրներ չունենք, զուգահեռ պիտի քաղաքական ու բանակցային հարթության մեջ ամրապնդենք ու առաջ տանենք խաղաղության հաստատման գործընթացը: Այդ իմաստով յուրաքանչյուր հանդիպում քննարկելու հնարավորություն է, հրադադարի ռեժիմի խախտման անընդունելիությունը ևս մեկ անգամ բարձրաձայնելու:

Շատ կարևոր է միջադեպերի քննությունը և գնահատումը միջազգային մակարդակով, որից Ադրբեջանը հետևողականորեն հրաժարվում է, որը ևս մեկ անգամ հաստատում է Բաքվի նախահարձակ լինելու փաստը: Հանդիպումների խտացված իմաստը հնչեց որոշ վերնագրերում՝ կոնֆլիկտի կարգավորման միակ ձևը խաղաղ բանակցայինն է, առանց ուժի կիրառման և նրա սպառնալիքի, միմյանց նկատմամբ իմաստնության և հարգանքի դրսևորումը:

-Մեզ համար ամենակարևորը հրադադարի ռեժիմի պահպանու՞մն է:

-Դա այս պահին օրակարգային գլխավոր խնդիրն է, այսօրվա իրավիճակը ոչ միայն հրադադարի ռեժիմի խախտում է, այլև Մինսկի խմբի առաջարկների, որոնց մեջ տարածքային ամբողջականության ու ազգի ինքնորոշման իրավունքի հետ հավասար գործում է ուժի չկիրառման սկզբունքը: Մենք այս պահին Ադրբեջանի կողմից՝ միջազգայնորեն ընդունված սկզբունքների խախտման հետ գործ ունենք, որը պետք է համարժեք գնահատական ստանա:

-Դա նշանակու՞մ է, որ Ֆրանսիայի նախագահի առաջարկած հանդիպումը Փարիզում մնում է ուժի մեջ:

-Ենթադրվում է, որ Սոչիի հանդիպմանը կհաջորդեն այլ հանդիպումներ՝ տարբեր ձևաչափերով: Յուրաքանչյուր հանդիպման մեջ մենք քայլ առաջ գնալու հնարավորություն ենք տեսնում:

Հ.Գ. Հերմինե Նաղդալյանը շնորհակալություն է հայտնում բոլորին, ովքեր իր ` «Նաիրի» բժշկական կենտրոնում բուժում ստանալու ընթացքում առողջության և շուտափույթ ապաքինման բարեմաղթանքներ են ուղղել իրեն:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031