Լրահոս
Օրվա լրահոսը

«Շենգավիթ» ջոկատի հրամանատար. «Ադրբեջանի հետ պատերազմը ժամանակի խնդիր է». «Ժամանակ»

Օգոստոս 12,2014 10:44

«Սա կարելի է համարել նախապատերազմական փուլ, վստահ եմ՝ այս ամենն ի վերջո վերաճելու է պատերազմի»,- «Ժամանակի» հետ զրույցում ասաց «Շենգավիթ» ջոկատի հրամանատար Մանուկ Սարգսյանը՝ հավելելով, որ Ադրբեջանի հետ պատերազմը ժամանակի խնդիր է։

«Ուղղակի հակասություն կա. մի կողմից՝ չէի ուզի, որ պատերազմ սկսվեր՝ անմեղ զոհեր չունենալու համար, սակայն քանի որ անխուսափելի է, ես կնախընտրեի, որ պատերազմը սկսվեր օր առաջ, քանի դեռ մեր սերունդը՝ կռված տղերքը, կան, պետք է ամեն ինչով մասնակցենք, օգնենք։ Բնականաբար, պատերազմը մենք կտանենք, կլինի մեր ուսերին, եւ վստահեցնում եմ՝ հաղթանակած դուրս կգանք։ Դրա համար սպասում եմ, որ շուտ սկսվի»,- հստակեցրեց հրամանատարը։

Նրա խոսքով՝ այսօր մենք ունենք մարտունակ բանակ, հզոր տեխնիկա, բայց այն օգտագործում են պատանիները, եւ պատերազմի դեպքում, բնականաբար, զոհեր կլինեն. «Իսկ ովքե՞ր են զոհվում՝ մեր երեխաները, որդիները, իսկ ավելի ճիշտ չի՞ լինի, որ պատերազմի դեպքում զոհվի ոչ թե զինվորը, որը դեռ կյանքում շատ անելիք ունի, այլ առաջին գիծ գնա արդեն պատերազմի բովով անցած ազատամարտիկը»,- ընդգծեց Մ. Սարգսյանը։

Ըստ նրա՝ ցանկացած դեպքում մեր բանակը ապացուցել է իր հզորությունը, մարտունակ է, պատրաստ է դիմադրել եւ հակառակորդին կրկնակի կորուստներ պատճառել. «Մեր զինվորներին ասում եմ՝ անհրաժեշտության դեպքում թող մի սուտկա, 24 ժամ դիմանան, լինելու ենք ոչ թե նրանց հետ կամ մեջ, այլ նրանցից առաջ, իսկ 24 ժամն էլ անհրաժեշտ է՝ հավաքվելու համար»,- նկատեց ազատամարտիկը։ Նա տեղեկացրեց, որ այս պահին իրենց ասվել է՝ դեռ դրա անհրաժեշտությունը չկա։

Մանուկ Սարգսյանի խոսքով՝ ինչպես 90-ականներին, հիմա էլ Ադրբեջանը հետ է շպրտվելու, պարտվելու է. «Իրենց լոզունգը կրկին դառնալու է այն ժամանակվա լոզունգը՝ Բաքուն մեր հարազատ քաղաքն ա, չենք հանձնի։ Եթե ուզում են, խնդրենք՝ կարանք վերականգնենք իրենց համար նույն պատմությունները։ Մենք սովոր ենք նաեւ իրենց տեխնիկայով, իրենց փամփուշտներով իրենց դեմ կռվել, դրանով արդեն կռվել ենք, գնալուց մենք ունեցել ենք քիչ զենք, հետո իրենցից վերցրել ենք ու կռվել։ Մոնթեն՝ լավագույն օրինակը, չէր թողնում տանկ խփեինք, ասում էր՝ դա մերն ա, վերցնելու ենք»,- մանրամասնեց Մ. Սարզսյանը։

Հրամանատարը նաեւ նկատեց, որ առհասարակ չէր ցանկանա՝ գործը հասներ պատերազմին, խաղաղապահ զորքեր բերվեին. «Խաղաղապահ զորքերին ես դեմ եմ, ելնելով հայոց պատմությունից՝ բացատրեմ, թե ինչու. 18 թվականից այս կողմ կոնկրետ Ղարսը քանի անգամ գրավվեց, հետ տրվեց, հայ կամավորների հետ ռուսական բանակը մտնում գրավում էր, հետո հետ էր տրվում, հետ էին քաշվում, նորից հայերը կոտորվում էին։
Կամ, օրինակ, 90-ականներին ում դեմ էինք մենք կռվում Գետաշենում, ում դեմ՝ սովետական բանակ դնենք անունը, բայց մեկ ա՝ ռուսների դեմ էր։ Ելնելով սրանցից՝ դեմ եմ ռուսական խաղաղապահ զորքերին»,- մանրամասնեց հրամանատարը՝ հավելելով, որ Վլադիմիր Պուտինը լինի, կամ մեկ ուրիշ անձ՝ անելու է այն, ինչ պահանջում է ռուսական շահը, իսկ մեր շահը մենք պետք է պահենք՝ մի կողմ դնելով անգամ ներքին անարդարությունները՝ ինչու է մեկը հարստանում, մյուսին չեն նայում. «Կամ խի պիտի էսօր Երեւանում զենքը վրաները ֆռռան, կրակեն, պատերազմի դեպքում հավատացեք՝ իրանք չեն լինելու, վստահ եղեք՝ էն տղերքը, որ խելոք, հանգիստ իրանց համար ման են գալիս, զգույշ են լինում, որ էդ հաբրգածներին հանկարծ ռաստ չգան, հենց նրանք են կռվելու»,- նկատեց Մ. Սարգսյանը։

ԱՆԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031