Հատված 1992-1996թթ. ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվող՝ Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, ներկայումս Ռուսաստանի ԱԳՆ վետերանների խորհրդի նախագահ Վլադիմիր Կազիմիրովի հարցազրույցից:
– Պարոն Կազիմիրով, այնուամենայնիվ տպավորություն է ստեղծվում, որ Մինսկի խմբի համանախագահների միջև մի արտասովոր իրավիճակ է ստեղծվել, արևմտյան համանախագահների և ռուս համանախագահի միջև տարաձայնություն կա` պայմանավորված ուկրաինական զարգացումներով և պատժամիջոցներով, Արևմուտք-ՌԴ գլոբալ անվստահությունն արտահայտվում է նաև համանախագահների աշխատանքում: Իսկ Սոչիում կազմակերպված հանդիպումը, որն անցկացվեց առանց Ֆրանսիայի և ԱՄՆ համանախագահների մասնակցության, հիմք է տալիս պնդելու համար, որ Ռուսաստանն իր ձեռքն է վերցնում ԼՂ հակամարտության ողջ գործընթացը՝ դրանից դուրս թողնելով իր արևմտյան գործընկերներին: Կարելի՞ է արդյոք այս ամենից ենթադրել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությունն այլևս տապալված է, և Ռուսաստանն այսուհետ մենաշնորհային միջնորդ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև:
– Ոչ մի նման բան: Հարցը նրանում է, որ նման ձևաչափի հանդիպումներ կազմակերպվում են արդեն երկար տարիներ: Հաշվեք, թե քանի նման հանդիպում է անցկացվել ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախագահության օրոք, երևի թե Ձեզ ծանոթ է 2002թ. Քի Վեսթում Քոչարյան-Ալիև մեկշաբաթյա գագաթնաժողովը, այդպիսի հանդիպումներ են կայացել Ֆրանսիայում ևս, սա բնականոն է: Սա պարզապես պայմանավորված է հակամարտության գոտում իրավիճակի սրմամբ, բայց չկան խաղեր, թե Ռուսաստանը դուրս է թողնում իր արևմտյան գործընկերներին պրոցեսից:
Գիտեմ, որ մոտ ապագայում մեկ այլ հանդիպում է կայանալու նախագահների միջև Փարիզում, այնպես որ` նման սցենարներ գծելը վտանգավոր և ապակառուցողական գործ է, սա միայն կասկածներ է ծնում այն ժամանակ, երբ անհրաժեշտ է գնահատել այն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ունեն բավականին համաձայնեցված մոտեցում, և նույնիսկ չնայած հակամարտող կողմերի միջև իրավիճակի սրմանը, նաև Ուկրաինայում ստեղծված ճգնաժամին, պետք է գնահատել ու պահպանել այն, ինչ տեղ ունի մինչ այսօր, այսինքն՝ բավականին համաձայնեցված քաղաքականություն երեք համանախագահների կողմից:
Կարդացեք նաև
– Այնուամենայնիվ տպավորություն կա, որ համանախագահող երկրների և հակամարտող կողմերի մոտեցումները ԵԱՀԿ Մինսկի խմբի վերաբերյալ բաժանվել են. պաշտոնական Երևանը բազմիցս է խոսել այդ ֆորմատով բանակցությունները շարունակելու պատրաստակամության և այդ ձևաչափի սեղանին դրված սկզբունքներով բանակցությունները շարունակելու պատրաստակամության մասին, դրանով հետաքրքրված է Արևմուտքը ևս, Ադրբեջանին չի բավարարում ներկայիս ֆորմատը, ակնհայտ է, որ Ռուսաստանին ևս: Կհաջողվի՞ այս պայմաններում պահպանել այս ձևաչափը:
– Ես կարծում եմ, որ պետք է պահպանել այդ ձևաչափը: Իսկ այն, որ Հայաստանն ու ԵԱՀԿ ՄԻնսկի խումբը ցանկանում են աշխատել, իսկ ՌԴ-ն խոչընդոտում է դրան, դա իրերի բավականին հիվանդագին ու ծանր ընկալում է: Ես այդպես չեմ տեսնում:
Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում