Լրահոս
Օրվա լրահոսը

Թաթուլ Հակոբյան. «Եթե գյուղացին մոլորվում է, ապա կարող է «մոլորվել» նաեւ ադրբեջանցի դիվերսանտը»

Օգոստոս 11,2014 23:00

Նոյեմբերյանի սահմանամերձ Դովեղ գյուղից սերված Թաթուլ Հակոբյանը հեղինակել է «Կանաչ ու սև. Արցախյան օրագիր» գիրքը: Լրագրողը ռեպորտաժներ պատրաստելու նպատակով հաճախ է այցելում Արցախ և հայ-ադրբեջանական սահմանային գոտի: Թ. Հակոբյանին հարցրեցինք. «Սերժ Սարգսյանը «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադառնալով Ադրբեջանի տարածքում հայտնված Կարեն Պետրոսյանի դառը ճակատագրին, մասնավորապես ասել է. «Բայց մենք պետք է զուսպ լինենք. պատերազմը հանաք չի, պատերազմը անլուրջ վերաբերմունք չի ընդունում: Ես հասկանում եմ, որ անհնար է բոլորին վերահսկել, ես հասկանում եմ, որ տարբեր հանգամանքներ են լինում, և դա չի արդարացնում ադրբեջանցիների գործողությունները, բայց մեր սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիները շատ լավ պետք է հասկանան, որ գործ ունեն թշնամու հետ՝ զայրացած, գազազած թշնամու հետ»:

Տավուշի մարզում սահմանը հատելու բազմաթիվ դեպքեր են եղել, Ադրբեջանի տարածքում են հայտնվել Մամիկոն եւ Արսեն Խոջոյանները, Դովեղի եւ Կայան ավանի բնակիչներ: Չե՞ք կարծում, որ բացի բնակչության զգոն լինելուց , պետությունը եւս այս գործում անելիք ունի՝ ուժեղացնել սահմանների հսկողությունը, ավելացնել ականապատ դաշտերը եւ այլն:
Թ. Հակոբյանն ասաց .« Սահմանամերձ բնակավայրերի բնակիչները իրենց ամենօրյա կյանքով են շատ լավ հասկանում, որ գործ ունեն ադրբեջանցիների հետ: Ցավոք, հաճախ դա չեն հասկանում, չեն ուզում հասկանալ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի և նրանց բնակիչների առօրյային ու հացի համար ամենօրյա կռվին տեղյակ չեն: Բերդավանի, Դովեղի, Բարեկամավանի, Կոթիի, Ոսկեվանի, Բաղանիսի ու մյուս գյուղերի բնակիչները ամենօրյա կռվի մեջ են մի կողմից հակառակորդի, մյուս կողմից` մի կտոր հաց վաստակելու համար:

Այս տարի կրակոցների պատճառով այդ և մյուս գյուղերի` Չինարի, Մովսես և այլ համայնքների բնակիչները ուղղակի չեն կարողացել բերք ստանալ: Ահա այդ մասին պետք է մտածեն Սերժ Սարգսյանն ու մյուս ղեկավարները: Մարդիկ ահ ու սարսափով գնում են սահմանամերձ գոտի` թաքուն խոտ հնձում, թաքուն հասցնում տուն: Ահ ու սարսափով մարդիկ այգիներ են մշակում, ահ ու սարսափով անտառներ հասնում: Մյուս կողմից, իհարկե, առաջին հերթին բնակիչները պետք է լինեն զգոն: Բնակիչները պետք է հասկանան և հասկանում են, որ նախիրը անտառ տանելը վտանգավոր է: Բայց ի՞նչ անեն: Որտե՞ղ արածեցնեն իրենց կովերին: Ազգային ժողովի այգո՞ւմ: Օրինակ բերեմ: Մեր գյուղի` Դովեղի օրինակը: Մենք ադրբեջանական Քեմեռլիի հետ ունենք 13 կմ սահման, որի մեծ մասն անցնում է անտառներով: Հիմա, եթե դովեղեցիները իրենց վերջին մի քանի տասնյակ կովերին չտանեն այդ անտառներ, եթե մենք չգնանք մոշ հավաքելու այդ անտառներից, եթե մենք չօգտվենք մյուս բարիքներից, ապա անմիջապես կասեն` հողին տեր չեն կանգնում: Այնպես որ, հարցը պարզ պատասխան չունի: Մեկ այլ խնդիր կա: Երբ որևէ տարաբախտ հայ մոլորվում է և հայտնվում Ադրբեջանում, ապա դա նշանակում է, որ սահմանի վերահսկողությունը ամրապնդելու կարիք կա: Եթե գյուղացին մոլորվում է, ապա կարող է «մոլորվել» նաև ադրբեջանցի հետախույզը կամ դիվերսանտը: Ի դեպ, վերջերս, այդպիսի մի «մոլորյալ» հայտնվել էր Այգեձորի անտառում»:

Թ. Հակոբյանին հարցրինք, թե նա ինչպե՞ս է վերաբերում սահմանների պաշտպանության ամրապնդման նպատակով սահմանագոտում փշալար անցկացնելու, սենսորային սարքեր, տեսահսկողության սարքավորումներ եւ այլ տեխնիկական միջոցներ տեղադրելու գաղափարին, դրանք որքանո՞վ կարող են արդյունավետ լինել: Նա ասաց. « Նախ պետք է հասկանանք և ընդունենք, որ արցախյան հակամարտությունը, փաստացի, այսօր և առաջիկայի կտրվածքով լուծում չունի: Թղթի վրա, մեր մտքերում և հոգիներում մեզանից յուրաքանչյուրը կարող է ունենալ լուծման իր տարբերակը, բայց այլ բան է իրականությունը: Ու քանի որ այսօր և առաջիկայում արցախյան հակամարտությունը լուծում չունի, ասել թե` ստատուս-քվոն կպահպանվի, Հայաստանը և Ադրբեջանը շարունակելու են լինել թշնամի պետություններ: Հետևաբար, սահմանների պաշտպանության խնդիրը, սահմանային տխուր միջադեպերը, փոխադարձ գնդակոծությունները, գերեվարություններն ու մյուս ակտերը կշարունակվեն: Այսպիսով, կա լուծելու կարևոր խնդիր` ի՞նչպես ամրապնդել սահմանը: Եթե աշխարհագրությունը թույլ է տալիս, այո, կարելի է մտածել փշալարերի մասին: Եթե տեխնիկապես հնարավոր է, ապա, այո, պետք է օգտվել գիտության նվաճումներից և սենսորային սարքերի օգնությանը դիմել: Ես ասեմ ավելին` որոշ հատվածներում, պարտադիր չէ, հենց սահմանի երկայնքով, կարելի է անգամ պատ կառուցելու հնարավորության մասին մտածել: Որևէ միջոցառում, որ նվազագույնի կհասցնի սահմանամերձ հայ գյուղացու գերեվարումը, սպանությունը, ապա պետք է դիմել այդ միջոցին: Ես տարեկան առնվազն 20 անգամ այցելում եմ Տավուշի սահմանային գյուղեր և ամեն անգամ Ոսկեպար-Բաղանիս հատվածը անցնելիս մտածում, որ իմ կյանքը ադրբեջանցի դիպուկահարի ձեռքերում է: Ճանապարհի այդ հատվածում, իհարկե ոչ այսօր (քանի որ կրակում են) կարելի է մտածել ճանապարհի երկայնքով պաշտպանիչ համակարգ` պատ կամ այլ բան ունենալու մասին, կամ ճանապարհը փորելով իջեցնել այնքան, որ դուրս լինի դիպուկահարների ու կրակոցների թիրախից: Գուցե կարելի է ավելի լավ լուծումներ գտնել»:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031