Լրահոս
Օրվա լրահոսը

Մետաքսեի՝ գրողի, մտավորականի անունն ու գործը միշտ վառ կմնան նրա գործընկերների և ընթերցողների սրտերում

Օգոստոս 11,2014 20:50

Հայ գրականությունը ցավալի կորուստ կրեց. կյանքի 88-րդ տարում վախճանվեց ճանաչված բանաստեղծուհի, թարգմանչուհի, հրապարակախոս, 1963 թվականից ՀԳՄ անդամ Մետաքսեն (Մետաքսե Սերոբի Պողոսյան):

Մետաքսեն ծնվել է 1926 թ. դեկտեմբերի 23-ին, Արթիկի շրջանի Արևշատ գյուղում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզ): Ավարտել է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական և Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտները։ Եղել է ՀՀ Մայրության ֆոնդի նախագահի տեղակալ (1989-91 թթ.), ՀԳՄ Արցախի ազատամարտիկներին օգնող հանձնախմբի նախագահ (1992-95 թթ.): ԱՄՆ-ում տպագրված «Բոլոր դարերի կին բանաստեղծները սիրո մասին» համաշխարհային հատընտիրում (1990 թ.) տեղ է գտել նրա «Գաղտնիք չի մնում» բանաստեղծությունը։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն և բազմաթիվ այլ լեզուներով։ Մետաքսեի թարգմանությամբ համաշխարհային գրականության մի շարք նշանակալից գործեր հնչել են հայերեն: Մասնակցել է պոեզիայի միջազգային փառատոների։ Գրել է նաև մանուկների համար։ Հեղինակ է շուրջ 35 գրքի, այդ թվում՝ «Զգույշ, սիրտ է» /1974 թ./, «Լեռները լալիս են գարնանը» /1987 թ./, «Զրույց աշխարհի հետ» /2007 թ./, «Սերս ծոցիս մեջ մնաց» /2009 թ./, «Մենք ենք ու մենք» /2011 թ./ և այլն, որոնք գնահատվել ու սիրվել են մասնագետների և ժողովրդի կողմից՝ լայն ճանաչում բերելով հեղինակին:
Արևշատի միջնակարգ դպրոցը կոչվել է Մետաքսեի անունով:

Իր գրական երկարամյա վաստակի, հայրենասիրական ու քաղաքացիական ակտիվ գործունեության համար Մետաքսեն արժանացել է մի շարք պետական ու հասարակական պարգևների՝ «Մովսես Խորենացի» մեդալի /2008 թ./, Հայաստանյայց առաքելական եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանի /2011 թ./, «Երկրապահ» շքանշանի /2006 թ./, ՀԳՄ «Գրական վաստակի համար», «Զորավար Անդրանիկ», 1992-1994 թթ. Արցախի ազատագրական պայքարում կատարած հատուկ ծառայության համար՝ «Հայոց ազգային բանակ» մեդալներով: Պարգևատրվել է նաև Արցախի «Մայրական երախտագիտություն» մեդալով:

Ս. թ. օգոստոսի 11-ին, ժամը 18:00-ին տեղի ունեցավ Մետաքսեի մահվան կապակցությամբ ստեղծված թաղման կառավարական հանձնաժողովի նիստը ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանի գլխավորությամբ:

Մետաքսեի հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 12-ին, ժամը 18:00-20:00-ն, Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում /Երևան/: Վերջին հրաժեշտը և հուղարկավորությունը՝ օգոստոսի 13-ին, ժամը 12:00-13:00, ՀՀ Շիրակի մարզի Արևշատ գյուղի եկեղեցում:

Ավտոբուսները կմեկնեն Արևշատ գյուղ օգոստոսի 13-ին, ժամը 09:00-ին, Հայաստանի գրողների միության շենքի մոտից /հասցե՝ Մարշալ Բաղրամյան 3/:

 

Կառավարական հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031