«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի նախագահ Գագիկ Հարությունյանը ենթադրում է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Սոչիում կայացած հանդիպումը նախատեսված է եղել շատ ավելի վաղ, և Ադրբեջանի՝ վերջին շրջանի ակտիվությունը միտված էր հանդիպման նախաշեմին քաղաքական որոշակի դիվիդենտների ձեռքբերմանը:
Պարոն Հարությունյանին չի զարմացնում ծայրահեղական պետությունների այդպիսի պահվածքը, որովհետև, նրա դիտարկմամբ, այդպիսի երկրները, սովորաբար, յուրաքանչյուր հանդիպումից առաջ սիրում են սրել իրավիճակը, մեծացնել լարվածությունը. «Դա ենթարկվում է քաղաքական որոշակի տրամաբանության, սակայն այս անգամ Ադրբեջանը կոշտ պատասխան ստացավ: Հայկական կողմի պատասխաններն ադրբեջանական սադրանքներին իրենց կոշտությամբ ու հստակությամբ զսպաշապիկ դարձան Ադրբեջանի համար»,- ասում է բանախոսը:
Ամփոփելով նախագահների եռակողմ հանդիպումը՝ Գ. Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ արդյունավետ է համարում Պուտին-Սարգսյան-Ալիև հանդիպումը, մասնավորապես հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ուժով լուծելու անհնարինության մասին. «Հուսանք, որ սա կթուլացնի լարվածությունը և հետագայում հնարավորություն կտա ավելի հիմնարար լուծումներ գտնելու Ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման համար»,- ասաց Գ. Հարությունյանը:
Կարդացեք նաև
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ