Լրահոս
Օրվա լրահոսը

«Չափազանց կասկածելի է, թե ինչպե՞ս կարող էր Պուտինը չճանաչել Լեւոն Հայրապետյանին». Խաչատուր Քոքոբելյան

Օգոստոս 11,2014 19:22

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Արմնյուզին» տված հարցազրույցում խոսելով ռուսաստանաբնակ գործարար Լեւոն Հայրապետյանի ձերբակալման մասին՝  ասել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ հանդիպման ընթացքում քննարկել են նաեւ այդ հարցը: Նրա խոսքերով՝ «Ռուսաստանի նախագահը խոստացավ ուսումնասիրել այդ խնդիրը: Նա տեղյակ չէր ոչ քրեական գործից, եւ ոչ էլ ճանաչում էր Լեւոն Հայրապետյանին, գոնե՝ անուն-ազգանունով»:

Aravot.am-ը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանից հետաքրքրվեց՝ Դուք սա հնարավոր համարո՞ւմ եք, որ Պուտինը չճանաչեր Լեւոն Հայրապետյանին՝ հաշվի առնելով, որ Լեւոն Հայրապետյանը բավականին հայտնի եւ խոշոր գործարար է՝ ողջ Ռուսաստանի մակարդակով: Պարոն Քոքոբելյանը պատասխանեց. «Թե՛ միջազգային լրատվամիջոցների և թե’ տեղական թերթերի արձագանքից, թե տարբեր հայտարարություններից ակնհայտ է դառնում, որ առնվազն տարածաշրջանում չկա որեւէ շատ թե քիչ անցուդարձին տեղյակ մարդ, որը չի ճանաչում Լեւոն Հայրապետյանին: Այդ առումով անշուշտ, չափազանց կասկածելի է, թե ինչպե՞ս կարող էր Պուտինը չճանաչեր Լեւոն Հայրապետյանին: Այդտեղ էլ է երեւում այդ հարաբերությունների ոչ անկեղծ լինելու ձեւաչափը»:

Սերժ Սարգսյանը նաեւ այդ հարցազրույցում կոչ էր արել ընդդիմադիրներին, որ զուսպ լինեն այս լարված իրավիճակում իրենց քննադատելիս: Նրա խոսքերով՝ «երբ սահմաններին կոնֆլիկտների թիվը ավելանում է, հակառակորդին ոգեւորելը լավ բան չէ»:

Մեր հարցին՝ այս կոչն ինչքանո՞վ է ընդունելի Ձեզ համար՝ Խաչատուր Քոքոբելյանը պատասխանեց. «Կա մի ակնհայտ իրողություն`մենք ապրում ենք 21-րդ դարում եւ ամեն ինչ տեսանելի է բոլորին` թե լավը, թե վատը, եւ ՀՀ թուլացման թիվ մեկ պատասխանատուն իշխանավորներն են: Ընդդիմադիրները, անգամ մեծ ցանկության դեպքում չէին կարող այդքան վնաս հասցնել մեր պետության ամրությանն (պետականության հիմքերին) ու մեր տնտեսությանը: Ակնհայտ փաստ է, որ այսօր Հայաստանում տիրող տնտեսական, քաղաքական իրավիճակը չի նպաստում Հայաստանի մարտունակության բարձրացմանը: Յուրաքանչյուր քաղաքական գործիչ՝ իշխանավոր, թե ընդդիմադիր, պետք է իրեն պատասխանատու զգա: Բայց ցանկացած իշխանավոր՝ սկսած նախագահից վերջացրած ամենահասարակ չինովնիկով պետք է գիտակցեն, որ Հայաստանի այսօրվա իրավիճակի թիվ մեկ պատասխանատուն  իրենք են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031