Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պուտինի այդ բեմականացումը կազմակերպելու համար, ցավոք, մարդկային զոհեր ունեցանք». Խաչատուր Քոքոբելյան

Օգոստոս 11,2014 19:01

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ադրբեջանի եւ ՌԴ նախագահների հետ եռակողմ հանդիպումից հետո «Արմնյուզին» տված հարցազրույցում ասել  էր, որ ադրբեջանցիները շատ լավ գիտեն, որ մենք ունենք բալիստիկ հրթիռներ, որոնց գործողության շառավիղը 300 կմ-ից ավելի է, եւ որոնք շատ կարճ ժամանակում ցանկացած ծաղկուն բնակավայր կարող են վերածել այնպիսի ավերակների, ինչպիսին հիմա Աղդամի ավերակներն են: Ընտրության հարց է: Եթե այդ մարդիկ «իրենց գլխից ձեռք են քաշել», եթե նրանք որոշել են, որ պետք է գնալ ռազմական լայնածավալ գործողությունների, ապա թող իրենք իրենց պատասխանատվության մասին մտածեն»:

Aravot.am-ի հետ զրույցում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը որոշ գնահատականներ տվեց Սերժ Սարգսյանի այս եւ այլ հայտարարություններին՝ հանդիպման շրջանակներում: Մեր հարցին, թե պատերազմական այս լարված իրավիճակում ՀՀ նախագահի կողմից ինչքանո՞վ էր տեղին ադրբեջանական բնակավայրերն ավերակների վերածելու մասին այս հայտարարությունը՝ պարոն Քոքոբելյանը պատասխանեց. «Առաջին հերթին Սերժ Սարգսյանը, Պուտինի հետ հանդիպման ժամանակ պետք է բարձրացներ ՌԴ-ի կողմից մինչ օրս էլ շարունակվող հարձակողական տիպի ռազմական տեխնիկայի վաճառքի հարցը: Ի դեպ, անգամ այդ հանդիպումների օրերին ռուսական մամուլը գրեց Ադրբեջանին զենքի նոր խմբաքանակի մատակարարման մասին: Մեր իշխանությունները, ի դեմս Սերժ Սարգսյանի, վաղուց պետք է պահանջած լինեին Վլադիմիր Պուտինից պարզաբանումներ այդ խնդրի վերաբերյալ: Հանրությունը պետք է դրա ականատեսը դառնար: Այդտեղ նաեւ միջազգային հանրության ակնհայտ թերացումը կար, հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների, որոնք բավարար ջանք չգործադրեցին, որպեսզի կարողանան ՌԴ-ի եւ Բելառուսի կողմից Ադրբեջանին զինելու գործընթացը դադարեցնել: Այդ կարգի զինատեսակներով զինելով մեր ռազմատենչ հակառակորդին՝ ակնհայտ էր, որ դա չի նպաստում խաղաղությանը, այլ գործում է ճիշտ հակառակը: Թե մենք ինչպիսի  ռազմատեխնիկա ունենք, որ կարող ենք Ադրբեջանի ցանկացած կետ ոչնչացնել՝ ասելու կարիք չկար: Երկու կողմն էլ շատ լավ գիտի, թե որ կողմն ինչ զինատեսակներ է կրում: Իհարկե, ես չեմ համարում, որ վտանգն անցած է, բայց միակ երաշխիքը, որ պատերազմ չի սկսվելու այս պահին ՀՀ բանակի մարտունակությունն է, մեր ժողովրդի կամքի դրսեւորումն է իր հայրենիք պաշտպանության համար: Մենք եւս մեկ անգամ ականատես եղանք, որ աշխարհաքաղաքական այս մրցապայքարում  պաշտպանված է այն երկիրը, որն ի վիճակի է պաշտպանել ինքն իրեն: Մենք եւս մեկ անգամ համոզվեցինք, որ Հայաստանի եւ Ղարաբաղի անվտանգության երաշխավորը հայկական բանակն է եւ ՀՀ-ն, այլ ոչ թե որեւէ գերտերություն: Կարծում եմ, նախագահը չէ, որ պիտի ասեր, թե մենք ինչ տիպի զինատեսակ ունենք»:

Մեր հարցին՝ այդ հանդիպումները Պուտինի եւ Ալիեւի հետ ի՞նչ արդյունք կտան՝ հաշվի առնելով, որ երկու կողմն էլ որեւէ նոր բան չեն ասել, իրենց հիմնական դիրքորոշումներն են հայտնել՝ պարոն Քոքոբելյանը պատասխանեց. «Կա մի շատ ակնհայտ իրողություն, հաշվի առնելով այսօրվա միջազգային հարթակում տեղի ունեցող իրադարձությունները, որն Ուկրաինական ճգնաժամի պատճառով է առաջացել, և որը ոչ մի պարագայում ձեռնտու չի Հայաստանին՝ նկատի ունեմ Ռուսաստանին ուղղված պատժամիջոցները: Այդ համատեքստում ՌԴ-ին, հատկապես Պուտինին անհրաժեշտ էր օր առաջ միջազգային  հանրությանը ցույց տալ իր ահռելի մեծ ազդեցությունը Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանությունների վրա, ուստի կազմակերպվեց այդ հանդիպումը: Դա կարծես յուրօրինակ մի մեսիջ էր աշխարհին, որ ինքը տիրապետում է Կովկասի իրավիճակին եւ այս տարածաշրջանում իր ազդեցությունն ավելի մեծ է, քան այլ երկրների: Ռուսաստանի կողմից այդպիսի բեմականացում կազմակերպելու համար, ցավոք, մարդկային զոհեր ունեցանք: Այդ հանդիպումը առավել անհրաժեշտ էր Պուտինին, քան մյուս երկու կողմին: Իհարկե, Հայաստանի համար նույնպես կարեւոր էր, որովհետեւ մենք կողմնակից ենք եղել բանակցությունների միջոցով խնդրի լուծմանը: Չեմ կարծում, որ կա մեկը, որը կասկածում է, որ Հայաստանին ձեռնտու է պատերազմը: Հայաստանին ձեռնտու է օր առաջ միջազգային հանրության կողմից ԼՂՀ-ում ապրող ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը: Սահմանում այդ լարված իրավիճակի թիվ մեկ պատճառը Ռուսաստանի վարած քաղաքականությունն է տարածաշրջանում, ինչու ոչ նաև միջազգային հանրության պասիվ դիրքորոշումը,  որից էլ տվյալ պարագայում փորձում է օգտվել Ադրբեջանը»:

Անդրադառնալով ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներին, իր հարցազրույցում Սերժ Սարգսյանն ասել էր, որ ընդամենը վարկած է, որ դա կարող է վատ անդրադառնալ Հայաստանի վրա. « Մի կողմից ասում ենք, որ պատժամիջոցներ են կիրառվել Ռուսաստանի դեմ, և սա կարող է Ռուսաստանի տնտեսությանը վնասել, բայց մոռանում ենք ասել, որ Ռուսաստանն էլ պատժամիջոցներ է կիրառել այլ երկրների դեմ: Նշանակում է՝ ռուսաստանյան շուկայում շատ մեծ հնարավորություններ են բացվել մեր գյուղատնտեսական մթերքներ արտադրողների համար: Խնդրեմ՝ կոմպենսացնենք»:
Ըստ Խաչատուր Քոքոբելյանի՝ «Այս օրերին տարբեր շրջանակներից նման մոտեցումներ շատ են հնչում, սակայն այդքան մակերեսային այդ խնդիրներին չի կարելի մոտենալ եւ մտածել, որ Հայաստանը կարող է թարմ գյուղմթերքներ իրացնել ռուսական շուկայում: Այսօրվա աշխարհում չափազանց ակնհայտ է ՌԴ-ի նկատմամբ միջազգային հանրության ոչ բարյացակամ վերաբերմունքը, ինչից էլ կարելի է հասկանալ, որ ՌԴ-ի վարած քաղաքականությունը պաշտպանող ցանկացած երկիր նույնպես ունենալու է առնվազն լրջագույն  խնդիրներ»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031