Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Զորիկյան. «Սարգսյան-Ալիեւ հանդիպման մասին միայն կցկտուր տեղեկություններ կան»

Օգոստոս 11,2014 17:49

Aravot.am-ը երգիչ, երգահան, ակտիվ քաղաքացի Էդուարդ Զորիկյանից հետաքրքրվեց՝ իր կարծիքով՝ ինչո՞ւ են մարդիկ այսօր ավելի հայրենասեր Ֆեյսբուքում, քան իրական կյանքում:

«Ֆեյսբուք սոցիալական ցանցն ինչ-որ տեղ նաև ինֆորմացիոն ցանցի դեր է կատարում, ուր մարդիկ միմյանց հետ լուրեր են կիսում, քննարկում, քննադատում, կոչերով հանդես գալիս: Սահմանին վերջին իրադարձությունների հետ կապված, մարդկանց հիմնական քննարկումների թեման մեր ընդհանուր անվտանգությունն էր: Հենց այստեղից է գալիս ձեր նշած հայրենասիրական ալիքը:

Չեմ կարծում, որ հայրենասիրությունը տեղափոխվել է վիրտուալ դաշտ, ուղղակի Ֆեյսբուքն այս առումով անմիջական շփումների դաշտ է և իրադարձությունների ցանկացած սրում բերում է բուռն քննարկումների»,-պատասխանեց մեր զրուցակիցը: Բնականաբար հարցրինք, թե ինչ է մտածում՝ Սարգսյան-Ալիեւ հանդիպման մասին, թեմա, որ ամենաշատ քննարկվածներից է:

«Ցավոք, այդ հանդիպմանը վերաբերող կցկտուր տեղեկատվության հիման վրա հնարավոր չէ որևէ կոնկրետ եզրակացություն անել: Կարծում եմ, որ հիմնական մեսիջ կարելի է համարել Պուտինի խոսքն այն մասին, որ Ղարաբաղի հարցը Խորհրդային Միությունից մեզ բաժին հասած ժառանգություն է, բայց թե ի՞նչ էր դրանով ակնարկում ՌԴ նախագահը, դժվար է ասել»:

Այն հարցին, թե նման իրավիճակում, երբ փաստացի պատերազմի մեջ ենք, որտե՞ղ է մշակույթի մարդու տեղը՝ սահմանի՞ն, թե՞ արվեստում, Էդուարդ Զորիկյանը պատասխանում է. «Քանի իրավիճակը վերահսկելի է՝ ամեն մարդ իր գործով պիտի զբաղվի: Ազատամարտիկներն այսօր սահմանին զինծառայողների կողքին են կանգնած և իրենց ներկայությամբ ոգեշնչում են մեր տղաներին: Կարծում եմ, որ այս առումով անելիք ունեն նաև մշակույթի մարդիկ: Ինչ վերաբերում է ինձ, ասեմ, որ 90-ականներին ընկերներիս հետ Ղարաբաղում, բլինդաժներում ու խրամատներում ելույթներ էինք ունենում: Նույնը այսօր ենք անելու»:

Արվեստագետի ձեւակերպմամբ, ՀՀ նախագահի խորհրդականներն այսօր, առավել քան երբևէ, պիտի ունկնդիր լինեն ժողովրդի ձայնին.«Իմ կարծիքով, հավաքական միտքը նման սրված, բարդ իրավիճակներում ավելի ճկուն է դառնում և բոլորիս հուզող հարցերին առավելագույնս ճիշտ լուծումներ է առաջարկում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031