Այսօր բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն իր պաշտոնավարման 100 օրն ամփոփեց «Խոսրովի անտառ» պետական արգելոցում: Նախարարն, անտառում ասուլիսն անցկացնելու իր մտահղացումը բացատրեց խնդիրներին ավելի մոտիկից ծանոթանալու ցանկությամբ:
Արգելոցը չի ոռոգվում, այստեղ չորացած ծառերը չեն հատվում, բուսականությունն էլ, որ հիվանդանում է՝ չեն բուժում. արգելոցի մասին օրենքն է այդպես պահանջում. «Մարդու միջամտությունն արգելոցում՝ բացառվում է»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է արգելոցի տնօրեն Հրաչյա Հովակիմյանը: Մեր հարցին, թե հրդեհների դեպքում է՞լ չեք միջամտում, արգելոցի տնօրենն ասաց՝ հրշեջ մեքենան կանգնած է, եթե միջադեպ է լինում, արագ արձագանքում է:
Բնապահպանության նախարարն ասաց, որ շատացել են գայլերն ու շնագայլերը, որոնք մարդկանց բնակավայրեր են իջնում եւ ընտանի կենդանիներին ոչնչացնում: Սա, ըստ նախարարի, գուցեեւ, կերի պակասից է: Արգելոցում, լրագրողների հետ շրջայցի ժամանակ, արգելոցի տնօրենն ասաց, որ արդեն 13 ձի ունեն, որոնք ծառայում են էկոտուրիզմի համար:
Տեղեկացանք, որ գայլերը հասցրել են այս ձիերի քուռակներին էլ հոշոտել, սակայն գայլերի «խաթրին» արգելոցում որեւէ մեկն իրավունք չունի կպնի:
Կարդացեք նաև
Արամայիս Գրիգորյանը հայտնեց, որ այս 3 ամիսների ընթացքում ծանոթացել է բնապահպանական մի շարք խնդիրների: Ըստ նախարարի, Սեւանա լճի ջրի մակարդակի բարձրացման հետեւանքով ջրածածկման ենթակա 35 հեկտար տարածք է մաքրվել:
Անդրադառնալով Սեւանա լճից 270 միլիոն խմ լրացուցիչ ջուր վերցնելու կառավարության որոշմանը, պարոն Գրիգորյանն ասաց, որ արդեն 130 խմ-ն բաց է թողնվել եւ նախորդ տարվա համեմատությամբ, արդեն 9 սմ-ով ջրի մակարդակն իջել է: Արամայիս Գրիգորյանի խոսքերով, ոռոգման սեզոնը երբ կավարտվի, լճի մակարդակը կսկսեն բարձրացնել: Լճում ձկան պաշարները համալրելու համար էլ մանրաձուկ են բաց թողնելու: Չնայած նրան, որ նախարարության այս նախաձեռնությանը դեմ են մի շարք գիտնականներ, սակայն Արամայիս Գրիգորյանը գտնում է, որ ծրագիրն արդյունավետ է, քանի որ Սեւանում արդեն ձկնապաշարների՝ մասնավորապես՝ իշխանի պաշարներն ավելացել է: Փոխարենը չի պակասել ձկնագողությունը:
Բնապահպանության նախարարը բնապահպանական ուղղվածության մի շարք հասարակական կազմակերպությունների հետ է հանդիպել, ինչի արդյունքում նախարարին կից խորհուրդ է գործելու: Նախարարը խոստացավ, որ բնապահպանության ոլորտին առնչվող կարեւոր որոշումներ կայացնելիս, այսուհետ նաեւ գիտնականների մասնագիտական կարծիքն են հաշվի առնելու:
Արարատի եւ Արմավիրի տարածաշրջանում, որտեղ նախատեսվածից ավելի շատ ջուր են օգտագործել, մասնավորապես ձկնաբուծարաններն աշխատեցնելու նպատակով, նախարարի հավաստմամբ, տասնյակ հորեր արդեն կոնսերվացվել են, այսինքն՝ փակվել են:
Նախարարությունը ծրագրում է ձկնաբուծարանների աշխատանքը վերահսկելի դարձնելու համար այս տարածաշրջանում ավտոմատ համակարգ ներդնել, որպեսզի կարողանան մեկ կետից կառավարել:
Արամայիս Գրիգորյանն ասաց, որ նախատեսում են կենդանիների վերարտադրության կենտրոն հիմնել, որտեղ «կվերարտադրեն» ոչնչացող ու «Կարմիր գրքում» գրանցված կենդանիներին ու բաց կթողնեն անտառ:
Ըստ նախարարի, բնության 27 հուշարձան արդեն անձնագիր է ստացել, 200 հուշարձան էլ շուտով կստանա: Արամայիս Գրիգորյանը խոստովանեց, որ փոքր
ՀԷԿ-երի հետ կապված՝ բարձիթողի վիճակ է, քանի որ ՀԷԿ-երի սեփականատերերը չարաշահում են բնապահպանական թողքերը, այսինքն՝ նախատեսվածից ավելի ջուր են վերցնում, ինչը հանգեցնում է շրջակա միջավայրում սակավաջրության: Նախարարն ասաց, որ այս հարցով հետեւողական են լինելու եւ իրենց լիազորությունները չարաշահած ՀԷԿ-երի սեփականատերերին տույժ տուգանքների են ենթարկելու. «Մենք փորձելու ենք, այսուհետ, այնպիսի ՀԷԿ-ների, որոնք ռիսկ են պարունակում, թույլտվություններ չտալ»:
Արամայիս Գրիգորյանն այցելել է հանքարդյունաբերական տարածքներ եւ արձանագրել, որ ոչ մի պոչամբարում անվտանգության գոտիները պահպանված չեն եւ կենդանիները ազատ ելումուտ ունեն թունավոր նյութերով պոչհանքերը:
«Հետեւողական ենք լինելու, որ այսուհետ հանքարդյունահանողը նախեւառաջ իր գումարներն ուղղի համայնքի խնդիրներին: Երբ համայնքներում բնակիչների հետ էինք հանդիպում դժգոհում էին, որ հանքարդյունահանողը համայնքի որեւէ խնդիր չի լուծում»,-ասաց պարոն Գրիգորյանը
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ