Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքական երկու ուժեղագույն ընդդիմադիր կուսակցությունները միասին չկարողացան հաղթել Էրդողանին

Օգոստոս 11,2014 17:24

Այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում թուրքագետ Հակոբ Չաքրյանը, անդրադառնալով Թուրքիայում նախորդ օրը կայացած նախագահական ընտրություններին, նկատեց, որ ինչպես եւ սպասվում էր՝ հաղթեց Թուրքիայի «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ղեկավար, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Պարոն Չաքրյանը նկատեց, որ իր կանխատեսումներում՝ Էրդողանը կհաղթի առաջին իսկ փուլում, միայն մի փոքր սխալվել էր՝ ասելով, որ Էրդողանը 60% ձայն կհավաքի, սակայն վերջինս հաղթեց ընդամենը 51,7% ձայների հարաբերակցությամբ:

Երկրորդ տեղը գրավեց թուրքական երկու ամենամեծ ընդդիմադիր՝ «Ժողովրդա-հանրապետական» եւ «Ազգայնական շարժում» կուսակցությունների կողմից համատեղ առաջադրված իսլամիստ Էքմելեդին Իսհանօղլուն՝ հավաքելով ձայների 38,4%-ը: Ընդ որում, նրան պաշտպանում էին ոչ միայն այդ երկու, այլեւ եւս տաս ընդդիմադիր կուսակցություններ:

Թուրքագետի ներկայացմամբ՝ Իսհանօղլուն մոլեգին մահմեդական է, սակայն թուրք հասարակությանը քիչ է ծանոթ, քանի որ ծնվել-մեծացել է Եգիպտոսում, ավելին, Թուրքիայի մասին բավարար գիտելիքներ չունի, անգամ թուրքական հիմնին ծանոթ չէր, ինչը նախընտրական շրջանում դարձել էր ծաղրի առարկա: Չաքրյանի խոսքերով՝ վերը նշված երկու ընդդիմադիր կուսակցություններն իրար հետ 44% ձայն ունեն խորհրդարանում, սակայն նրանց միասնական թեկնածուն ավելի քիչ ձայն հավաքեց, ինչը նշանակում է, որ սխալ ընտրություն էին արել:

«Առավոտի» հարցին, իսկ եթե այդ կուսակցություններն իրենց ղեկավարներին առաջադրեին, ավելի լա՞վ արդյունք կունենային, պարոն Չաքրյանը պատասխանեց, որ՝ դժվար թե, որովհետեւ այդ պարագայում նրանք մեկը մյուսի դեմ դուրս կգային, եւ յուրաքանչյուրը մյուսի դեմ կմիանար Էրդողանին: «Այսպես թե այնպես՝ Էրդողանի ընտրվելու շանսերը ամենամեծն էին»,-նկատեց թուրքագետը, ասելով, որ Էրդողանին, այնուամենայնիվ, ժողովուրդը սիրում է: Նա հիշեցրեց, որ Էրդողանի համար ցույցերին հավաքվում էր 1,5 մլն մարդ, ինչը հսկայական թիվ է:

Երրորդ տեղում՝ ձայների 9,7%-ով հայտնվել է ազգությամբ քուրդ, քրդական ամենամեծ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության ղեկավար Սալահեդդին Դեմիրթաշը: Ըստ Չաքրյանի՝ սա խնդրահարույց թիվ է, քանի որ եկող տարի Թուրքիայում սպասվում են խորհրդարանական ընտրություններ, որի անցողիկ շեմը 10%-ն է, իսկ քրդերը կազմում են Թուրքիայի բնակչության մոտ մեկ քառորդը, սակայն նրանց թեկնածուն անգամ 10% ձայն չի ստացել նախագահական ընտրություններում:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031