Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ական պատգամավոր. «Վաղը պնդելու են, թե Գորիսից այն կողմ դրեք սահման» (Տեսանյութ)

Օգոստոս 11,2014 17:20

«Հայաստանը միշտ էլ պետք է Ռուսաստանին, ինչպես նաև ցանկացած երկրի: Ուղղակի մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ են, մենք Ռուսաստանի հետ ունենք ռազմավարական պայմանագիր, որը շատ կարևոր է, և մեր իշխանությունները երբեմն մոռանում են այդ պայմանագրի մասին»,-Aravot.am-ի հարցին՝ այն, որ Հայաստանի Եվրասիական տնտեսական միություն մուտք գործելու գործընթացները կրկին արագացել են, արդյոք չի՞ նշանակում, որ Ռուսաստանը կրկին ցանկանում է օգտագործել Հայաստանին, այսպես պատասխանեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի կառավարության նիստի օրակարգում օրեր առաջ ընդգրկված էր առաջարկը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ստորագրելու Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու համաձայնագիրը:

Ըստ ԲՀԿ-ական պատգամավորի՝ հապշտապությունը Հայաստանն է առաջացրել: Նա հիշեցրեց. «Սկզբում ասում էինք եկեք սեպտեմբերի 3-ին, հետո չեղավ, եկեք 15-ին: Նրանք էլ բավարարել են»:

Մեր դիտարկմանը՝ Հայաստանի Եվրասիական տնտեսական միություն (ԵՏՄ) մուտքի գործընթացները մի պահ դանդաղել էին, ինչո՞ւ հիմա հանկարծ նոր թափ առան, պարոն Մարգարյանն արձագանքեց. «Ինչքան գիտեմ՝ հրապարակային փաստաթուղթ գոյություն չունի էլ: Երբ սեպտեմբերի 3-ին հայտարարեցինք, որ միանում ենք Մաքսային միությանը, այն ժամանակ ոչինչ հայտնի չէր, բայց հայտարարեցինք, որ միանում ենք: Հիմա ինչ-որ բաներ կան»:

Մեր հարցին՝ եթե փաստաթուղթն արդեն ներկայացվելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, բայց դեռ կնճռոտ հարցերը՝ կապված Արցախի սահմանին մաքսակետի տեղադրման, մի շարք ապրանքատեսակների գների հետ կապված այդպես էլ չեն հստակեցվել, արդյոք մտավախություն չկա՞, որ մի փաստաթուղթ մեզ կպարտադրվի ստորագրել, որով սահմանվում է, որ Արցախի հետ սահմանին մաքսակետ դնելու պարագայում է Հայաստանը մուտք գործում Եվրասիական տնտեսական միություն, պարոն Մարգարյանը պատասխանեց. «Ուրիշ բան, եթե Արցախի հարցը չշեշտվեր, ոչ ոք էլ չէր շեշտի, որ Արցախը մտնելու էր: Բայց երբ ասում են, թե առանց դրան, դա նշանակում է, որ վաղը պնդելու են, թե Գորիսից այն կողմ դրեք սահման: Մեր մաքսային սահմանը դա է: Սա ինձ անհանգստացնում է: Սա այն հարցն է, որի դեպքում մենք շատ մեծ դիմադրություն պիտի ցույց տայինք, բայց դա չեղավ: Երեկ է եղել հայտարարությունը, որ խոսել են Արցախի մասին, տեսնենք՝ ինչ է լինում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031