Այսօր Վերաքննիչ դատարանը բավարարեց «Հրապարակ» օրաթերթի եւ ilur.am-ի՝ տեղեկատվության աղբյուրը բացահայտելու գործը դռնբաց քննելու փաստաբանների միջնորդությունը:
Հիշեցնենք, որ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշել էր լրատվամիջոցներին պարտավորեցնել բացահայտել տեղեկատվության աղբյուրը: Խոսքը վերաբերում է «Շիրակի մարզի ոստիկանապետը հարձակվել է հայտնի ըմբիշի վրա» նյութին:
Օրաթերթի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը նիստի ավարտից հետո ասաց, որ իրենց համար էլ է անակնկալ եղել նիստի դռնփակ լինելու հանգամանքը. «Դատարանից պահանջեցինք իրավական հիմքերը, դատարանը ներկայացրեց վարույթ ընդունելու որոշում, որտեղ դռնփակ դատական նիստ անցկացնելու որոշում էր կայացրել:
Միջնորդեցինք՝ փոխել իր որոշումը՝ ներկայացնելով սահմանադրաիրավական հիմքերը դռնփակ անցկացնելու որոշման վերաբերյալ, բայց դատարանը մերժեց մեր միջնորդությունը, այսօր մեզ համար անակնկալ ձեւով դատարանը գտավ, որ պետք է անցնի դռնբաց դատական նիստի»:
Կարդացեք նաև
Պարոն Զեյնալյանը նաեւ ասաց, որ դռնփակ դատական նիստ անցկացնելու դատարանի որոշումը իրենք վիճարկում էին նաեւ Վճռաբեկ դատարանում:
Լրատվամիջոցներին տեղեկատվության աղբյուրը բացահայտելու հարցում պարտավորեցնելու վերաբերյալ դատարանի որոշումը պարոն Զեյնալյանը համարում է վատ նախադեպ, պաշտոնյաներին լռեցնելու փորձ. «Սա նպատակ է հետապնդում վատ նախադեպ, ավանդույթ ստեղծել, որ օրինական հիմքի բացակայության պայմաններում միջնորդություններով հանդես գան եւ ստանան տեղեկատվության աղբյուրը: Նպատակն է պետական պաշտոնատար անձանց դնել զսպաշապիկի մեջ, որ պետական պաշտոնյաների մասին տեղեկատվությունը լրատվամիջոցներին չտրամադրեն»:
Այսօր դատախազությունը գործի վերաբերյալ նոր նյութեր է ներկայացրել դատարան, որոնք չէր ներկայացրել առաջին ատյանի դատարան: Պարոն Զեյնալյանի խոսքով, իրենք միջնորդել են ծանոթանալ այդ նյութերին, ինչի համար էլ հետաձգվել է դատական նիստը. «Սա ավանդույթի շարունակությունն է, ըստ որի նախաքննության եւ առաջին ատյանի դատարանի սխալները ուղղվում են Վերաքննիչ դատարանում: Բացահայտում են խաղաքարտերը պաշտպանող կողմին»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ