Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Մեհրաբյան. «Ռուսաստանն ու Ադրբեջանը հակված են չեզոքացնելու Մինսկի խմբի ձեւաչափը»

Օգոստոս 11,2014 17:05

«Երեք նախագահների հայտարարությունները ցույց են տալիս, որ ե’ ւ Ռուսաստանը, ե’ւ Ադրբեջանը հակված են չեզոքացնելու Մինսկի խմբի ձեւաչափը»,- այսօր` օգոստոսի 11-ին, «Պոստ սկրիպտում» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Նա նշեց, որ Հայաստանը շահագրգռված է ոչ միայն, որ այդ ձեւաչափը պահպանվի, այլ նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համաձայնեցված առաջարկների հիման վրա հարցը լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, որն էլ երեկ ասաց Սերժ Սարգսյանը:

Պարոն Մեհրաբյանը ուշագրավ է համարում, որ երեկ Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից ոչ ոք ներկա չէր.

«Իսկ Իլհամ Ալիեւը հղում կատարեց ՄԱԿ-ի 1993 թվականի բանաձեւերին, մեղադրելով Հայաստանին, որ Հայաստանը չի կատարել Անվտանգության խորհրդի բանաձեւերից եւ ոչ մեկը: Եվ այստեղ, կարծում եմ, Սերժ Սարգսյանը տեղին հակադարձեց նրան, որ այդ ժամանակ որոշումներից իրենց մասով ի՞նչ են կատարել այն դեպքում, երբ որ Հայաստանն օգտագործեց իր ազդեցությունը Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի վրա եւ հասավ նրան, որ կրակը դադարեցվեց 1994 թվականին: Այդ մասով Հայաստանը, այո’, իր անելիքը կատարել է, ինչը չի կարելի ասել Ադրբեջանի մասին. Ադրբեջանը խոսում է այդ բանաձեւերի այն մասով, որն իր դուրը գալիս է»:

Ռուբեն Մեհրաբյանը կարծում է, որ բանակցությունների ընթացքում միակ դրական բանն այն էր, որ երկու կողմերն էլ կողմ են հարցի խաղաղ կարգավորման: Սակայն նա համարում է, որ դա այն արդյունքն էր, որի համար արժեր կազմակերպել եռակողմ հանդիպումը.

«Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը չունի այն ներուժը, որ հարցին տա արմատական լուծում: Խոսվում է խաղաղարարներ մտցնելու ռուսական ձգտումների մասին, հաշվի առնելով կոնֆլիկտի տարածքի չափերը, հաշվի առնելով Ռուսաստանի զբաղվածության աստիճանը Ուկրաինայում, հաշվի առնելով, որ Ռուսաստանն այսօր պատժամիջոցների ծանր բեռի տակ է, որն ավելի է ծանրանալու, ես կասկած չունեմ, Ռուսաստանն այսօր չունի պոտենցիալ, որ իրեն թույլ կտա խաղաղարարներ տեղակայել ղարաբաղյան խնդրի գոտում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031