Քիմպրոմցիները մինչեւ օգոստոսի 10-ը խոստացված մեկ ամսվա աշխատավարձը դեռ չեն ստացել: Այդ մասին Aravot.am-ը տեղեկացավ «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի ամոնիակի սինթեզի արտադրամասում հերթափոխի պետ Հրաչիկ Մարտիրոսյանից:
Գործարանի աշխատողները խնդրով այսօր դիմել են ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին, ով եւ զանգահարել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախկին նախարար, ՀՀ նախագահի խորհրդական Արմեն Մովսիսյանին:
«Աշխատավարձ դեռ չենք ստացել, այսօր դիմել ենք մարզպետին, զանգել է Արմեն Մովսիսյանին, վերջինս խնդրել է երկու օր ժամանակ մեզնից, որ մենք քայլեր չձեռնարկենք, եւ խնդրել է առայժմ վարչապետին չանհանգստացնենք, այդ ընթացքում խոստացել է մեկ ամսվա աշխատավարձ վճարել»,-մեզ հետ զրույցում ասաց Հրաչիկ Մարտիրոսյանը:
Քիմպրոմցիները հայտնում են, որ գործարանի աշխատողների գրեթե կեսը, այսինքն` մոտավորապես 250 հոգի, իսկ ՋԷԿ-ում մոտավորապես 80 հոգի 129 հաստիքային աշխատողից, այսինքն, ավելի, քան 300 հոգի, դեռևս հունվարից գտնվում են հարկադիր պարապուրդում` 2/3 աշխատավարձով: Ընդհանուր առմամբ, աշխատակիցներն արդեն 10 ամիս է, ինչ աշխատավարձ չեն ստացել :
Կարդացեք նաև
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ